Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքի ազատությո՞ւն, թե՞ վիրավորանք ու ատելության կոչ

Հունիս 04,2015 15:26

Հայաստանում խոսքի ազատության տակ քողարկվող, ընդհուպ՝ ատելություն պարունակող վիրավորանքն ու զրպարտությունը, թեև շարունակում են հաճախ անպատժելի մնալ, սակայն վերջին դատական որոշումն այս ոլորտի կարգավորման հույսեր է արթնացնում:

Մայիսի 14-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, շուրջ մեկ տարի տևած դատական քաշքշուկներից հետո մասնակիորեն բավարարեց «Նոր սերունդ» ՀԿ-ի երեք անդամներ՝ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի, հայցն ընդդեմ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթի և ընդդեմ թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի։

Քաղաքացիները դատարանից պահանջում էին ճանաչել, որ թերթն իր մի քանի հրապարակումներով ատելության քարոզ է տարածել իրենց նկատմամբ։ Դատարանի որոշմամբ թերթը պետք է 250 հազարական դրամ (հայցող պահանջվում էր 3 մլն դրամ) վճարի «Նոր սերունդ» ՀԿ երեք անդամներին՝ նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։

Արման Սահակյան

Արման Սահակյան

Թեև հայցի մասնակի բավարարմանը, հայցվորներից «Նոր սերունդ» ՀԿ-ի աշխատակից Արման Սահակյանի համար դատարանի վճիռը անսպասելի էր, սակայն տրամաբանական և նախադեպային:

«Ամեն բան սկսվեց նրանից, երբ անցյալ տարի մայիսի 17-ին «Իրավունք» թերթի կայքում հրապարակվեց «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված, որում ներկայացված էր 60 անձանց անուններից բաղկացած սև ցուցակ՝ նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով՝ կոչ անելով այդ մարդկանց նկատմամբ «զրո հանդուրժողականություն ցուցաբերել, աշխատանքի չընդունել, հեռացնել պետական ծառայությունից ու տեսնելիս չբարևել»,-ասում է Սահակյանը՝ հավելելով, որ «Իրավունք»-ն այդ մարդկանց էր անդրադարձել, քանի որ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ նրանք քննադատել էին երգչուհիներ և 2014թ. Եվրատեսիլ մրցույթի Հայաստանի ազգային ժյուրիի անդամ Ինգա և Անուշ Արշակյաններին Ավստրիացի տրանսվեստիտ երգչուհի Կոնչիտա Վուրստի նկատմամբ իրենց «զզվանք»-ն արտահայտելու համար:

Բացի «Նոր սերունդ» ՀԿ-ի երեք անդամներից, ցուցակում հայտնված ևս 16 քաղաքացիներ էլ միասնական հայցով էին դիմել դատարան՝ պահանջելով ներողություն խնդրել պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, հերքում տպել և իրենց 5 միլիոն դրամ վճարել: Սակայն Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, ավելի վաղ ոչ միայն մերժել էր նրանց հայցը, այլ նաև պարտավորեցրել քաղաքացիներին «Իրավունք» թերթին վճարել 150 հազար դրամ որպես փաստաբանի վճարի փոխհատուցում և նույնքան գումար բռնագանձել հօգուտ Հովհաննես Գալաջյանի։ Արդեն մայիսի վերջին էլ այս խմբի հայցը մերժվել է Վճռաբեկ դատարանի կողմից:

«Մենք ի սկզբանե որևէ ակնկալիք չունեինք այս դատավարությունից, պարզ էր, որ այսպես էլ կլիներ, սակայն եթե լիներ հակախտրականության դեմ օրենք, նրանք կպատժվեին, սակայն մենք նույնիսկ այդ օրենքը չենք կարողանում մշակման փուլ մտցնել, ստիպված ենք լինելու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և երբ ՄԻԵԴ-ը վճիռ կայացնի ՀՀ-ի դեմ և ստիպի փոխհատուցել մեզ հասցված բոլոր կորուստներն ու վնասները, սա կդառնա նախադեպ, և բոլոր մարդիկ, ԶԼՄ-ները, կառույցները և ինքը պետությունը նման հայտարարություններ, պիտակավորում և ցուցակագրում անելուց առաջ կմտածեն, թե ինչ գլխացավանքի մեջ են մտնում կամ կգիտակցեն, որ դա մարդու մի շարք հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարում է»,-ասում է 16-ի գործով հայցվոր, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը:

