Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն վնասո՞ւմ է բանակցային գործընթացին

Հունիս 05,2015 14:30

Ի տարբերություն Մինսկի խմբի դրական ջանքերին՝ ԵԱՀԿ նախագահը խուսափում է Ադրբեջանի հասցեին կոշտ հայտարարություններից

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը Հայաստան այցելության ընթացքում արդեն հասցրել է հիասթափեցնել հայ քաղաքական որոշ շրջանակների: Մասնավորապես այդ հիասթափությունը կապված է այն միջադեպի հետ, երբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում պարոն Իվիցա Դաչիչը շրջանցեց այն հարցը, թե ինչու ԵԱՀԿ-ն պատշաճ չի արձագանքում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման փորձերին: ԵԱՀԿ նախագահը մինչ հարցին պատասխանելը՝ մամուլի ասուլիսի ընթացքում խորհրդակցեց Էդվարդ Նալբանդյանի հետ, այնուհետեւ պատասխանեց, թե դեռ այդ հայտարարությունները պետք է ուսումնասիրվեն, ու հանձնարարեց դեսպաններին կատարել այդ գործը:

Արդյոք ԵԱՀԿ նախագահի նման պահվածքից կարելի՞ է եզրահանգում կատարել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջիկայում դրական առաջընթաց դժվար թե գրանցվի. այս հարցերի շուրջ քաղաքագետների կարծիքները տրամագծորեն տարբերվում են:

EAHK

«Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Առավոտի» հետ զրույցում այդ պահվածքը պատճառաբանեց, թե այդպիսով ԵԱՀԿ-ն փորձում է երկու կողմերի միջեւ հավասարակշռություն պահպանել: Այնուհետեւ նկատեց, թե եթե մեր ԶԼՄ-ները ներկայացնում են, որ հրադադարի խախտումները եղել են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանում էլ ներկայացնում են, որ եղել են Հայաստանի կողմից: Աղասի Ենոքյանը մանրամասնեց. «ԵԱՀԿ նախագահը փորձում է պահպանել հավասարակշռությունը, որ ԵԱՀԿ-ն կարողանա տեղ ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Այլապես, եթե որեւէ կողմի համար նպաստավոր կարծիք արտահայտի, ինքը մեծ խնդիր կունենա մյուս կողմի հետ շփվելու, իր գործողությունները թելադրելու հարցում»: Աղասի Ենոքյանի կարծիքով` եթե առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական առաջընթաց գրանցվի, ապա միեւնույն է՝ դա չի լինի ԵԱՀԿ-ի շնորհիվ, քանի որ այդ կառույցը ստատուս քվոյի է հասել ու փորձում է գոնե պահպանել այն: Մեր այն հստակեցմանը` ԵԱՀԿ-ն լավ օրեր չի՞ ապրում, Աղասի Ենոքյանն արձագանքեց. «ԵԱՀԿ-ն անում է այն, ինչ հնարավոր է անել այս իրավիճակում: Ավելի կոշտ քայլեր եթե փորձի անել, նա կկորցնի նաեւ այն ազդեցությունը, ինչ հիմա ունի»: Մամեդյարովի հայտարարությունները Աղասի Ենոքյանը բնական է համարում` նշելով, որ մենք էլ ենք նման հայտարարություններ անում, այլ բան է, թե յուրաքանչյուր կողմ խաղաղությունն ինչպես է հասկանում: Սակայն ըստ նրա` պետք է լուրջ վերաբերվել Մամեդյարովի ոչ թե խոսքերին, այլ Ադրբեջանի գործողություններին:

Այնուամենայնիվ, Աղասի Ենոքյանը դրական է գնահատում Մինսկի խմբի գործունեությունը` հիմնավորելով, որ այդ աշխատանքների շնորհիվ է պահպանվում հրադադարի ռեժիմը: Դառնալով Մինսկի խմբի կազմը ընդլայնելու Ադրբեջանի հավակնություններին` պարոն Ենոքյանը նկատեց, որ դրանց նպատակն է Մինսկի խումբ բերել Թուրքիային, ինչը բացառված է:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը առանձնապես չի արդարացնում ԵԱՀԿ նախագահի պահվածքը ու նկատում է. «Փորձում են հավասար մոտեցում ցուցաբերել` առանց հասկանալու, որ նման դիրքորոշմամբ իրականում վնասում են խաղաղության գործընթացին կամ հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր հնարավորություններին»: Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` միայն Մինսկի խումբն է, որ իրականում աշխատանքներ է տանում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար, իսկ ԵԱՀԿ մնացած բոլոր պաշտոնյաները զբաղված են ոչինչ չասող հայտարարություններ անելով` առանց բուն խնդրի մեջ խորանալու:

«Առավոտի» հարցին` նման հայտարարություններից կարելի՞ է եզրահանգումներ անել, որ առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով առաջընթաց հնարավոր չէ սպասել, պարոն Մելիք-Շահնազարյանը արձագանքեց. «Այդպես էլ կա, եւ ԵԱՀԿ տարբեր պաշտոնյաներ նույնպես դա հասկանում են, որ բանակցային գործընթացն այսօր փակուղում է հայտնվել, եւ ելքեր որեւէ մեկը չի տեսնում: Բայց նաեւ հասկանում են, որ չի կարելի փաստերը կոչել իրենց անունով եւ լարվածությունն ավելի մեծացնել, ուստի փորձում են խուսափել նման հարցերի պատասխաններից»:

Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, ըստ պարոն Մելիք-Շահնազարյանի, գին չունեն, քանի դեռ երկրի իշխանությունները գործողություններով ցույց չեն տալիս իրենց` խաղաղության ձգտելու ցանկությունը: Օրինակ` ետ չեն տարել դիպուկահարներին, չեն նպաստոմ հակամարտության գոտում մոնիտորինգի իրականացման ինստիտուտի զարգացմանը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930