Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, թե այնուամենայնիվ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում կլինի:
Սակայն վստահեցրեց, որ դա ամենևին էլ պարտքի հետ կապված խնդիր չէ, ինչպես նախկինում էլ գիտեր, որ Գազպրոմի կուտակած պարտքը ամենևին պարտք չէ: Այս առիթով Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ակնհայտ է, որ մենք ունենք այս ամբողջ տարիների թալանը հիմնավորելու և դրա հիման վրա սակագին թանկացնելու իրավիճակ»:
Մեր այն դիտարկմանը՝ ի՞նչ տեխնոլոգիա է այն, հանձնաժողովին ՀԷՑ-ը ներկայացնում է 17 դրամի թանկացման սակագին, բայց հետո սկսում է շրջանառվել 7-7.5 դրամ, արդյոք սրանով իշխանությունները չե՞ն փորձում աչքակապությամբ զբաղվել հասարակության առաջ, պարոն Սաֆարյանն արձագանքեց. «Բիբինի կողմից պահանջ էր առավելագույնը ստանալ: Ուստի կատարվածը ՀՀ իշխանությունների համար սա հասարակության հոգեբանական վիճակների վրա աշխատելուն ուղղված քայլ է: Սա հայտնի հնարք է, բայց նորություն չէ և կապ չի ունենալու ուսումնասիրությունների հետ և նրա հետ, թե Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովի հայտում, որ գործոններն է հաշվի առել: Այն տպավորությունն է, որ կա որոշումը, բայց մի քիչ էլ ցույց են ուզում տալ Բիբինին, որ հասարակության ընդվզումն են հաշվի առնում: Իրականում սա թատրոն է»:
Aravot.am-ի հարցին՝ թանկացման դեպքում հնարավո՞ր է սոցիալական պայթյունի առաջ կանգնենք, քանի որ թանկացման դեմ պայքարող քաղաքացիների համար ընդունելի չէ անգամ մեկ լումա թանկացումը, պարոն Սաֆարյանը չբացառեց, որ հնարավոր է նման իրավիճակի առաջ կանգնենք ու շարունակեց. «Նկատելի է, որ պայքարողների շարքում կան ռադիկալից մինչև ամենաչափավոր դիրքորոշում ունեցողներ: Եթե շարժման ակնկալիքները չբավարարվեն այս խնդրով, մենք իսկապես կունենանք լուրջ վիճակ: Չգիտեմ, թե դա ինչքանով սոցիալական պայթյունի կբերի, բայց այն, որ շարժմանը կմղի դեպի ռադիկալացում, թերևս դա տեսանելի է: Ի նկատի ունենալով այն քաղաքական վակուումը, որ ստեղծված է քաղաքական դաշտում՝ այդ ռադիկալիզմը կարող է իր մեջ վերցնել բավականին մեծ շերտերի»:
Կարդացեք նաև
Դառնալով էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիային՝ պարոն Սաֆարյանը նկատեց, թե թեկուզ դա առաջինն էր, բայց շատ մեծ էր ու էներգետիկ:
Խնդրեցինք պարոն Սաֆարյանին մեկնաբանել նաև այն լուրերը, թե ոստիկանությունը դիմել է ԱԱԾ-ին, որ ոստիկանությունը ևս քաղաքացիների կողմից է, պարոն Սաֆարյանը նշեց. «Ասել, թե իշխանության և հասարակության շահերը չեն համընկնում, սուտ կլինի: Իշխանությունը տեսնում է, որ ռուսական ընկերություններն արդեն օրենքի են վերածում այս ամենը և երկրում կառավարելը գնալով ավելի անհնար է դառնում: Իրենք էլ գիտակցում են, որ քաղաքացիական շարժումը միանշանակ փրկում է Հայաստանը և ապահովագրում թիկունքներ: Իհարկե, նաև վախ էլ ունեն, քանի որ կախվածություն ու մեղսակցություն ունեն ամեն ինչում: Մի մտածեք, որ ոստիկաններն իրենց ներսում արդարացնում են այն, ինչ արել են: Այլ բան է, թե ինչպես են նրանք իրենց պահում հրամանի ներքո: Նրանք էլ դժվար են ապրում և ունենալու են այն դժվարությունները, ինչ մյուսները: Այնպես չէ, որ ոստիկանները հասարակությունից տարբեր են մտածում: Բայց ոստիկանությունը կպահի իրեն այնպես, ինչպես նախկինում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