Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Խոսրոեւ. «Ազգային փոքրամասնություններից շատերը Հայաստանում են հայտնվել Ցեղասպանության արդյունքում»

Հունիս 04,2015 16:52

Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները պատրաստվում են ՄԱԿ-ի անդամ երկրներին ուղերձ հղել, որպեսզի դատապարտեն 1915 թ. կատարված ցեղասպանությունը՝ աշխարհի ապագան վտանգի տակ չդնելու համար: Ուղերձը ստորագրել են 18 կազմակերպություններ` 11 համայնքներից:

Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը համակարգող խորհրդի նախագահ, ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Ցեղասպանությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման իրենց ուղերձից, անչափ կարեւորեց դրա նշանակությունը: «Այս օրերին երբ համայն առաջադեմ մարդկությունը ընդունում է օրենքներ, որոշումներ՝ դատապարտելու 1915թ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները չէին կարող անմասն մնալ այդ ամենից, ոչ միայն նրա համար, որ իրենք էլ Հայաստանի քաղաքացի են, այլ՝ որովհետեւ այդ ազգություններից շատերը Հայաստանում հայտնվել են ցեղասպանության հետեւանքով, նկատի ունեմ ասորիներին, հույներին, եզդիներին, քրդերի որոշ մասին: Մի քանի օր առաջ մենք հրաշալի մի երեկո անցկացրինք «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ բոլոր ազգային փոքրամասնությունները հիշում էին ու դատապարտում ոչ միայն հայերի ցեղասպանությունը, այլ նաեւ բոլոր այն ցեղասպանությունները, որոնց արդյունքում իրենք Հայաստանում են: Ժապավենի նման ամբողջ երեկոյի ընթացքում գնում էր Հայոց ցեղասպանությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմը, հրեաների ցեղասպանությունը, այսօր Արեւելքում տիրող քրիստոնյաների վիճակը, եզդիների, ասորիների կոտորածները, իսլամական ուժերի կողմից Արեւելքի հնագույն արժեքները գետնին հավասարեցնելը…

Ամբողջ երեկոյի իմաստը այն էր, որ ժամանակն է կանխել պատերազմները, որովհետեւ ամեն մի պատերազմ դա ցեղասպանություն է, ինչ լուրջ հավատքի ու նպատակի համար էլ ծառայեն պատերազմները, միեւնույն է՝ մարդուց ավելի բարձր արժեք չկա: Այդ երեկոյի ընթացքում էլ հենց ծնվեց աշխարհի դիվանագետներին, ՄԱԿ-ի անդամ երկրներին դիմելու գաղափարը:

Ուղերձի խորհուրդն այն է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները պատասխանատվության զգացումով դիմում են բոլորին, որպեսզի կանխվեն պատերազմները: Ուղերձը նաեւ ենթատեքստեր ունի, որոնք վերաբերում են Թուրքիայի դատապարտմանը, անհանդուրժողականությանը: Ուղերձը ուղղված է ՄԱԿ-ի անդամ երկրներին, որ դատապարտեն 1915 թ. կատարված ցեղասպանությունը՝ աշխարհի ապագան վտանգի տակ չդնելու համար»,-ասաց Ռազմիկ Խոսրոեւը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930