Մենք չենք կարող մեզ շռայլություն
թույլ տալ՝ եւս մեկ անգամ խաբելու ինքներս մեզ
Ռիգայում մայիսի 21-22-ը կայացած Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովն անցյալում է, հնչեցին բազմաթիվ մեկնաբանություններ, տրվեցին գնահատականներ: Հիմա սպասելու ժամանակն է:
Եվրահանձնաժողովը դրական զեկույց է ներկայացրել Խորհրդին, որը պետք է հաստատի Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատը: Ակնկալվում է, որ շուտով այդ մանդատը կհաստատվի, եւ ԵՄ-ն ու Հայաստանը կսկսեն բանակցությունները:
Կարո՞ղ ենք վստահ լինել, որ երբ Հայաստանն ու ԵՄ-ն պաշտոնապես սկսեն բանակցությունները, եւ երբ գործը հասնի նոր համաձայնագիրը ստորագրելուն` Հայաստանն այն կստորագրի: Չկա՛ նման երաշխիք: Հայաստանի` Ռուսաստանից կախվածության աստիճանն այնքան մեծ է, որ նման նշանակության համաձայնագրի ստորագրման որոշման հարցում Հայաստանի իշխանությունները պետք է ստանան Մոսկվայի «դաբրոն»:
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմաններում, թե ինչ սահմաններում կարող է մեր երկիրը ԵՄ-ի հետ խորացնել հարաբերությունները, ինչպես ասում են՝ բանակցությունների առարկա է, ամեն ինչի շուրջ էլ ցանկության դեպքում հնարավոր է ընդհանուր հայտարարի գալ:
Կարդացեք նաև
Հայաստանի իշխանությունները, մասնավորապես` Սերժ Սարգսյանը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրել, բայց պայմանով, որ պետք է հաշվի առնվեն ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը, ստանձնած պարտավորություններն այդ կառույցին:
Այստեղ իսկապես փոքր-ինչ խառնաշփոթ, իհարկե, ստեղծվում է` «համատեղելիությունն» ապահովելու տեսանկյունից, եթե բացի քաղաքական մասից՝ նաեւ առեւտրատնտեսական բաղադրիչ է պարունակելու նոր համաձայնագիրը: Իսկ դա նշանակում է, որ ԵՄ-ի հետ բանակցելիք նոր փաստաթղթի տնտեսական մասում կարող են հայտնվել տնտեսական մրցակցային քաղաքականությանը, թափանցիկությանը, ներդրումային մթնոլորտին եւ մաքսային վարչարարությանը վերաբերող դրույթներ:
Ռիգայի գագաթնաժողովից հետո էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հայտարարել է. «Մենք սկզբունքորեն որոշել ենք, որ այդ ոլորտները մնալու են ստորագրվելիք համաձայնագրում: Թե ինչ ձեւակերպմամբ, ինչ տեսքով՝ սրանք արդեն արդյունքն են լինելու նոր բանակցությունների»: Մելքոնյանը մանրամասնել է, որ հին համաձայնագրից ուշադրությամբ «հանել ու մաղել են» այն ամենը, ինչը համատեղելի չէ ԵՏՄ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին:
Այս տեխնիկական հարցերից բացի, սակայն, առավել կարեւոր է մեկ այլ հանգամանք. մեր երկրի ներսում քաղաքական, հասարակական դաշտում օրակարգ ձեւավորվելո՞ւ է, մեր հասարակությանը հասցվելո՞ւ են այն առավելությունները, որը մենք կարող ենք ունենալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումից:
Օրինակ՝ ռեադմիսիայի՝ հետընդունման եւ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերը, որոնք կնքվել էին ԵՄ-ի հետ, եւ որոնք ուժի մեջ մտան 2014 թվականի հունվարին, դրանք ճանապարհ են բացել, որպեսզի նոր գործընթաց մեկնարկի, որը տանելու է արդեն դեպի վիզային ռեժիմի, արտոնագրային ռեժիմի ազատականացում: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են ազատվել ԵՄ վիզաների եւ արտոնագրերի պահանջից:
Ռիգայի գագաթնաժողովում ամրագրվեց, որ Հայաստանի առջեւ ԵՄ դռները չեն փակվել, եւ որ Երեւանն ու Բրյուսելը պատրաստվում են կնքել նոր համաձայնագիր: ԵՄ-ն ամեն օր կարող է այս ամենը կրկնել ու վերահաստատել:
Որքանո՞վ են Հայաստանի իշխանությունները պատրաստ քաղաքական կամք դրսեւորել, իրապես բարեփոխումներ իրականացնել, իմիտացիայով չզբաղվել: Մենք պարզապես չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ եւս մեկ անգամ խաբելու ինքներս մեզ:
Մեր երկրի ներսում քաղաքական դաշտը, քաղաքացիական հասարակությունը՝ բոլորն անելիք ունենք: Մենք մեր ներսում պետք է ճշգրտենք, թե ինչ ենք ցանկանում ու հանուն ինչի ենք ցանկանում, եւ որոնք են մեր երկրի զարգացման առաջնահերթությունները:
Եվրասիական միությունը դեպի մեկուսացում տանող ճանապարհ է, եւ հուսանք, որ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, դեպի ԵՄ արված քայլերն ու «մեսիջները» գիտակցված են այն առումով, որ Հայաստանը եւ Հայաստանի հասարակությունը պարզապես այլընտրանք չունեն:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.06.2015