16 քաղաքացիները վիրավորական և արժանապատվությունը վնասող են համարել հոդվածում նշված մի շարք արտահայտություններ, մասնավորապես «սրանք», «գեյ-քարոզչության դրույթներին հավատացող զոմբի», ինչպես նաև «…. յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է, և վերջ», մինչդեռ դատարանի եզրակացության մեջ նշվում է, որ այդ մեկնաբանությունները նպատակ չեն հետապնդել վիրավորելու հայցվորներին և ամբողջությամբ համապատասխանում են խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին:

Ashot_Meliqyan

Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ «Իրավունքի» մոտեցումն ամենևին էլ արդարացված չէ և նույն մտքերն ու դիրքորոշումը կարելի էր արտահայտել շատ ավելի հանդուրժող մոտեցումներով:

«Թերթն, այնուամենայնիվ խախտել է օրենքն ու հոդվածներում վիրավորանքի ակնհայտ դրսևորում կա: Խոսքի ազատությունը դա անկաշկանդ մտքերի և տեղեկությունների տարածելու իրավունքն է, սակայն ողջամիտ սահմանափակումներով: Շատ ժամանակ խոսքի ազատությունն ամենաթողությամբ ու սանձարձակությամբ է շփոթվում և դրանով իսկ հենց խոսքի ազատությանն է վնաս հասցվում, սակայն սանձարձակությունն ամենևին էլ չի կարող ազատության դրսևորում լինել»,-ասում է Մելիքյանը՝ հավելելով, որ դատարանի 16-ի գործով վճռում իր ազդեցությունն է ունեցել նաև երկրի նախագահի մոտեցումը:

Դեռևս 2014-ի մայիսի 30-ին «Սև ցուցակում» հայտնված մի քանի քաղաքացիներ թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին և թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին ուղարկել էին գրություն և մատնանշել, որ տեղադրված հոդվածն իր մեջ պարունակում է վիրավորանք և պահանջել էին տեղադրել հերքում, սակայն ոչ միայն չէր հերքվել գրության մեջ առկա տեղեկատվությունը, այլև հունիսի 3-ին տպագրվել էր նմանօրինակ մեկ այլ հոդված` «Ու սրանք դեռ համարձակվում են հերքու՞մ պահանջել» վերնագրով:

Ըստ հայցվորների՝ այս հոդվածներն ունեցել են մեծ հրապարակայնություն, տարածվել են տարբեր սոցիալական կայքերում, իսկ արդեն դատարան դիմելուց հետո, թերթը հաջորդիվ հոդվածներում շարունակաբար հրապարակել է հայցվորներից յուրաքանչյուրի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկատվություն, վիրավորել և խոցելի դարձրել վերջիններիս:

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանն ասում է, որ «Իրավունք» թերթը ոչ միայն զրպարտել էր 60 քաղաքացու, այլև խտրականության կոչեր էր արել և թյուր տեղեկություն ներկայացրել իր ղեկավարած ՀԿ-ի գործունեության մասին:

«Հոդվածի տպագրումից անմիջապես հետո անգամ ջարդել էին Արմանի ավտոմեքենայի դիմապակին, մենք դիմեցինք ոստիկանությանը՝ խնդրելով ապահովել մեր անվտանգությունը, բայց իրենք հրաժարվեցին՝ ասելով, որ դա վճարովի ծառայություն է և պետք է դիմենք թիկնապահական ծառայության: Այսինքն մենք՝ ՀՀ քաղաքացիներս չենք կարող լինել պաշտպանված»,- ասում է Գաբրիելյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մովսես Խորենացու մեդալով պարգևատրված Հայկ Բաբուխանյանը 16 քաղաքացիների հայցի դատարանի մերժումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «որոշ անձինք փորձել են մարդկանց հետապնդել իրենց արտահայտած կարծիքի համար, ինչը չի կարելի թույլ տալ ՀՀ-ում, քանի որ նման հետապնդման փորձը Սահմանադրության խախտում է»։

Հովհաննես Գալաջյան

Հովհաննես Գալաջյան

Իսկ վերջին գործով՝ 3 քաղաքացիների հայցի բավարարումից հետո էլ Գալաջյանն էր հայտարարել, թե դատարանը խոսքի ազատության դեմ որոշում է կայացրել և ինքը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան:

