Լրահոս
Օրվա լրահոսը

Որոնք են ամենապահանջված մասնագիտությունները

Հունիս 05,2015 12:30
dimord

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության
պետ Վաչագան Գալստյանի դիտարկումները

Բուհ ընդունվել ցանկացող դիմորդները մայիսի 3-րդ տասնյակի օրերին առավել քան լարված էին: Վերջին զանգի ուրախ տրամադրությամբ հրաժեշտ դալով դպրոցին՝ շրջանավարտներից շատերն իրենց կյանքի հաջողության գրավականը համարում են բարձրագույն կրթություն ստանալը: Մասնագիտական կողմնորոշման առումով որոշ շրջանավարտների համար օրինակ են իրենց ընտանիքի անդամները, ոմանք թերեւս հստակ գիտակցում են իրենց ընտրությունը, ոմանք էլ գուցե գնում են… իրենց պատանեկան երազանքների հետեւից: Սակայն անկախ մասնագիտական կողմնորոշմանը նպաստող գործոններից՝ այս տարվա դպրոցական շրջանավարտների մեծ մասը սեպտեմբերին կհամալրի հանրապետության ուսանողության շարքերը…

Ի դեպ, աշակերտներից զատ՝ մտորելու առիթ ունեն նաեւ կրթական հաստատությունները: Օրինակ՝ վերջին տարիների արտագաղթը դիմորդների թվի նվազման պատճառ է դարձել: Նախորդ տարվա պատկերն այս տարի նույնպես կկրկնվի. որոշ մասնագիտությունների գծով թափուր տեղեր կլինեն:

Ինչ վերաբերում է հատկապես վերջին տասնամյակի ամենապահանջված մասնագիտություններին, ապա այդ ցանկում են՝ «Սոցիալական աշխատանք», «Լրագրություն», «Կառավարում», «Իրավագիտություն», «Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն` անգլերեն լեզու», «Անգլերեն լեզու եւ գրականություն», «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա», «Մաթեմատիկա: Համակարգչային գիտություններ»: Այս ֆակուլտետները վերջին տարիներին դիմորդների նախատեսված տեղերից զգալի թվով հայտադիմումներ են ունենում: Թե դիմորդներից քանիսն են հաղթահարում ընդունելության դժվարին փորձությունը, այլ հարց է. դրա պատասխանը ԳԹԿ-ն (Գնահատման եւ թեստավորման կենտրոն) կներկայացնի քննությունների ավարտից հետո:

Կրկին անդրադառնալով մասնագիտական կողմնորոշմանը՝ նշենք, որ մի շարք բուհեր համագործակցության պայմանագրեր են կնքում հիմնականում ավագ դպրոցների հետ: Ըստ այդ պայմանագրերի՝ դպրոցներում տվյալ բուհերի առաջատար մասնագետները հանդես են գալիս դասախոսություններով, անցկացվում են հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվում են բուհի մասնագիտությունները, տեխնիկական հնարավորություններն ու կրթական ծրագրերը: Նմանօրինակ հանդիպում-քննարկումները ոչ միայն նպաստում են ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, այլեւ դիմորդների՝ դեպի տվյալ բուհ հոսքի ուղղորդմանը: Հիշեցնենք, որ դպրոցների հետ համագործակցության պայմանագրեր պարբերաբար ստորագրում է նաեւ ԵՊՀ-ն: Մայր բուհի համար կարեւոր են ոչ միայն դիմորդների աճը, այլեւ նրանց գիտելիքների պաշարը: Մայր բուհն իր գործունեությամբ նպաստում է ավագ դպրոցների կայացման գործընթացին, ինչը, ըստ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի, մեր ժողովրդի համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է:

Պարոն Գալստյանը նշեց, որ 2015-2016 ուստարում ԵՊՀ-ն կատարելու է 53 մասնագիտությունների գծով ընդունելություն. «Հունիսի 1-ին ավարտվեց 1-ին փուլով նախատեսված հայտադիմումների ընդունումը: Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի դիմորդների թիվը 10%-ով նվազել է, ԵՊՀ-ում 5 %-ով: Այս տարի պետության կողմից տրամադրվել են 344 պետպատվերով (անվճար) եւ 3046 վճարովի տեղեր: Սեպտեմբերի 1-ին ավելի քան 3000 դիմորդներ կհամալրեն համալսարանականների շարքերը»:
«Սոցիալական աշխատանք», «Լրագրություն», «Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն` անգլերեն», «Հանրային կառավարում», «Կառավարում» եւ «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով հունիսի 1-ի տվյալներով ստացվել են ամենաշատ հայտադիմումները:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը փաստեց, որ ինչպես վերջին երեք տարիներին, այնպես էլ այս տարի բավականին վատ վիճակում է գտնվում բնագիտական ֆակուլտետների մասնագիտությունների գծով ընդունելությունը. «16 մասնագիտությունների գծով 2014-2015 ուստարում թափուր տեղեր մնացին: Նույն պատկերը կարող է կրկնվել նաեւ այս տարի, եթե երկրորդ փուլի հայտադիմումների ավարտից հետո թվերն ակնհայտորեն չփոխվեն»:
Մինչհամալսարանական կրթության վարչության պետը նշեց, որ նախորդ տարի 3723 գրանցված դիմորդներից ԵՊՀ է ընդունվել 3200-ը. «Դա լավ ցուցանիշ եմ համարում եւ ակնկալում, որ նույնը կկրկնվի այս տարի: Իհարկե, այդ գործում մեծ են նաեւ թեստերի մատչելիությունն ու դիմորդների պատրաստվածությունը»:

Դիմորդների ընդհանուր թվի 30%-ի մշտական մուտքը համալսարան եւ նրանց թվի կայուն վիճակն ու մասնագիտությունների հստակ ընտրությունը պարոն Գալստյանը կապում է ինչպես Մայր բուհի բարձր վարկանիշի, այնպես էլ բուհի կողմից ավագ դպրոցներում տարվող մասնագիտական կողմնորոշմանն ուղղված աշխատանքների հետ: Հօգուտ դիմորդների՝ տեղեկացվածությունը տարեցտարի գնալով աճում է, եւ նրանք ստիպված չեն լինում երկար մտածել կամ ծնողների հետ քննարկել այս կամ այն մասնագիտության պահանջարկն ու ընձեռած հնարավորությունները: Պարոն Գալստյանը վստահ է՝ նրանցից 60-70%-ը հստակ կողմնորոշմամբ է մտնում ԵՊՀ, իսկ այն շրջանավարտները, ովքեր որեւէ ընտրություն չեն կատարել, տեղում Մայր բուհի մասնագետներն են օգնում՝ ներկայացնելով մասնագիտական նրբությունները եւ դրանք համադրելով դիմորդների կրթական հնարավորությունների հետ: Տեղեկացնենք նաեւ, որ ընդունելության երկրորդ փուլը նախատեսված է քոլեջների, արհեստագործական ուսումնական հաստատություններն ավարտողների, ՀՀ երկքաղաքացիների, օտարերկրացիների, այլ երկրների բուհեր ավարտած ՀՀ ուսանողների ու բանակից զորացրվածների համար: Երկրորդ փուլի հայտագրումը հունիսի 24-ից հուլիսի 1-ը կատարվելու է ԳԹԿ-ում: Հավելենք, որ նախորդ ուսումնական տարում մարզային դպրոցներից ամենաշատ դիմորդներ են ԵՊՀ ընդունվել Կոտայքի, Գեղարքունիքի ու Արմավիրի մարզերից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930