Երեք օր շարունակ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա մոտիկից ծանոթանալու Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթին:
«Ալան» պարի համույթի համերգով այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթի օրերը Հայաստանում» խորագրով արվեստների միջազգային փառատոնը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում, կարևորելով այս միջոցառումը, նշեց, որ Հայաստանում առաջին անգամ են Հյուսիսային Օսեթիայի մշակույթի օրեր կազմակերպվում. «Այս նախաձեռնության հեղինակները երկու երկրների օպերայի և բալետի թատրոններն են, որոնք մշակութային համագործակցության պայմանագիր էին կնքել: Ուրախալի է, որ մշակութային կազմակերպություններն արդեն իրենք են իրար հետ համագործակցում և այսպիսի գեղեցիկ միջոցառումներով հանդես գալիս»,- ասաց փոխնախարարը:
«Մեր երկու ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Վլադիկավկազ քաղաքում, օրինակ, հսկայական հայկական համայնք կա: Հայկական սփյուռքի հետ շփումները մեր մշակույթի անբաժանելի մասն են կազմում: Վլադիկավկազում Գրիգոր Լուսավորչի հիասքանչ տաճար կա, որը զարդարում է մեր քաղաքը»,- ասաց Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթի նախարարի տեղակալ Մադինա Աթաևան՝ հավելելով, որ իրենք առաջին անգամ են լինում Հայաստանում: Նա հույս հայտնեց, որ նման այցերը շարունակական կլինեն, և իրենց միջոցառումները հայ հանդիսատեսին դուր կգան:
Կարդացեք նաև
Նկատենք, որ հունիսի 3-6-ն անցկացվող փառատոնն իրականացնում է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության պարուսույցների միությունը՝ Ռուսաստանի Դաշնության, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տեղեկացնենք, որ վաղը՝ հունիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի մենակատարների համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևա):
Մշակույթի օրերի շրջանակում կկազմակերպվեն նաև վոկալի, ժողովրդական-բեմական պարի և դերասանական վարպետության դասընթացներ: Դասընթացները կվարեն Լարիսա Գերգիևան, ՌԴ վաստակավոր արտիստ, «Ալան» համույթի գեղարվեստական ղեկավար Էլբրուս Կուբալովը, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ, օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի տնօրեն Անատոլի Գալաովը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