«Հովհաննես Գալաջյանը սրանցից ներողություն խնդրի՞, գոնե տեսականորեն հնարավո՞ր է պատկերացնել դա: Ամեն մի խոսք, որը հրապարակվել է, ես, բնականաբար, պնդում եմ ու իմ կարծիքը չի փոխվել այդ 60 հոգու վերաբերյալ», – ասել է «Իրավունքի» խմբագիրը` սպառնալով նույն հոդվածը մեկ անգամ էլ հրապարակել, ու 60 քաղաքացիների կողքին ավելացնել նաև «Իրավունք» թերթի դեմ որոշում կայացրած դատավորի անունն ու լուսանկարը։

«Այդ դատավոր Մելքումյանին ես անզոր եմ փրկել իր ճակատին դրոշմված «համասեռամոլների պաշտպան» պիտակից», – ասել է Գալաջյանը:

Արթուր Սաքունց

Արթուր Սաքունց

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ իր տեսակի մեջ եզակի որոշում է կայացվել դատարանի կողմից.

«Սա անակնկալ է, որ երկրում լինելով արդարադատության նկատմամբ անվստահություն, հատկապես այս դեպքում, երբ խոսքը վերաբերում է մի այնպիսի թերթի, որի խմբագիրն իշխող կուսակցության խմբակցության պատգամավոր է, նման որոշում կայացվեց, կար որոշակի մտահոգություն, որ դատարանի կողմից այլ որոշում կընդունվի»:

Սակայն շեշտում է, մեկ այլ մտահոգություն, որ այս նախադեպը հետագայում չօգտագործվի իրականում խոսքի ազատության սահմանափակումների համար.

«Փայտը երկու կողմ ունի, ենթադրենք ես ինչ որ կարծիք արտահայտեմ որևէ պաշտոնատար անձի գործունեության հետ կապված, վերլուծական բնույթի հոդվածում ինչ-որ եզրահանգումներ անեմ, այդ դեպքում ԶԼՄ-ն նույն այս դատական որոշումն ընդունելով նախադեպային, կարող է նաև չհրապարակել այդ կարծիքը, մինչդեռ կարծիքների ազատ արտահայտումը շատ կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար»,-ասում է Սաքունցը:

Արման Սահակյանի փաստաբան Մարո Խաչատուրյանը , սակայն միանշանակ դրական քայլ է համարում դատարանի կողմից նման վճռի կայացումն ու ասում, որ նման գործերով Հայաստանի դատական պրակտիկայում մինչ օրս որևէ դրական փորձ չէր եղել:

«Հաշվի առնելով նաև բացասական նախադեպը պատիվն ու արժանապատվությունը վիրավորող գործերով, երբ նույն հոդվածի վերաբերյալ 16 հայցվորների հայցն՝ ընդդեմ «Իրավունք» թերթի մերժվեց, այս անգամ դատարանի կայացրած որոշումը կարող ենք համարել բավականին մեծ ձեռքբերում: Բայց խնդիրը նրանում է, որ դատարանը մեր հայցը բավարարել է զրպարտության և վիրավորանքի համար, բայց ոչ խտրականության և ատելության կոչի հրահրման համար: Դատարանը նշել է, որ մենք չենք ապացուցել, որ այստեղ կա դիտավորությամբ ատելության և խտրականության հրահրում»,-ասում է Խաչատուրյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանում լիներ «Հակախտրականության մասին» առանձին օրենք, ապա ամենևին էլ դժվար չէր լինի ապացուցել, որ այդտեղ առկա է խտրականության և ատելության կոչ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանն ասում է, որ չնայած կան մի քանի օրենսգրքեր, որտեղ սահմանված են հավասարության և խտրականության արգելքի վերաբերյալ դրույթները, այնուամենայնիվ առանձին օրենք ունենալու անհրաժեշտությունը մեծ է:

Ու թեև Հայաստանում «Խտրականության դեմ» օրենքը նույնականացվում է միայն նույնասեռականների իրավունքների պաշտպանությամբ, սակայն «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանն ասում է, որ հիմնադրամի իրականացրած հետազոտությունը փաստում է՝ խտրականությունը Հայաստանում չի վերաբերում միայն մարգինալ փոքրամասնություններին:

«Այս խնդիրը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ կանանց, հաշմանդամություն ունեցողներին, ազատազրկված անձանց: Ցանկացած ոք ՀՀ-ում այս կամ այլ իրավիճակներում կարող է խտրականության զոհ լինել: Արդարադատության նախարարությունը այս պահին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում օրենքի նախագծի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տանելու և համագործակցելու համար»,-ասում է Սարգսյանը:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

 Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

 Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930