«Բոլորս էլ գիտենք, որ քննությունը սթրեսածին գործոն է: Պատճառներից մեկն անորոշությունն է, մյուսը՝ այն, որ քննությունը հնարավորություն է տալիս գնահատել մարդու գիտելիքներն ու հնարավորությունները, ինչը ևս տագնապ, անհանգստություն է առաջացնում մարդու մեջ»,- ասում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը:
Հոգեբանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ արտահայտեց, որ իրենք չեն կարող մեկ օրում, մեկ ժամում, առավել ևս քննության նախօրեին լիարժեք օգտակար լինել դիմորդին, որպեսզի վերջինս քննության ժամանակ չունենա լարվածություն: «Դա ժամանակատար գործընթաց է,- ընդգծեց Ս. Հարությունյանը,- ընդհանրապես, քննություններին պատրաստվելիս դիմորդներն առնվազն մեկ-երկու տարի տրամադրում են տվյալ առարկայից գիտելիքներ ձեռք բերելուն, բայց անտեսում են հոգեբանական պատրաստվածության կարևորությունը, մինչդեռ անհրաժեշտ է, որ նրանք նույնքան ժամանակ էլ տրամադրեն հոգեբանական որոշակի գիտելիքների տիրապետմանը»:
Հոգեբանական պատրաստվածություն ունենալու համար հոգեբանը խորհուրդ է տալիս դիմորդներին մասնակցել հոգեբանական թրեյնինգների, որոնց ընթացքում մասնագետը կօգնի նրանց կառավարել սեփական հույզերը: «Սթրեսը մեծ ազդեցություն է ունենում և´ հուզական, և´ իմացական ոլորտների վրա: Այն խանգարում է ուշադրության կենտրոնացմանը, հիշողությանը, մտածողությանը… Սրանք գործոններ են, որոնք որոշիչ դեր կարող են խաղալ քննության ժամանակ: Քիչ չեն, չէ՞, դիմորդները, որոնք գիտելիքների առումով առավելագույնս պատրաստված են, բայց քննության ժամանակ որոշակի անհաջողություններ են ունենում»,- ասաց հոգեբանը՝ համոզմունք հայտնելով, որ հոգեբանական որոշակի պատրաստվածության դեպքում կարելի է խուսափել այս ամենից:
Հոգեբանը նաև հորդորեց դիմորդներին քննության գնալ ինքնավստահ և դրական տրամադրվածությամբ՝ համոզված, որ իրենք կարող են: «Քննության նախօրեին էլ, հատկապես գիշերը, պետք չէ շատ կարդալ: Դա դիմորդների կողմից ընկալվում է իբրև արդյունավետ տարբերակ, բայց իրականում հակառակն է. ոչ միայն քննության նախօրեին, այլև առհասարակ, ցանկալի է առողջ, բնականոն քուն ապահովել: Շատ կարևոր են նաև վիտամիններով հարուստ սնունդն ու ֆիզիկական աշխուժությունը»,- հավելեց Ս. Հարությունյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