Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Հունիս 05,2015 10:23

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ հիսունմեկերորդ

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Եվ Հովհաննեսը մի քիչ էլ մտածեց, զզվանքով նայեց Չուգունին ու հարցրեց՝ «Հրաչը քեզ որպես ի՞նչ էր Ռուսաստանից  զանգում», եւ Չուգունը բավական երկար մտածեց ու ասաց՝ «որպես ընկեր», եւ Հովհաննեսը զարմացած նայեց Չուգունին ու հարցրեց՝ «դու իրան ի՞նչ ընկեր», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընկեր չեմ՝ բա ի՞նչ եմ», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ ինչ ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ընկեր ես, ինչի՞ ես իրա մասին մենակ վատ բաներ մտածում», եւ Չուգունը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ վատ բան եմ մտածել», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու հեգնանքով Չուգունին ասաց՝ «հասկանում եմ, որ դիտմամբ չես անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հասկանում եմ, որ ինքնաբերաբար ա ստացվում», եւ Չուգունը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ինքնաբերաբար ստացվում», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դե լավ, անցած ըլնի», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու Հովհաննեսին ասաց՝ «որ մի բան ասում ես՝ մինչեւ վերջ ասա», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու Չուգունին ասաց՝ «քեզնից մարդ բան չի հասկանում», եւ Չուգունը հարցրեց՝ «ի՞նչ չես հասկանում», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «մեկ ասում ես՝ Ռուսաստան ու խոպան գնացած կըլնի, մեկ էլ ասում ես՝ որ Ռուսաստան ըլներ, կզանգեր», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անցած անգամ որ գնացել էր, համարյա ամեն շաբաթ զանգում էր», եւ Հովհաննեսը զարմացած հարցրեց՝ «քեզ է՞ր զանգում», եւ Չուգունը զարմացած նայեց Հովհաննեսին ու հարցրեց՝ «բայց խի՞ ես զարմանում», եւ Հովհաննեսը փռթկացնելով Չուգունին հարցրեց՝ «ասում ես՝ որպես ընկեր է՞ր զանգում», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե ձեռ եմ առնում, այլ ուրախանում եմ», եւ Չուգունը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ վրա ես ուրախանում», եւ Հովհաննեսը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ձեր ընկերության վրա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «մի հատ ընկերության կենացը չխմե՞նք», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու Հովհաննեսին ասաց՝ «ոնց ասես», եւ Հովհաննեսը  մի քիչ մտածեց ու Չուգունին ասաց՝ «դու պիտի ասես», եւ Չուգունը  Հովհաննեսին ասաց՝ «կամանդիրը դու ես», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «բայց ինքը քո՛ ընկերն ա», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ինքը սաղիս էլ ընկերն ա», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց  ու քմծիծաղով Չուգունին ասաց՝ «բայց ինքը քեզ ա Ռուսաստաններից շաբաթը մեկ զանգել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ անցած անգամ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս անգամ վաբշե ոչ մի անգամ չի զանգել», եւ Հովհաննեսը բավական երկար մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե քեզ չի զանգել, էդ չի նշանակում, որ իրա կենացը չպիտի խմենք», եւ Խչեյան Լյովը բաժակը բարձրացնելով ասաց՝ «մեր ախպեր Հրաչի կենացը», եւ Հովհաննեսը բաժակը բարձրացնելով ավելացրեց՝ «Աստված իրան պահապան», եւ Չուգունը կրկնեց՝ «Աստված իրան պահապան», եւ ես բաժակս բարձրացնելով ասացի՝ «մեր Հրաչ ախպոր կենացը», եւ բոլորս խմեցինք, եւ Հովհաննեսը թախծոտ ժպտալով Չուգունին հարցրեց՝ «էդ խոսքերը սրտանց ասեցի՞ր», եւ Չուգունը զարմացած հարցրեց՝ «ո՞ր խոսքերը», եւ Հովհաննեսը թախծոտ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ որ ասեցիր՝ Աստված իրան պահապան», եւ Չուգունը ապշահար հարցրեց՝ «ինչի՞  չպիտի սրտանց ասեի», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց եւ ուսերը թոթվելով ասաց՝ «եսիմ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեռնեմ՝ թե սրտանց չեմ ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թե սուտ եմ ասում՝ գետինը մտնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրատակած երդվեց՝ «հորս արեւ», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իզուր ես երդվում», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու կմկմալով Հովհաննեսին ասաց՝ «որ չես հավատում, դրա համար եմ երդվում», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «հավատում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, էլ իրան չես նախանձում», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրան ինչի՞ պիտի նախանձեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «իրա ինչի՞ն պիտի  նախանձեմ», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով Չուգունին   ասաց՝ «մի ժամանակ նախանձում էիր», եւ Չուգունը զարմացած հարցրեց՝ «որպես ի՞նչ էի  նախանձում», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով Չուգունին ասաց՝ «որպես բանաստեղծ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բանաստեղծության ժամանակներն անցել են, Հովհաննես ջան» եւ  մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի լրիվ ուրիշ ժամանակներ են», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Չուգունին հարցրեց՝ «բայց դու ընդունո՞ւմ ես, որ ինքը քեզնից ուժեղ բանաստեղծ ա», եւ Չուգունը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ինձնից ուժեղ բանաստեղծ», եւ Հովհաննեսը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Հրաչը», եւ Չուգունը բավական երկար մտածեց ու ասաց՝ «եթե ես ընդունեմ, որ ինձնից ուժեղ բանաստեղծ կա, ուրեմն՝ իզուր եմ գրում», եւ Խչեյան Լյովը խոսակցությանը խառնվելով՝ Չուգունին հարցրեց՝ «կարող ա՞ չընդունես,  որ Տերյանը քեզնից ուժեղ բանաստեղծ ա», եւ Չուգունը ժպտալով Լյովին հարցրեց՝ «ո՞ր Տերյանը», եւ Խչեյանն արհամարհական ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Վահան», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու քթի տակ խնդմնդալով հարցրեց՝  «նորից կրկնե՞մ», եւ Խչեյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը նորից կրկնես», եւ Չուգունը պատասխանեց ու ասաց՝ «ասածս», եւ Խչեյանը հարցրեց՝ «ո՞ր ասածդ», եւ  Չուգունը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «եթե ես ընդունեմ, որ աշխարհի էրեսին ինձնից ուժեղ բանաստեղծ կա, ուրեմն՝ իզուր եմ գրում», եւ Հովհաննեսն ապշահար նայեց Չուգունին ու հարցրեց՝ «այսինքն, մտածում ես, որ Տերյանից ուժե՞ղ  ես գրում», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե ըտենց չմտածեմ, ուրեմն պիտի գրելը թարգեմ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930