Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրդական կուսակցությունը նոր գույն կբերի Թուրքիայի ներքին քաղաքականության ներկապնակում»

Հունիս 05,2015 15:00

Այս կարծիքին է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Ստամբուլում ապրող հայազգի Արթին Գոստանյանն արդեն որոշել է, թե հունիսի 7-ին Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին որ կուսակցության օգտին է քվեարկելու: «Առավոտի» հետ զրույցում նա ասում է, որ ինքը ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի է, ընտրելու է քրդական «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությանը: Խոսելով առաջադրված հայազգի թեկնածուների մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ հավանական է՝ մեծամասնություն կազմող Թուրքիայի խորհրդարանական ուժերից «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից առաջադրված Գարո Պալյանը եւ Ժողովրդահանրապետական կուսակցությունից Սելինա Օզուզուն Դողանը կանցնեն խորհրդարան, իսկ Մարկար Եսայանի դեպքում կասկածում է: Հայազգի այս թեկնածուներից մեր զրուցակիցը մեծ ակնկալիքներ չունի: Ըստ Արթին Գոստանյանի՝ քրդական կուսակցությունում ընդգրկված հայազգի թեկնածուների անցնելու հավանականությունը փոքր է:

Նա վստահ է՝ ընտրություններում ընտրակեղծիքներ լինելու են, սակայն նաեւ համոզված է, որ քրդական կուսակցությունը անցնելու է խորհրդարան, ասում է՝ այդ մասին նաեւ հարցումներն են ցույց տալիս:

Թուրքիայի Իզմիր քաղաքում այժմ ապրող ազգությամբ քուրդ 23-ամյա Նայիֆ Յիլմազը նույնպես կարծում է, որ չնայած Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կեղծիքներ կլինեն, բայց քրդական կուսակցությունը կանցնի խորհրդարան: Նա նշում է, որ դա իր հետ կբերի դրական եւ բացասական երեւույթներ քուրդ ժողովրդի համար. «Նախ եւ առաջ հավատում եմ, որ այդ դեպքում քրդական տարածքներում կլինեն անվտանգության պահպանում եւ տնտեսական զարգացում: Բայց, այնուամենայնիվ, տարիների պայքար կա քուրդ ժողովրդի որոշ արժեքների պահպանման համար: Հնարավոր է, որ քրդական կուսակցությունը չպահպանի որոշ արժեքներ, որպեսզի ստանա աջակցություն պետության այլ մասերից եւս,- ասում է նա՝ ավելացնելով:- Ամբողջ քուրդ ժողովուրդը, այդ թվում նաեւ ես, ցանկանում ենք, որ քրդական կուսակցությունը չհեռանա թուրքական խնդիրներից, բայց դրա հետ մեկտեղ չհրաժարվի մեր սեփական արժեքներից: Իմ միակ մտահոգությունն այն է, որ նրանք կարող են զոհաբերել որոշ կանոններ, եթե կարողանան մտնել խորհրդարան»:
Անդրադառնալով «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության հայամետ քաղաքականությանը՝ Նայիֆ Յիլմազն ասաց, որ ընտրական գործընթացում կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, բայց քրդերի խնդիրը դեռ կա, վստահ չէ, որ հետագայում քրդական կուսակցությունը կմտածի հայկական հարցի մասին. «Ամեն դեպքում նրանք կպաշտպանեն Թուրքիայում ապրող հայերի իրավունքները»,- ասում է մեր զրուցակիցը:

«Առավոտի» հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիայի վերջին տարիների պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է տեղի ունենում, երբ 2002 թվականից իշխող կուսակցությունը զիջում է իր դիրքերը խորհրդարանում. «Ընտրությունների արդյունքներից երեւում է, որ կարծես թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը չի հաջողվի իր դիրքերն ուժեղացնել եւ ավելացնել իր թիվը խորհրդարանում: Նրանք ցանկանում են իրենց թիվը խորհրդարանում ավելացնել, քանի որ նպատակ ունեն իրենց համար կարեւոր նախագիծ իրականացնել՝ երկրի կառավարման ձեւը փոխել, դարձնել նախագահական: Դա, ըստ գնահատականների, կարծես թե չի հաջողվի»,- ասում է պարոն Սաֆրաստյանը:

