Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռմբակոծումը հենց սկսում է, երեխաներին իջեցնում ենք մառան». Հալեպի կյանքը՝ հալեպահայերի աչքերով

Հունիս 05,2015 11:43

ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանի տվյալներով, այս պահին Հալեպում 15.000 հայ է բնակվում: Նրանք ստիպված են մնալ Հալեպում, որովհետեւ պայմաններ չունեն Հալեպից հեռանալու:

Հարցին, թե տեղահանման անհրաժեշտություն կա՞, նա այսօր «Հայացք» ակումբում ասաց, որ հալեպահայերը դեմ են տեղահանությանը. «Հալեպահայերս դեմ ենք տեղահանման, չենք ուզում տեղահանվել, չենք ուզում թուրքական քաղաքականությանը հետեւել: Տեղահանումը թուրքական քաղաքականության արդյունքն է, երկրորդ, երրորդ անգամ չենք ուզում տեղահանվել: Մեր ամենահին եկեղեցիներից մեկը պայթեցվեց, որտեղ մեր արխիվներն էին գտնվում: Ահաբեկիչները գետնի տակ թունել փորելով հասել ու պայթեցրել էին»:

Հալեպի Կիլիկյան ճեմարանի տնօրեն Անի Մելքոնյան-Բոյաջյանն էլ ասաց, որ վերջին չորս տարում Հալեպն ամենաշատ վնասված գաղութն է ու դպրոցներից շատերը փակվեցին՝ աշակերտների թվաքանակը կտրուկ նվազելու պատճառով. «Մեզ ստիպեցին տեղահան լինել: Մեր ճեմարանն անընդհատ ռմբակոծվում էր ու վախեցանք, վարժարանից դուրս եկանք ու դասերը շարունակեցինք ավելի ապահով վայրում՝ մեր ակումբում: Շատ դժվարություններ կրեցինք, մինչեւ այդ ակումբը դպրոցի վերածեցինք… էլեկտրական հոսանք չունեինք, մոմերի տակ դաս էինք անում, ջերմության միջոցներ չունեինք, բայց այս բոլորին մեջ կարողացանք չորս տարի գոյատեւել, գոյապայքարի մեջ էինք, Կիլիկյան ճեմարանը Հալեպի մեջ ամենաառաջին դպրոցն էր ու պետք է պահեինք»:

Նրա խոսքով, Հալեպում մնացած ընտանիքները շատ վատ վիճակում են, ինչ ունեին վաճառել են ու քնում, արթնանում են ռմբակոծումների տակ, իսկ ռմբակոծումները ավելի են շատացել: Ով այնտեղ մնացյալ է, ստիպված է, որովհետեւ միջոց չունի դուրս գալու: Եթե պայմաններ լինեն, վստահ եմ, որ բոլորն էլ դուրս կգան: Այլեւս դիմանալու հոգի չի մնացել մարդկանց մեջ, միշտ վախի ու սարսափի մեջ են»:

Նրա խոսքով, չնայած Հալեպի վրա հարձակումներին, որոշ դպրոցներ շարունակում են աշխատանքը. «Հենց սկսում է  ռմբակոծումը, աշակերտներին իջեցնում ենք մառան, հետո զանգում ընտանիքներին, որ գան տանեն: Հալեպում հինգ կենտրոնական վարժարաններ էին աշխատում, բայց  չորս ազգային վարժարանները մեկ ազգային վարժարան դարձան, որովհետեւ աշակերտների թիվը կտրուկ նվազեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930