Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը՝ հոսանքի թանկացման մասին. «Եթե ասում են 17, որ հետո բարիշեն 6-7-ին, ապա դա պրիմիտիվ խաղ է»

Հունիս 04,2015 15:53

Հանրային խորհուրդն այսօր լիագումար նիստում քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ քննարկմանը հրավիրել էին նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, բայց մերժում են ստացել:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կոչված է մանրամասն ուսումնասիրել բաշխիչ ցանցերի հայտը և հայտնել, թե որքանով է արդարացված հայտը:

Այնուհետև Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, թե մեր վեճը ոչ թե պետք է լինի ՀԷՑ-ի հետ, այլ հանձնաժողովի. «Երբ հայտը ներկայացվեց, հասարակության մոտ առաջացավ դժգոհություն փաստաթղթի հետ կապված, բայց դրանից ավելի կարևոր էր այն դժգոհությունը, որ բարձրացվեց հասարակության կողմից, որ արդարացված չէր այդ բարձրացումը»:

Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն էլ ասաց, թե Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը քննարկել է այս հարցը եւ ունի իր նախնական կարծիքը, որը բացասական է:

Պարոն Սաֆարյանը նշեց. «Նրանք դա հիմնավորում են, որ էլեկտրաէներգիայի արտադրության փաստացի կառուցվածքի պլանավորվածից շեղվելու հետեւանքով առաջացել են պարտքեր, սակայն եթե խոսքը գնում է ատոմակայանի 100-օրյա պարապուրդի մասին եւ դրա փոխարեն Հրազդանի ջէկերից էլեկտրական հոսանքի ստացմանը, ապա դա եղել է անցած տարի, իսկ պարտքերը կազմում են 37 մլրդ դրամ, որոնք կուտակվել են 3 տարում: Ինչ վերաբերում է սակավաջրությանը, ապա իրոք 2014 թիվը եղել է սակավաջուր, իսկ 2015 թվականը ջրառատ տարի է, եթե սակագնի փոփոխման համար ելակետ է վերցվում 2014 թ. եղանակային պայմանները, ապա 2015, 2016 թվականները, եթե ջրառատ տարիներ լինեն, ինչ է ստացվում, սակագինը նվազեցնելու հայտ են ներկայացնելու: Այնպես որ, այս հիմնավորումը համոզիչ չէ եւ միակողմանի շահ է հետապնդում»:

Դառնալով ՀԷՑ-ի ծախսերին՝ ներկայացրեց որոշ թվային տվյալներ. «Շահագործման եւ նորոգման ծախսերի մեծությունը հաշվարկվել է հիմք ընդունելով բաշխիչ ցանցի հուսալի եւ անվտանգ շահագործման համար անհրաժեշտ իրական պահանջարկը: Եթե այս ծախսերը 2014 թվականին կազմել են 55,579 մլրդ դրամ, ապա 2015-16թթ. պահանջում են 94,385 մլրդ դրամ, կամ 38,806 մլրդ դրամ ավելի, այսինքն՝ ավելացում 70%-ի չափով, ինչպես հասկանալ այսպիսի մոտեցման տրամաբանությունը: Ստացվում է, որ 3 տարիների կուտակված պարտքը մեկ տարում պետք է փակվի սպառողի կողմից»:

Դառնալով ցեմենտի գներին, պարոն Սաֆարյանն ասաց. «Շատ է խոսվում ցեմենտի մասին, որը գնվել է 1 կգ-ը 57000 դրամով եւ ձեռք բերված 63 տոննա ցեմենտի համար վճարվել է 3,6 մլրդ դրամ, կամ 7,5 մլն դոլար, այսպիսի վիճահարույց եւ ոչ իրական թվեր կան ընթացիկ վերանորոգման նյութերի ձեռքբերման տեղեկանքում: Բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական եւ առեւտրային կորուստների հաշվարկային մեծությունը ընդունվել է 12,4%, մինչդեռ 2014-15 թթ. այն հաստատվել է 11,2%, որը կազմել է 706,3 մլն կվտ/ժ, ապա 2015-16թթ. առաջարկվում է սահմանել կորուստների համար 12,4%, որը կկազմի 790,290 մլն կվտ/ժ: Ստացվում է, որ գործող 154 փոքր հէկերի 2015 թվականին արտադրվելիք 740 մլն կվտ հոսանքի չափ կորուստ է լինելու: Այստեղ լուրջ խնդիր կա, տարեցտարի կորուստների ավելացումը խոսում է այն մասին, որ ՀԷՑ-ը արձանագրում է կորուստների աճ, այլ ոչ թե նվազեցում: Մեր ունեցած տվյալներով՝ թույլատրելի կորուստները էլեկտրահաղորդման գծերում կարող են լինել 2-2,5%, տրանսֆորմատորային ենթակայաններում՝ 3-4%»:

