Այսօր լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ ստվերից դուրս են բերել բավականին մեծ ծավալներ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ր ոլորտներն եք դուրս բերել ստվերից:
Նախարարը պատասխանեց. «Բոլոր, հատկապես պիտակավորումը մեծ դերակատարություն ունեցավ, հատկապես բջջային օպերատորների մոտ, հանքահումքային ոլորտում: Այնպես չի, որ եթե մի ոլորտում գործողություն անում ես, այդ ոլորտում էլ անելիք չունես»:
Քանի որ խոսքը հենց բջջային օպերատորների մասին էր, եւ Գագիկ Խաչատրյանի անունը կապվում է «Յուքոմի» հետ, լրագրողները հետաքրքրվեցին՝ կարո՞ղ է այստեղ ինչ-որ շահերի բախման խնդիր կա՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Հիմա ես ինչ ասեմ, որ դուք հավատաք, որ ես ընդհանրապես չեմ մասնակից լինում նման բիզնես ծրագրերի: Դուք կարող եք գնալ անկախ փորձագիտական ուսումնասիրություններ անել՝ համոզվելու համար, որ ես որեւիցե միջամտություն, օգնելու կամ խանգարելու խնդիր չունեմ: Ինչի՞ է ձեզ թվում, որ էս երկրում ես ինչ ուզեմ, կարող եմ անել: Չէ, կան կառույցներ, որ նաեւ մեզ են չէ՞ հսկում»:
Լրագրողների դիտարկմանը՝ թե՛ հանքահումքային, թե՛ բջջային ոլորտում մեծ խաղացող է Ռոբերտ Քոչարյանը, միգուցե ի՞ր հետեւից եք ընկել՝ նա պատասխանեց. «Եթե դու էդքան բան գիտես, ես չգիտեմ: Ինձնից շատ բան գիտեք: Ինչի՞ եք հնչեղություն ունեցող անուններ տալիս: Դե որ գիտես, հավատա, ես չգիտեմ: Ես ինչքան քիչ բաներ իմանամ, ավելի լավ եմ աշխատում»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ ցավոք, Դուք գիտեք՝ Գագիկ Խաչատրյանը ծիծաղեց. «Դե, եթե ինքը ասեց, արդեն իմացա, բայց ինչքանով է ճիշտ, ես չգիտեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