Լրահոս
Օրվա լրահոսը

Սակավաջրությունն ու դոլարի 18% արժեւորումը չեն կարող հոսանքի 40% թանկացման բերել

Հունիս 05,2015 14:00

ՀԷՑ-ի հայտում՝ նոր ուռճացված ու ավելորդ ծախսեր

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ)՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտում ներկայացված ծախսերը մի կողմից՝ զավեշտալի են, մյուս կողմից էլ՝ սպառողին զայրացնող: ՀԷՑ-ի ագահ ծախսերը ներկայացնող հայտն այնքան ծավալուն է եւ աշխատատար, որ փորձագետներն ու լրագրողներն այն ուսումնասիրելով՝ ամեն օր մի նոր բան են բացահայտում: Ծանոթանալով այդ անհեթեթ ծախսերին՝ չի բացառվում, որ մի օր էլ պարզվի՝ սպառողները պետք է վճարեն ՀԷՑ-ի տնօրինության սնվելու համար կամ գուցե՝ հագուստի:

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» հայտում ներառված են նաեւ ավտոմեքենաների լվացման ծախսերը: Կարելի է մտածել՝ ի՞նչ կա որ, եթե մեր՝ սպառողների հաշվին թանկարժեք մեքենաներ են վարձակալում, դե ուրեմն դրանց մաքուր պահելու ծախսերն էլ սպառողները պիտի հոգան:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, որն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրում է ՀԷՑ-ի հայտը ու կարելի է ասել՝ խոշորացույցի տակ է պահում, արդեն մի շարք բացահայտումներ է կատարել, ըստ որոնց՝ ՀԷՑ-ի ծախսերն անհիմն են եւ ուռճացված:
Արտակ Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում այս անգամ մեջբերում է հայտից՝ ավտոլվացման ծախսերը եւ նկատում՝ ՀԷՑ-ը չի էլ փորձում արդյունավետ աշխատել:
Ըստ Մանուկյանի՝ 2014 թվականին ՀԷՑ-ի վարձակալած մի մեքենա, որի պետհամարանիշն է 044UU 44 (հավանաբար, տնօրինությանն է), 70 անգամ ավտոլվացման է գնացել: Այո, 044UU 44-ի համարի մեքենայի վարորդը մաքրասեր է:
Ընդհանուր առմամբ, ըստ ՀԷՑ-ի հայտի, տարեկան 600 անգամ բոլոր մեքենաները լվացման են տարել, եւ եթե ՀԷՑ-ի, այսպես ասած՝ շարքային մեքենաները ամսական 8-9 անգամ են սպառողների հաշվին լվացվել, ապա նշված «գոլդ» համարանիշով մեքենան՝ 3 օրը մեկ: Այս առնչությամբ Արտակ Մանուկյանը նկատում է՝ յուրաքանչյուր ավտոլվացում սպառողների վրա «նստում է» 4000 դրամ. «Պետք է նշել, որ եթե ՀԷՑ-ը պարզապես ցանկություն ունենար, ապա նման մեծածավալ՝ տարեկան 600 անգամ ավտոլվացման համար կարող էր պայմանագիր կնքել որեւէ «մոյկայի» հետ, ու այդ դեպքում պարելով՝ 2000 դրամով իրենց մեքենաները կլվանային: Սա եւս մեկ փաստ, որ ՀԷՑ-ը շահագրգռվածություն չունի արդյունավետ ծախսեր անելու»:

ՀԷՑ-ի վարձակալած մեքենաները, մասնավորապես՝ «Լեքսուսը», մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Տնտեսագետն ասում է, որ պակաս ուշագրավ փաստ չէ նաեւ ՀԷՑ-ի վարձակալած 2000 թվականի «Մերսեդեսը»: Այս 15 տարեկան մեքենան ընկերությունը վարձակալել է ամսական 400 հազար դրամով, սրա համար սպառողները տարեկան պիտի վճարեն 10 հազար դոլար: «Այդ «Մերսեդեսը» «ՀԷՑ»-ը կարող էր գնել 1 տարում՝ վարձակալելու փոխարեն: Ես հայտում տեսել եմ, որ 2009 թվականի «Լեքսուսը» վարձակալել են ամսական 350 հազար դրամով, այսինքն՝ այս մեքենան կարող էին գնել 2 տարում: Ասեմ, որ 15 տարեկան «Մերսեդեսն» ավելի թանկ է նստում սպառողների վրա, քանի որ որքան մեքենան հին է լինում, այնքան տեխնիկական սպասարկումն ավելի թանկ է արժենում, մեքենաների մասերն ավելի թանկ են լինում: Իսկ ՀԷՑ-ը մեքենաների տեխնիկական սպասարկման համար սակագնային տարում վճարել է 57 միլիոն դրամ: Հայտում գրված է, որ վարձակալած մեքենաների կեսից ավելին եղել են բավարար վիճակում, միայն մի քանիսի մասով է գրված՝ լավ վիճակում են: Այսինքն՝ այս մեքենաների տեխնիկական սպասարկումն անիմաստ թանկ է եղել»,- ասում է տնտեսագետը: Բացի այս, Մանուկյանը հայտում եւս մի անիմաստ ու ավելորդ ծախս է գտել: ՀԷՑ-ը վարձակալել է 1990 թվականի կռունկ մեքենա, որն օգտագործվում է էներգետիկ ոլորտում: Բայց այս կռունկի համար ամսական 35 հազար դրամ են վճարել, տարեկան՝ 420 հազար դրամ: Մանուկյանն ուսումնասիրել է եւ պարզել, որ 1990 թվի այդ կռունկի շուկայական գինը մոտ 1 միլիոն դրամ է: Այսինքն՝ ՀԷՑ-ը 2,5 տարվա վարձակալած գումարով կարող էր գնել կռունկն ու ավելորդ ծախսեր չանել:

«Առավոտը» մայիսի 28-ի՝ «ՀԷՑ-ին միտումնավոր սնանկացնում են՝ կառավարության համաձայնությամբ» հրապարակման մեջ անդրադարձել էր ՀԷՑ-ի՝ կասկածելի տեխսպասարկման ծախսերին, որոնք ներառել է հայտում: Կրկին մեջբերելով Արտակ Մանուկյանին՝ գրել էինք, որ ՀԷՑ-ը պայմանագիր է կնքել Հ. Ավետիսյան Ա/Ձ-ի հետ, որը գտնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում: Այս Ա/Ձ-ի հետ ՀԷՑ-ը ավելի քան 23 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել 2013-ի դեկտեմբերի 23-ից 2014-ի դեկտեմբերի 12-ը, ըստ որի՝ 6 օրը մեկ բեռնատար մեքենաների վերանորոգման ծառայություններ է պատվիրել: Մեզ հետ զրույցում տնտեսագետն ասում է, որ հայտի այլ հոդվածներ ուսումնասիրելով՝ պարզել է, որ ՀԷՑ-ն ավտոսպասարկման ծառայությունների համար 73 պայմանագիր է կնքել Հ. Ավետիսյան Ա/Ձ-ի հետ, որին վճարել է 26.5 միլիոն դրամ, եւ միջինը մեկ բեռնատարի վերանորոգելն արժեցել է 360.000 դրամ:

Գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը նկատում է, որ Հ. Ավետիսյան Ա/Ձ-ի հետ կնքած պայմանագրերում պայմանագրի արժեքներն ավարտվում են կլոր թվերով, իսկ գնումներում կա մի օրինաչափություն՝ եթե թվերը կլորացված են, ասենք՝ 250.000 դրամ կամ 280.000 դրամ, ապա այստեղ, ինչպես գնումների միջազգային պրակտիկայում է՝ կոռուպցիոն ռիսկ կա. «Նշված պայմանագրերից նվազագույնը եղել է 90.000 դրամ, առավելագունը՝ 2.900.000 դրամ: 73 պայմանագրերից 72-ը կլորացված թվերով են: Սա խոսում է այն մասին, որ հավանաբար թվերը հատուկ են կլորացրել, չի բացառվում, որ նաեւ ստույգ հաշվարկ կամ ընդհանրապես հաշվարկ չեն արել, թիվ են գրել: Հենց այսպիսի թվերի առկայությունը պայմանագրերում, իմ գնահատմամբ՝ կոռուպցիոն ռիսկ է պարունակում»:
Տնտեսագետն ասում է՝ եթե ՀԷՑ-ն իրեն այսպիսի բազմաթիվ ավելորդ ծախսեր է թույլ տալիս, ուրեմն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երբեք չի ստիպել այս ընկերությանը արդյունավետ ու զուսպ, ճիշտ բիզնեսին համապատասխան ծախսեր անել:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն օրերս Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելով՝ վստահեցրել է, որ ՀԷՑ-ի ներկայացրած հայտում տեղ գտած, այսպես ասած՝ շքեղության էլեմենտները սակագնում չեն ներառվի: Իսկ որպես սակագնի բարձրացման հիմնավորում Նազարյանը նշել է դոլար-դրամ փոխարժեքը՝ նշելով, որ սակագնի բարձրացման վրա ազդում է փոխարժեքի տատանումը. «Սակագնի հաշվարկման հիմքում փոխարժեքը հաշվել էինք 407 դրամ, այսօր 480-481 է»: Հիշեցնենք նաեւ, որ սակագնի բարձրացման համար ոլորտի պատասխանատուները որպես օբյեկտիվ պատճառ ներկայացնում են սակավաջրությունը: Այս առնչությամբ էլ Արտակ Մանուկյանը հարց է բարձրացնում՝ «Գոյություն ունի տեղումների քանակի միջին նորմա, ենթադրենք՝ սակագնային տարում Հայաստանում 2 սմ-ով պակաս է եղել տեղումների քանակը, ես նայել եմ վիճակագրական ծառայության տվյալները՝ 2 սմ է, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ 2 սմ նվազումն ու դոլարի 18% արժեւորումն ազդում են էլեկտրաէներգիայի սակագնի 40% բարձրացման վրա: Թող ասեն՝ դոլար-դրամի փոխարժեքը ընդհանուր սակագնի վրա ի՞նչ չափի ազդեցություն է ունենում: Թող ասեն՝ եթե սակագնի բարձրացման վրա 17 դրամի չէ այս երկու գործոնների ազդեցությունը, ապա թող հիմնավորեն, թե որքա՞ն է այս 2 գործոնների՝ սակավաջրության ու դոլարի արժեվորման ազդեցությունը սակագնի վրա: Եթե դոլարի գործոնն են մեջբերում, ապա ասեմ, որ ՀԷՑ-ի հիմնական ծախսերը դրամով են»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930