Թուրքագետը կարծում է, որ Էրդողանի կուսակցության թուլացումը կապված է մի շարք հանգամանքների հետ. «Առաջինը՝ Թուրքիայի արագ տնտեսական զարգացման տեմպերի թուլացումն է: Երկրորդը՝ պետք է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ այն արտաքին քաղաքականությունը, որ անցկացնում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, վտանգավոր է Թուրքիայի համար, եւ դա ընկալվում է հասարակության շրջանակների կողմից: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ դժգոհություն կա Էրդողանի կողմից կառավարման նկատմամբ, նրան Թուրքիայում ընկալում են որպես սուլթան, միանձնյա տիրան եւ այլն, Թուրքիայում ոչ դեմոկրատական կառավարում է, խոսքի ազատության ճնշումներ են նկատվում. առաջատար եւ ոչ այդքան առաջատար լրագրողները կամ բանտում են, կամ նրանց դեմ դատական գործեր են բացված եւ հետաքննություն են վարում: Մյուս կողմից՝ չնայած Էրդողանին հաջողվեց հարված հասցնել գյուլենական շարժմանը, որը նախորդ ընտրություններում եղել է իր դաշնակիցը, այնուամենայնիվ՝ հիմա այն բավական մեծ թվով համակիրներ ունի եւ արդեն բացահայտ հանդես է գալիս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ»:

Թուրքագետը նկատում է, որ Թուրքիայի այս անգամվա խորհրդարանական ընտրություններում փոփոխություններ է բերել քրդական՝ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը, որի ընտրողների թիվը գնալով ավելանում է: Պարոն Սաֆրաստյանը կարծում է, որ քրդական կուսակցության մուտքը առանձնապես ազդեցություն չի ունենա Հայոց ցեղասպանության բարձրաձայնման հարցի վրա. «Որովհետեւ եթե անգամ մտնի խորհրդարան, քիչ թվով պատգամավորներ կունենա եւ ազդեցություն չի կարող գործել, դա ակնհայտ է: Բայց եթե նա մտնի խորհրդարան, կնշանակի, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պետք է ձգտի այդ քրդական կուսակցության հետ որոշակի համաձայնության գալ, գուցեեւ դաշինք ստեղծել, որ կարողանա իր սահմանադրական փոփոխությունները իրականացնել, որովհետեւ մյուս հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ քեմալական Ժողովրդահանրապետական եւ պանթյուրքիստական ազգայնական կուսակցությունները ոչ մի համաձայնության չեն գա Էրդողանի կուսակցության հետ: Այնպես որ՝ սա արդեն նոր գույն կբերի Թուրքիայի ներքին քաղաքականության ներկապնակում: Քրդական կուսակցության հետ համագործակցության արդյունքում կստացվի, որ Էրդողանը որոշակի զիջումների պետք է գնա»,- ասում է պարոն Սաֆրաստյանը՝ նշելով, որ եթե քրդական կուսակցությունը տասը տոկոսանոց շեմը անցնի, ապա մոտ ապագայում Թուրքիայի քաղաքական դաշտում այնպիսի փոփոխություններ կլինեն, որոնք նախկինում չեն եղել:

Խոսելով հայազգի ընտրողների մասին՝ թուրքագետը նկատում է, որ նախորդ տարիների համեմատ այս անգամ պատկերն այլ է. «Թուրքիայի հայերը սովորաբար իրենց ձայները տվել են Էրդողանի կուսակցությանը, որովհետեւ մի կողմից՝ կա ժողովրդաքեմալական կուսակցությունը, որը ծայրահեղական է, ազգայնամոլական, մյուսն էլ՝ պանթյուրքիստական ազգայնամոլական կուսակցությունն է, այնպես որ՝ Էրդողանի կուսակցությունն էր ինչ-որ չափով ընկալվում, բայց վերջին շրջանում մենք տեսանք, որ Էրդողանի «Արդարություն եւ զարգացումը» գնալով ուժեղացնում է իր իսլամամետ կողմնորոշումը, եւ դա ազդելու է հայ ընտրողների որոշումների վրա: Հիմա, կարծում եմ, հայերի մեծամասնությունը կընտրի քրդական կուսակցությանը»,- ասում է պարոն Սաֆրաստյանը:

«Ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ Էրդողանի կուսակցությունը իսկապես երեւույթ է, նա կարողացել է 2002 թվականից միանձնյա կառավարել Թուրքիան, դա բացառիկ երեւույթ է, եւ դա վկայում է, որ այդ կուսակցությունն ունի բավականին մեծ ռեսուրսներ եւ հնարավորություն է ստացել տարիներ ղեկավարել: Հիմա մենք առաջին անգամ տեսնում ենք, որ այդ կուսակցությունը թուլացնում է իր դիրքերը: Եթե դա տեղի ունենա, ուրեմն այս կուսակցության դիրքերի թուլացումը կշարունակվի հետագա տարիներին, կարող է զիջել իր բացառիկ դիրքերը, որ շահել էր»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930