Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը երաշխավորել էր՝ ստացված տեղեկատվությունը կմնա անանուն, գաղտնի

Հունիս 05,2015 13:30
biznes

«ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յու. Մորդվինցեւը եղել է ընկերության անունից դիմումի գաղտնիությունը երաշխավորող պաշտոնատար անձը եւ նրա հանդիպումը ՀԷՑ-ի անվտանգության վարչության նախկին աշխատակցի հետ կայացել է առանց երրորդ անձի ներկայության, թելադրված է եղել նրա ծառայողական պարտականություններով:

Աշխատանքից ազատվելուց հետո Հրաչյա Հարությունյանը էլեկտրոնային փոստով 2012թ. մարտի 26-ին դիմում է ուղարկում «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության էլեկտրոնային հասցեին: Նա իր նամակում նշում է պաշտոնատար այն անձանց մասին, որոնք խախտումներ են արել:

Նրա էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդումը «ստանում» է մեկ այլ անձ՝ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու. Մորդվինցեւը: Վերջինիս միջոցով էլ ներքին օգտագործման փաստաթուղթը հասանելի է դառնում պաշտոնատար անձ համարվող Վարդան Բուռնազյանին: Վերջինի մասին նույնպես կար Հարությունյանի նամակում, եւ նա դիմում է դատարան, պահանջում ոչ հրապարակային փաստաթղթում տեղ գտած արտահայտությունների եւ տեղեկատվության համար՝ հրապարակային ներողություն: Հրապարակե՞լ գաղտնի փաստաթուղթը, թե՞ ոչ, ինչպես ապացուցել, որ Հարությունյանի մտահոգությունները եղել են տվյալ հիմնարկի շահերին համապատասխան:

Հրաչյա Հարությունյանն իր նամակ- դիմումը ուղարկել է դիմում ներկայացնելու ընթացակարգի համաձայն՝ իրավասու մարմնին, որը քննությունն իրականացնում է գաղտնիության պայմանների պահպանմամբ:

«ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված կանոնակարգի համաձայն՝ իրավախախտումների եւ կոռուպցիայի վերաբերյալ քաղաքացիների «…դիմումներն օպերատիվորեն կստանա ներքին աուդիտի, կոնտրոլինգի եւ ռիսկերի ղեկավարման բլոկը: Շարադրված փաստերով կանցկացվի անկախ ստուգում, ընդ որում՝ մենք երաշխավորում ենք, որ ստացված տեղեկատվությունը կմնա անանուն: Տեղեկատվության ճշտման անհրաժեշտության դեպքում, ցանկալի է նշել կոնտակտային դեմքը եւ հետադարձ կապի միջոցը: Եթե ստացված տվյալները կհաստատվեն, ապա նյութերը կուղարկվեն անվտանգության ծառայությանը եւ ղեկավարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար»: Ըստ բողոք բերած Հ.Հարությունյանի, դատարանն այդ կանոնակարգի լուսապատճենը հանել է ապացույցների կազմից, իբրեւ անթույլատրելի գրավոր ապացույց, քանի որ «ներկայացված է եղել պատճենի տեսքով»:

Այս պահին վերաքննիչ քաղաքացիական դատարանում է գտնվում Հ.Հարությունյանի բողոքը:

Նշենք, որ հայցվոր Վարդան Բուռնազյանի ներկայացուցիչ, փաստաբան Խաչատուր Օհանյանը դեռեւս 16.08.2012թ. հայցադիմում էր ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Հրաչյա Հարությունյանի՝ պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ պատճառված նյութական վնասի հատուցման պահանջներով: Նա խնդրել էր պարտավորեցնել Հրաչյա Հարությունյանին՝ Վարդան Բուռնազյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, հատուցել պատճառված 3.700.000 ՀՀ դրամ նյութական վնասը, որից 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի հետեւանքով պատճառված վնաս, 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետեւանքով պատճառված վնաս, եւ 700.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանական ծառայության դիմաց վճարված գումար:

27.08.2012թ. հայցադիմումը կրկին ներկայացվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Վ. Բուռնազյանի ներկայացուցիչը միաժամանակ միջնորդություն էր ներկայացրել դատարան, խնդրել էր, որպես հայցի ապահովման միջոց, հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող անշարժ ու շարժական գույքի կամ դրամական միջոցների վրա:
Դատարանի 2012թ. օգոստոսի 27-ի որոշմամբ բավարարվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ եւ հայցագնի չափով արգելանք էր դրվել պատասխանող Հրաչյա Հարությունյանին պատկանող գույքի վրա: Նույն այս դատարանը արգելանքից հետո որոշում է, որ գործն իր մոտ չպիտի լսվի, եւ գործն ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հավելեմ, որ ամիսներ հետո՝ 2013թ. հունիսի 3-ին դատարանի որոշմամբ փոփոխվում է կիրառված հայցի ապահովման միջոցը՝ Հրաչյա Հարությունյանին պատկանող դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացվում է:

Մինչդեռ, Վ. Բուռնազյանը մինչ օրս չի ներկայացրել որեւէ ապացույց այն մասին, որ Հրաչյա Հարությունյանի ծառայողական նամակը Յու. Մորդվինցեւից բացի, ստացել է նաեւ մեկ այլ անձ կամ այն հասանելի է եղել անորոշ թվով մարդկանց:

