Հայաստանում միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ այսօր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների համար մի շարք անձինք մրցանակներ ստացան:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանին հանձնեց «Ազատության պաշտպան» մրցանակը:
ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրկ Լորենցը «Խիզախ կին» մրցանակը հանձնեց հայտնի բախտագուշակ Վարսիկի նախկին հարսին , որը իրեն խոշտանգելու համար դատի էր տվել ամուսնուն: 27 ամյա Հասմիկ Խաչատրյանը, մրցանակը ստանալով, կոչ արեց բոլոր կանանց պաշտպանել իրենց իրավունքները ու չկորցնել հույսը, որովհետեւ միշտ կա մի լուսավոր կետ, որին հասնելով՝ սկսում ես արժանապատիվ ապրել:
«Մեդիա գերազանցություն» մրցանակն էլ Միացյալ թագավորության դեսպան Քեթի Լիչից ստացավ «Հետքի» թղթակից Զարուհի Մեջլումյանը (լուսանկարում):
Կարդացեք նաև
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ կառավարության բարեփոխիչ անվանակարգում համընդհանուր իրավունքների մրցանակը հանձնեց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ: Ի դեպ, Գեւորգյանը համառորեն հրաժարվեց լրագրողներին հարցազրույց տալ:
Մրցանակներ ստացան նաեւ Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը՝ ՏԻՄ բարեփոխման առաջատարը լինելու համար եւ «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը՝ հաշմանդամ մարդկանց համար ծառայությունները բարելավելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Հետքի»: Լուսանկարում՝ Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը մրցանակ է հանձնում «Հետքի» լրագրող Զարուհի Մեջլումյանին: