Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխայի մահվան պատճառ դարձած վերելակը դռներ չի ունեցել (Տեսանյութ)

Հունիս 05,2015 12:28

Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 59 տան վերելակը, որը երեկ 5-ամյա երեխայի մահվան պատճառ է դարձել, տեխնիկական պարտադիր փորձաքննության ենթակա օբյեկտներից չէ: Այսօր այս մասին ասաց տարածքային կառավարման  եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական  անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների,  ճոպանուղիների, կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ նշված հասցեի վերելակը դռներ չի ունեցել, աշխատել է առանց դռների, երեխան մնացել է 2-3-րդ  հարկերի մետաղական կոնստրուկցիաների արանքում:

Ըստ Լ. Հովհաննիսյանի՝ այդ վերելակը  հնարավոր  է օգտագործվել է որպես բեռնատար: Բաժնի պետի խոսքերով՝ այն վերելակները, որոնք տեղադրվում են անհատական տներում եւ հանրային օգտագործման չեն, չեն համարվում վտանգավոր օբյեկտներ: Այսինքն, ըստ մասնագետի՝ տվյալ վերելակը որպես արտադրական վտանգավոր օբյեկտ  գրանցված չի եղել համապատասխան ռեեստրում եւ ստուգման ենթակա չէր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե քանի՞ վերելակ կա, որոնք իրենց ստուգել են եւ համարում են, որ դրանք վտանգավոր են շահագործման համար, տիկին Հովհաննիսյանն ասաց, որ Երեւան քաղաքում 2015թ. 49 վերելակ իրենից տեխնածին վտանգ է առաջացնում, պատճառները տարբեր են:

Ինչ վերաբերում է ընդհանրապես բազմաբնակարան շենքերի եւ հանրային օբյեկտներում վերելակների տեղադրման թույլտվությանը, տիկին Հովհաննիսյանն ասաց, որ դա քաղաքաշինության նախարարության լիազորությունն է: Նրա խոսքերով՝ «Հիմնականում այդ վերելակները 25 տարվա շահագործման իրավունք ունեն»:

Բաժնի պետը վստահեցրեց, որ իրենց հսկողության տակ գտնվող վերելակները պարբերաբար վերանորոգվում են: Հովհաննիսյանի խոսքերով՝ եթե վերելակը 25 տարեկան է, չի նշանակում, թե այն պետք է շահագործումից հանել, քանի որ դրանց թերությունները շտկվում են, փոխվում են համապատասխան սարքավորումներ:

Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ այսօր իրենք ունեն տեխնիկական մասնագետների կարիք, վերելակների ճիշտ զննման եւ կառավարման խնդիր. «Տեխնիկական մասնագետները հիմնականում 60-70 տարեկան են, երիտասարդներ գրեթե չկան»:

Լ. Հովհաննիսյանը բնակիչներին էլ մեղադրեց, որ վերելակները անփույթ են օգտագործում, սահմանվածից ավելի բեռներ են տեղափոխում, դռները ձեռքով սեղմած բաց պահում են ու հարեւաններով իրար հետ զրուցում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930