Խոսելով որակյալ հոսանքի մատակարարման մասին, պետք է նշել, որ շատ գյուղական վայրերում բնակչությունը չի ստանում 220 վոլտ հոսանք, այն ցածր է, սակայն սպառողները վճարում են 41,85 դրամով, այստեղ խախտվում է սպառողի իրավունքը եւ բացի այդ, առաջանում են գերշահույթներ»:

Աշխատավարձերի մասին խոսելով՝ պարոն Սաֆարյանը նշեց. «Առկա է ղեկավար կազմի բարձր աշխատավարձերի փաստը եւ միջին մասնագիտական անձնակազմի անհամեմատ ցածր աշխատավարձերը»:

Նա առաջարկում է դիմել РАО ЕС-ին՝ իր օգուտների հաշվին փոխհատուցել առաջացած պարտքը, կասեցնել Որոտանի հէկերի (սակագինը` 7,98 դրամ) վաճառքը (180 մլն դոլարով), հնարավորինս մեծացնել կամ պահպանել Սեւան–Հրազդան կասկադի Միջազգային էներգետիկ կորպորացիայի էլեկտրական հոսանքի արտադրության ծավալները: Այնուհետև նշեց. «2014 թվականին արտադրվել է 550 մլն կվտ/ժ, 2015թ. նախատեսվում է 450մլն կվտ/ժ, Որոտանի հէկ-ից 2014թ. արտադրվել է 999,9 մլն կվտ/ժ, 2015թ. նախատեսվում է 900 մլն կվտ/ժ, Երեւանի ջէկի արտադրած հոսանքի 2014թ. 1552,5 մլն կվտ/ժ արտադրած հոսանքի դիմաց 2015թ. պետք է արտադրվի 1547 մլն կվտ/ժ: Այս մոտեցումները չեն նպաստի սակագնի իջեցմանը»:

Պարոն Սաֆարյանը նշեց, որ բնակչությունն ու տնտեսությունը քիչ են օգտագործում էլեկտրաէներգիա, իսկ հետագա թանկացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալների կրճատմանը:

Վազգեն Մանուկյանն էլ քննարկելով հանձնաժողովների որոշումները, որոնք խոշոր հաշվով դեմ էին էլեկտրաէներգիայի թանկացմանը, նշեց. «Եթե ասում են 17, որ հետո բարիշեն 6-7-ին, ապա դա պրիմիտիվ խաղ է»:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, ամփոփելով իրենց հանձնաժողովի եզրակացությունը, «կատեգորիկ» պնդեց. «Ոչ մի պատճառ չկա հոսանքի սակագնի թանկացման: Պատճառ են բերում սակավաջրությունը, բայց որ Սևանից ավել ջուր են բաց թողել, դա ինչպես կմեկնաբանեն: Կատեգորիկ պահանջում ենք, որ որևէ հեռավոր հնարավորություն նույնիսկ մեկ դրամով թանկացնելու չլինի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ցավոք պրիմիտիվ խաղ է և արդեն բազմակի անգամ հաջողությամբ կրկնվել է Նազարյանի հանձնաժողովի կողմից: Ծիծաղելի է, բայց՝ փաստ: Գների նման թանկացման դեպքում արդեն կթաղվեն նաև ՀՀ արդյունաբերության վերականգնման հույսերը: Արդեն Ռեգնում գործակալությունը նշում է, որ Որոտանի ՀԷԿ վաճառվել է ամերիկացիներին: Այն պետք էր պահել պետության հովանու տակ և իր օգուտները բավարար էին արդիականացման համար: Այդ նույն հաշվարկով էլ նրանք գնել են կայանը: Ամոթ է… Իսկ ՀԽ դերը պարզ չէ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930