Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը ՀՀ-ում չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի վերաբերյալ

Հունիս 05,2015 11:03

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության թիրախ ոլորտներից է հանդիսանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Կազմակերպությունը 2007, 2009 և 2013 թվականներին իրականացրել է մարդու իրավունքների մշտադիտարկումներ ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում, կազմել զեկույցներ, ներկայացրել առաջարկություններ համապատասխան մարմիններին: 2014 թ. Կազմակերպությունը ներկայացրել է ՀՀ կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջների կատարման վերաբերյալ այլընտրանքային զեկույց: 2014թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության 303-Ն որոշմամբ հավանության արժանացած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրով սահմանված գործողություններից մեկը վերաբերում է հոգեկան առողջության և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու հիմքերի հստակեցմանը և անգործունակության գնահատման տարբերակված չափանիշների մշակմանը:

Գործունակության ճանաչումը, անձի` որպես իրավունքի սուբյեկտ հանդես գալու կարևոր նախապայմաններից մեկն է: Գործունակության սահմանափակման կամ անգործունակ ճանաչվելու հետևանքով անձը զրկվում է հասարակության լիարժեք անդամ լինելուց: Նա` հանրային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ հանդիսանալու փոխարեն դառնում է այլոց որոշումներից կախում ունեցող` հանրային կյանքի, իրավական հարաբերությունների կարգավորման օբյեկտ: Ելնելով անձի արժանապատվության, օրենքի առջև հավասարության և մարդու  իրավունքների համընդհանուր այլ սկզբունքներից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշակել է ուսումնասիրություն և առաջարկություններ ուղղված չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի փոխարեն` անձի իրավունքների լիարժեք իրացման և այլոց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված այնպիսի ինստիտուտի ներդրմանը, որը անհամաչափ կերպով չի սահմանափակի անձի իրավունքները: Ստորև տեսեք ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի դիրքորոշումը և առաջարկությունները ՀՀ-ում չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի վերաբերյալ: Սույն դիրքորոշումը ընդգծում է անգործունակության ինստիտուտի վերացման, խոցելի վիճակում գտնվող անձի իրավունքների իրացման, օրինական շահերի պաշտպանությանը և պարտականությունների կատարմանն աջակցող մեխանիզմի ներդրման և սույն ոլորտում բարեփոխումների իրականացման համար գործողությունների ծրագրի մշակման  անհրաժեշտությունը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930