Ըստ Հ.Հարությունյանի, «արտահայտության հրապարակային ձեւով կատարված լինելու փաստի» ապացուցման դատավարական բեռը կրելու է Վ. Բուռնազյանը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն. «Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը»: Իսկ 6-րդ կետի համաձայն. «Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի առկայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետեւանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, հետեւաբար, եթե կողմը, ում վրա օրենքով դրված է փաստն ապացուցելու պարտականությունը, չի կարողանում ապացուցել այդ փաստը, ապա այն համարվում է չապացուցված եւ նրա պահանջը չի կարող բավարարվել»:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում, որոնցից մի քանիսին հղում էր արել Հ. Հարությունյանի ներկայացուցիչը, սահմանված է, թե ինչ է նշանակում «հրապարակային հայտարարություն» եւ «մեկ երրորդ անձ» եզրույթները:
Ի դեպ, Յու. Մորդվինցեւը նույնպես Հարությունյանի էլեկտրոնային փոստով ուղարկված նամակի՝ ծառայողական ներքին փաստաթղթի հիման վրա նշված տեղեկությունները ստուգելու համար ստեղծված հանձնաժողովի անդամ էր:

Ըստ դատարանի՝ «Փաստ է, որ պատասխանողի դիմումին Յու. Մորդվինցեւի միջոցով հաղորդակից են դարձել նաեւ տեղեկությունները ստուգելու համար ստեղծված հանձնաժողովի անդամները: Այսինքն՝ պատասխանողը իրենից եւ Վ. Բուռնազյանից բացի, դիմումին հաղորդակից է դարձրել երրորդ անձի՝ Մորդվինցեւին, հետեւաբար, բավականաչափ միջոցներ չի ձեռնարկել դիմումում նշված տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց»:

Նախորդ ատյաններում վիճարկվել է «Երրորդ անձի ներկայությունը» որպես հրապարակայնության անհրաժեշտ պայման:

ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշման մեջ կա այսպիսի սահմանում. «Ակնհայտ է, որ վեճի առարկա հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է միայն հանրության առջեւ, առնվազն երրորդ անձի ներկայությամբ անձին հանիրավի անվանարկելու հետեւանքների հաղթահարմանը: Իր կարեւորությամբ հանդերձ, վիճարկվող հոդվածի իրավակարգավորման շրջանակներից դուրս է մասնավոր-իրավական բնույթի հարաբերությունների կարգավորումը»:

Հ.Հարությունյանի գնահատմամբ, դատարանն անհիմն կերպով ապացույցների կազմից հանել է գործի քննության համար էական նշանակություն ունեցող գրավոր ապացույցի բնօրինակը:

«Դատարանը հաստատված համարելով այն փաստը, որ. «11.07.2012թ. Հրաչյա Հարությունյանը Երեւանում հանդիպել է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու. Մորդվինցեւի հետ, «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության էլեկտրոնային հասցեին ուղարկած 26.03.2012թ. դիմումը ստորագրել եւ ստորագրված օրինակը փոխանցել է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու. Մորդվինցեւին», հանգել է նրան, որ. «դիմումը հանձնելով երրորդ անձի՝ Յու.Մորդվինցեւին, արդեն իսկ պատասխանողը չի պահպանել դիմումի գաղտնիությունը» եւ դիմումը հանձնելով երրորդ անձի՝ Յու. Մորդվինցեւին, թույլ է տվել գաղտնիության խախտում»: Այնուամենայնիվ, դատարանը նաեւ խառնաշփոթ է ստեղծել նամակ-դիմումի մասին հայցվորի տեղեկանալու դրվագի հետ կապված:

Դատարանը այդ փաստը հաստատող գրավոր ապացույց վկայակոչում է «ՀԷՑ» ՓԲ ընկերության անվտանգության եւ վերահսկողության տնօրեն Գ. Մաքսիմովի 21.08.2012թ. թիվ ԺըԽ-255 գրությունը, մինչդեռ այդպիսի ապացույց երբեւիցե չի ներկայացվել եւ չի հետազոտվել:

Վ. Բուռնազյանը իր հայցադիմումում նշել էր, թե Հրաչյա Հարությունյանի դիմումը գրավոր բացատրություն ներկայացնելու նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ՝ անվտանգության եւ վերահսկողության տնօրեն Գ. Ի. Մաքսիմովի կողմից իրեն հանձնվել է 19.07.2012թ.՝ կից ներկայացվող «կոնֆիդենցիալ» նշագրմամբ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Դ.Ս.Կուզնեցովի գրությամբ:
Հայցին կից դատարան ներկայացված փաստաթղթերի ցանկում թիվ 2 հերթական համարով նշված է՝ Վ. Բուռնազյանին դիմումը ներկայացնելու եւ համապատասխան մակագրություն անելու մասին փաստաթղթի նոտարական թարգմանությունը, սակայն 14.07.2014թ. դատական նիստի ժամանակ արձանագրվել էր, որ գործից բացակայել են «կոնֆիդենցիալ» դրոշմագրով գրությունը, Վ. Բուռնազյանին դիմումը ներկայացնելու եւ համապատասխան մակագրություն անելու մասին փաստաթղթի նոտարական թարգմանությունը, եւ էլի մի քանի փաստաթղթեր: Սպասենք բողոքի քննությանը: Բողոք, որի հիմքում մեր դատական պրակտիկայում առաջին անգամ դրվել է հիմնարկներից մեկի ներքին փաստաթուղթը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930