Հունիսի 3-ին Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը (նստավայրը` Բրյուսել) իր հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին:
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Մարգարյանի առանձնազրույցը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի հետ, ով, շնորհավորելով դեսպանին հավատարմագրման կապակցությամբ, հույս հայտնեց, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում:
Դեսպան Մարգարյանը, նշելով Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի երկխոսության առկայության փաստը, շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Զրուցակցի խնդրանքով` Թաթուլ Մարգարյանը ներկայացրեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը` հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգը շուտով կստանձնի ԵՄ նախագահությունը: Կողմերը քննարկեցին նաև հայ-լյուքսեմբուրգյան գործարար կապերի զարգացման հնարավորություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: