Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների վերաբնակեցման երկրորդ փուլում ընդգրկված 47 ընտանիքների հետ: Ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներն ընտրվել են դեռևս նախորդ հանդիպման ժամանակ բնակիչների կողմից բաց քվեարկությամբ ընտրված շենքի լիազոր անձի ներկայացրած ցանկի համաձայն:
Հանդիպմանը քննարկվել են վթարային շենքի երկրորդ փուլով վերաբնակեցմանն առնչվող, մասնավորապես բնակարանային հատկացումների հետ կապված հարցեր: Լսելով բարձրացվող բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները` տրվել են սպառիչ պատասխաններ:
«2013 թվականին մենք հաջողությամբ իրականացրեցինք Սիսակյան 3 շենքի բնակիչների վերաբնակեցման առաջին փուլը: Ինչպես և նշել էինք ծրագրի 3 փուլերի արդյունքում այս տարի խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Փաստաթղթային անհրաժեշտ բոլոր ձևակերպումներից և հատկացումներից հետո երկրորդ փուլի մասնակիցները հնարավորություն կունենան տեղափոխվելու նոր բնակարաններ»,-ընդգծել է Վահե Նիկոյանը:
Վերաբնակեցման հերթական փուլի իրականացման նպատակով արդեն հաջորդ հանդիպմանը կկազմակերպվի բնակարանների հարկերի ընտրության վիճակահանություն:
Երևանի քաղաքապետարան