20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում լույս տեսավ մի գիրք, որը կոչվում էր՝ «Նրա հետքերով. Ինչպե՞ս կվարվեր Հիսուսը»: Գրքի հեղինակն էր բողոքական քահանա Չարլզ Շելդոնը: Որպես գեղարվեստական ստեղծագործություն՝ գիրքը բավականին թույլ է` սյուժեն պարզունակ է, կերպարները` չափազանց «պայմանական»: Դա, ըստ էության, ոչ թե վեպ է, այլ քարոզների հավաքածու: Բայց որպես քարոզ՝ այն բավականին հետաքրքիր է: Գաղափարն այն է, որ եկեղեցական համայնքի անդամները որոշում են հետեւել Տիրոջը` այդ բառի ուղիղ իմաստով. կյանքում որեւէ քայլ կատարելուց առաջ հարցնել` իսկ ինչպե՞ս իմ տեղը կվարվեր Հիսուսը: Սեփական վարքի համար նման բարձր չափանիշ դնելով՝ մարդիկ իրենց քաղաքում կյանքը դարձնում են ավելի մաքուր եւ ազնիվ եւ, ամերիկյան իրականության խաղի կանոններից առանձնապես չշեղվելով, հասնում են սոցիալական լուրջ արդյունքների:
Ինչպես եւ ցանկացած քարոզ, այդ «ծրագիրն», իհարկե, իր մեջ պարունակում է ուտոպիայի տարրեր: Բայց կա նաեւ ռացիոնալ հատիկ. ցանկացած լուրջ հարցում որոշում ընդունելուց առաջ չշտապել, թեկուզ 10 րոպե մտածել: Այդ 10 րոպեում կշռադատել, թե որքանով է քո ցանկությունների կատարումը «էկոլոգիապես մաքուր» լինելու` այդ բառի ամենալայն իմաստով: Այնինչ մտածողության ստորին մակարդակներում բարձր է գնահատվում, այսպես կոչված, «վճռականությունը» եւ «հաջողությունը». 10 րոպեն երբեմն բավարար է` հասկանալու համար դրանց գինն ու, մեծ հաշվով, անհրաժեշտությունը:
Հայ Առաքելական եկեղեցին (Հայաստանում, համենայնդեպս) պետք է, կարծում եմ, զբաղվի նման խնդիրներով` «եկեղեցաշինությամբ» մեծահարուստների փառասիրությանը հագուրդ տալու փոխարեն: Մեր պաշտոնական եկեղեցին չափից դուրս «պաշտոնական է», այսպես ասած՝ օրվա իշխանությանը կից: Աղանդներն իրենց կեղծ ու երբեմն վտանգավոր գաղափարները տարածում են «ոչ պաշտոնական», առավել կրեատիվ մեթոդներով՝ հաճախ ավելի հմտորեն, քան մեր քահանաները, մտնելով մարդկանց հոգեբանության թաքնված ծալքերի մեջ: Իհարկե, այստեղ դեր ունի նաեւ զուտ սոցիալական կաշառքը, բայց միայն դրանով նրանք այդքան առաջ չէին գնա: Դա հնարավոր է միայն «վերնախավի» (այդ թվում՝ հոգեւորական) ցինիզմի եւ անհավատության ֆոնի վրա: Երբ այդ «վերնախավից» ոմանք ասում են՝ «փակել, արգելել»՝ դա միայն անզորության նշան է:
Բնականաբար, դա միայն եկեղեցու խնդիրը չէ: «Վերնախավն» իր վարքով պետք է դնի վարքի ինչ-որ ստանդարտներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության մեծամասնության համար: Գուցե չլինի այնքան բարձր ստանդարտ, ինչպես որ նկարագրված է Շելդոնի գրքում: Գուցե «չափանիշի կրողը» լինի մահկանացուն կամ մահկանացուների ինչ-որ խումբ: Բայց ոչ այն խումբը, որը հասել է չակերտավոր «հաջողության»՝ իր չակերտավոր «վճռականության» շնորհիվ: Նրանց նմանվելու ենթագիտակցական ցանկությունը զուգորդվում է նախանձով եւ ատելությամբ:
Կարդացեք նաև
Այնպես որ՝ երբ հարց ենք տալիս՝ ինչպե՞ս իմ տեղը կվարվեր… Անունը պետք է ամեն մեկս որոշի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Զարմանում եմ՝ կրոնական փոքրամասնության կամ ուղղութան փոխարեն գրում եք աղանդ:
Գոնե մի 10 րոպե մտածել եք որ ակրող եք վիրավորել մադկանց?
Գաղափաները անվանելով կեղծ կամ վտանգավոր:
Ինչպես իմ տեղը կվարվեր Հրանուշ Հակոբյանը: Այ, տղա եք`էս տարբերակով ապրեք: Միանգամից Հայաստանը դրախտ կդառնա: Հա, ի՞նչ, ես էլ էս կարծիքին եմ: Բա:
Պարզապէս նիւթը ամբողջացնելու համար՝ իսկ Արտասահմանում, Հայոց Առաքելական Եկեղեցւոյ Կիլիկիոյ Թեւի խնդիրն ել, ուրիշ է: Անոր այժմու Պետը շատ է միջամուխ լինում քաղաքականութեան: Իսկապէս չափից աւելի: Բաղձալի կը լինի որ ան զբաղվի իր հարազատ առաքելութեամբ, հոգեւորական նիւթերով – որոնց մէջ, ի դէպ, յատկապէս ատակ, կարող եւ հմուտ է – : Սակայն ըստ երեւոյթին, ան աւելի հետաքրքուած է քաղաքականութեամբ… Այս կացութեան պատճառները բարդ են, բայց աւելին չասեմ այստեղ: Օր մը, դէմ առ դէմ կը խօսենք, Արամ ջան:
Արամ կաթողիկոսին չի կարելի նախատել որևէ արածի համար քանի որ նրա օրինակին գոնե չնչին չափով հետևելու պարագայում մենք նման կոմերցիոն եկեղեցի չէինք ունենա Հայաստանում: Աղանդ բառը կիրառել օրենքից դուրս է քանզի բոլորն էլ գրանցված օրինական կրոնական կազմակերպություններ են և սոցիալական կաշառք հեղհեղուկ ձևակերպման տակ պարզ չի ինչ ի նկատի ունի հեղինակը: Այ կաշառքի մասով խորհուրդ կտայի դիմել Կճոյանին…