Հանրային խորհրդի նիստում բավական թեժ քննարկում ծավալվեց ալյուրի հարստացման թեմայի շուրջ:
Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի նախագահ Հայրապետ Գալստյանը պատճառաբանեց, թե «Ալյուրի հարստացումը հանրային առողջապահության պահպանման արդյունավետ միջոցառում է համարվում»:
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանը մտահոգություն հայտնեց, թե ալյուրի հարստացումը կարող է հանգեցնել քաղցկեղի, աուտիզմի և այլ հիվանդությունների:
Շատերը կարծիք հայտնեցին, թե մինչև 1947 թիվը, որ ֆոլաթթու չկար, բա մարդիկ ո՞նց էին ապրում:
Կարդացեք նաև
Արշակ Սադոյանը կռվում էր ու պաշտպանում ալյուրի հարստացման նախաձեռնությունը, սակայն չգիտեր, որ ֆոլաթթուն ավելացնում են ոչ թե լավաշի մեջ, այլ ալյուրի:
Հանրային խորհրդի անդամ Հենրիկ Հովհաննիսյանի ելույթը բավականին խիստ էր. «Չպղծեք հացը, հացը սրբություն է»:
Ներկա էր նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նա պնդեց, որ ի հեճուկս մեղադրանքների՝ նախարարությունը մեկ դրամ անգամ չի ստացել այդ ծրագրի իրականացման համար:
Այնուհետև հիշեցրեց, թե մի երիտասարդ հայտարարում էր իրենց գլուխները ալյուրի հարստացման համար ջարդելու մասին: Այդ անձնավորությունը՝ «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» անդամ Արթուր Ալեքսանյանը դահլիճում էր: Նա վրդովվեց. «Եթե ինձ է վերաբերում խոսքը, ինձ իրավունք եմ վերապահում պատասխանելու»:
Այնուհետև միջամտեցին ՀԽ անդամներ Ռոբերտ Ամիրխանյանն ու Արշակ Սադոյանը՝ նրան դուրս հրավիրելով: Վազգեն Մանուկյանը ստիպված հայտարարեց ընդմիջում:
Ընդմիջման ընթացքում Արթուր Ալեքսանյանը նշեց, թե իրեն սադրել են ու ինքը իրավունք ուներ պատասխանելու: Վազգեն Մանուկյանը նրան խնդրեց դուրս գալ դահլիճից, ուստի նա հարգելով Վազգեն Մանուկյանի խնդրանքը՝ դուրս եկավ:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ անձնական խնդիրներ ունի՞ փոխնախարարի հետ, նա պատասխանեց, որ ժամանակին մի արտահայտություն է արել, թե «բոլոր դավաճաններին սատկացնելու ենք այլուրի մեջ տարբեր տեսակի կասկածելի թունավոր բնույթի քիմիական նյութեր խառնելու համար», ինչը մնացել է որոշ մարդկանց մեջ:Նա նշեց, թե որևէ անձնական խնդիր չունի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ Սահմանադրություն,հոդված 17.” Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական,բժշկական և այլ փորձերի”: