Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Մհերյանի սպանության գործ. փաստեր են շեղել, մեկ ուրիշի գլխին են փորձել կոտրել. «Հայկական ժամանակ»

Հունիս 05,2015 11:25

Վեց տարի առաջ սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Սպանված փոխոստիկանապետի հայրը՝ Պետրոս Մհերյանը, երեկ ասաց, որ այս նոր քրեական գործի մասին իրեն ՀՀ քննչական կոմիտեից են տեղեկացրել։ «Ես միայն գիտեմ, որ քրեական գործ են հարուցել պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Բայց թե ովքե՞ր են այդ պաշտոնատար անձինք՝ ես չգիտեմ եւ չգիտեմ՝ նրանք ձերբակալվե՞լ են, ի՞նչ կարգավիճակ ունեն։ Բայց եթե քրեական գործ է հարուցվել, ապա կապ ունեն իմ որդու սպանության հետ»,- ասաց Մհերյանը։ Նա նշեց, որ գործով զբաղվող քննիչը բավական մեծ աշխատանքներ է տանում եւ բավականին լրջորեն է վերաբերվում սպանության գործին։ «Ես մեծ ցանկություն ունեմ, որ որդուս սպանության գործով սայլը տեղից շարժվի, որդուս սպանությունը բացահայտվի։ Ես բավականին լուրջ փաստեր ունեմ, որ սայլը տեղից շարժեն։ Փորձելու եմ այնպես անել, որ անպայման այն շարժվի։ Այս փաստերը այն փաստերն են, որոնց հիմքում շատ բան կա։ Սրանք զուտ խոսքեր չեն, ես մի բան, որ ասում եմ, փաստերով եմ ասում»,- ասաց փոխոստիկանապետի հայրը։

Հարցին, թե մասնավորապես՝ ի՞նչ փաստերի մասին է խոսքը, Պետրոս Մհերյանը արձագանքեց. «Փաստը հենց նրանում է, որ որդուս սպանությունից անցել է վեց տարի, սակայն բացահայտման ուղղությամբ ոչինչ չի արվել։ Հարց է ծագում, ի սկզբանե ի՞նչ է արվել, պատասխանեմ՝ չի արվել ոչ մի գործողություն, որ բացահայտվի, իսկ թե ինչո՞ւ չի արվել՝ դա արդեն իրավապահ մարմինները պետք է ասեն, թե ինչու։ Ամեն դեպքում՝ ես ինձ համար պարզել եմ, իսկ թե իրավապահները ի՞նչ են պարզել՝ կսպասենք, կտեսնենք։ Գործով փաստեր են շեղել, մեկ ուրիշի գլխին են փորձել կոտրել։ Ես տեսանյութ եմ տվել ոստիկանություն, որտեղ պարզ երեւում է, թե ինչ է խոսվում, ինչ են արել, ոնց են արել։ Այս տեսանյութում բավականին լուրջ փաստեր կան։ Էդ մասով քննություն է տարվում, տեսնենք»:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930