Հավաստիացնում է նոր թատերախումբ հիմնած Վիգեն Ստեփանյանը
Վերջերս Բրյուսելում, տեղի հայ մշակութային «Հայ տուն» կենտրոնի նախաձեռնությամբ, կայացավ ճանաչված դերասան Վիգեն Ստեփանյանի մասնակցությամբ կինոռեժիսորներ Ռուբեն Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» եւ Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
«Առավոտի» հետ զրույցում Վիգեն Ստեփանյանն ասաց, որ տպավորված է կայացած ցուցադրությանը ներկա հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ, մասնավորապես՝ հյուպատոս Հրաչյա Հովհաննիսյանի եւ դեսպանատան աշխատակիցների ոգեւորությամբ. «Ֆիլմերի ցուցադրությունից հետո կայացավ շուրջ 2 ժամ տեւողությամբ երկխոսություն հանդիսատեսի հետ: Հասկացա, որ սփյուռքը պարզապես կարոտ է հայկական ֆիլմերի եւ մենք ինչ-որ տեղ պարտք ենք սփյուռքին: Իսկ այդ պարտք ասվածը վերաբերում է մշակութային ոլորտին: Կարճ ասած՝ ինչով կարող ենք, պետք է աջակցենք: Ավելին, պարտավոր ենք այն անելու»:
Վիգեն Ստեփանյանը թատրոններ հիմնելու եւ ղեկավարելու ավելի քան 25 տարվա փորձ ունի: Նա 1988-ին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, 1992-ին՝ «Մետրո» թատրոնը, 1999թ.՝ «Արեգակ» մանկական թատերախումբը: Վերջերս էլ Բրյուսելում հիմնել է նոր թատերախումբ: Այս առիթով արվեստագետն ասաց, որ հիացած էր հայտարարված մրցույթին մասնակից հայերով, որոնց թվում եղել են մասնագիտությամբ ռեժիսորներ եւ դերասաններ: Թատերախմբի առաջին ներկայացումը, մեր զրուցակցի հավաստմամբ, կկայանա ընթացիկ տարվա աշնանը. «Թատերախմբում ընդգրկվածների ցանկությունն ու ոգեւորությունը շատ մեծ է: Հասկանալի է, որ նրանք ունեն իրենց աշխատանքը եւ պետք է երեկոներն իրենց հանգիստը տրամադրեն փորձերին: Իսկ դրանք կանցկացնեն իմ օգնականները: Կարծում եմ՝ հասկանալի է նաեւ այն, որ ես շուրջ տարին չեմ ապրելու եւ ստեղծագործելու Բելգիայում…»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ Ազգային օպերային թատրոնում 2014թ. հոկտեմբերից Վիգեն Ստեփանյանի՝ իբրեւ թատրոնի ռեժիսորի կատարած աշխատանքով: «Ցանկություն ունեմ ձեռնամուխ լինելու հայ ժամանակակից կոմպոզիտորների, այդ թվում՝ Արամ Սաթյանի, Երվանդ Երկանյանի, Վարդան Աճեմյանի օպերաների բեմադրություններին: Կուզեի անդրադառնալ Վիվալդիի, Սկարլատիի, Հայդնի՝ մեր Տիգրան Մեծին նվիրված օպերաներին»,- ասաց ռեժիսորը: Հետո էլ առանց մանրամասնելու նշեց. «Ես դեռ սպասում եմ՝ երբ կկարողանամ սկսել առաջին աշխատանքս (հավանաբար նկատի ունի ֆինանսական աջակցությունը- Ս. Դ.)»:
Վիգեն Ստեփանյանը հայտնեց նաեւ, թե առաջարկել է ՀՀ մշակույթի նախարարությանն ու օպերային թատրոնի տնօրինությանը իրականացնելու Կոմիտասի սան Բարսեղ Կանաչյանի ծննդյան 130-ամյակի առիթով «Աբեղան» օպերայի բեմադրությունը, որը գրված է Լեւոն Շանթի «Հին աստվածներ» ստեղծագործության հիման վրա: Նշեց նաեւ՝ եթե կան ֆինանսական խնդիրներ, ինքը պատրաստ է ներկայացնել հիշյալ օպերայի համերգային տարբերակը: Իբրեւ վերջաբան էլ հայտնեց՝ ծրագրեր շատ ունի, միայն թե դրանց ինչ-որ չափով աջակցել է անհրաժեշտ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.06.2015