Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները բոյկոտեցին Փոստանջյանի նախագիծը՝ հիշելով տաքսիստի՝ «քշի Թուրքիա» անեկդոտը (Տեսանյութ)

Հունիս 04,2015 15:10

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը՝  «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Նախագծով պահանջվում է Թուրքիայից վերադարձնել մեր պատմական հայրենիքի տարածքները:

Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Ֆարմանյանն առաջարկել էր նախագիծը քննարկել հանձնաժողովում փակ ռեժիմով, ինչին ընդդիմացել էր նախագծի հեղինակը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց. «Եթե չեմ սխալում, այս փաստաթուղթը մի անգամ արդեն քննարկել ենք»: Իսկ Ալեքսանդր Արզումանյանը ճշտեց. «Չենք քննարկել, նման են, նույն սերիայից են»:

Մարուքյանի խոսքերով՝ «Այն ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ քննարկում չարվի, ես դուրս եկա եւ գնացի, հետո իմացա, որ հետաձգվել է: Հիմա ես նույն բանով եմ առաջնորդվելու, դուրս եմ գալու քննարկումից, չեմ գտնում իմաստ՝ մասնակցելու նման քննարկման եւ գտնում եմ, որ եթե չենք ուզում, որ քննարկում տեղի ունենա, ուրեմն պիտի չքննարկենք, ոչ թե փակ կամ բաց քննարկենք: Դա յուրաքանչյուր պատգամավորի ընտրությունն է, ուզում եմ քննարկում չլինի»,- ասաց նա եւ լքեց նիստը՝ բոյկոտելով այն:

Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց. «Ձեր իրավունքն է դուրս գալ կամ արհամարհել օրինագիծը»:

Aleksandr Arzumanyan«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն օրինակ էր բերել, թե ինչու է պետք քննարկումը փակ անցկացնել. «Եթե պատգամավորի մտքով անցնի օրենք ներկայացնի, Հայաստանը օրենք է ընդունում, որ դուրս են գալիս փողոց, որտեղ թուրք երեխա տեսնի՝ մորթի, եւ ես առաջարկում եմ, որ նման բանը չի կարելի բաց քննարկել, պետք է նստել եւ ասել՝ գիտես ինչ, քո ասածը աբսուրդ ա, ես չեմ ուզում, որ բաց լինի»:

Զարուհի Փոստանջյանն իր խոսքում ասաց. «Պարոն Արզումանյանն ասում է, որ այս օրինագիծն ուղղված է թուրք երեխաների դեմ»:

Լսելով սա՝ Ալեքսանդր Արզումանյանը հակադարձեց, որ նման բան չի ասել. «Զարուհի ջան, պարոն Արզումանյանը նման բան չի ասել: Քանի որ իմ խոսքերը աղավաղում են, ես միանում եմ Մարուքյանի արհամարհանքի կոչին: Ես բոյկոտում եմ»:

Ալեքսանդր Արզումանյանը նույնպես լքեց նիստը:

Դահլիճից դուրս գալուց հետո պատգամավորները Զարուհի Փոստանջյանի նախագիծը «անասունություն» որակեցին: Մարուքյանի խոսքերով՝ «Հո պարապ չե՞նք, գանք սա քննարկենք»:

Aravot.am-ը Ալեքսանդր Արզումանյանից մեկնաբանություն խնդրեց նախագծի հետ կապված: Նա բարկացած էր. «Ախր սա հիմարություն է, 4-րդ դասարանի երեխան որ սենց բան գրի, կասեն՝ գիժ է: Դուք տեսե՞լ եք նման բան, քննարկենք, որ ի՞նչ լինի, որ դուք գրեք, որ Արզումանյանը սաղ կյանքը վախեցել է թուրքերից, դեմ է քվեարկե՞լ: Մի հատ օրինակ բերեք, որ նման նախագիծ եղել է: 2.5 տարի է՝ զգուշացնում ենք, որ չբերի սա, սա սերիա է»:

Մեր դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը հիմնավորում է, որ ապրիլի 24-ից հետո քայլեր պետք է հաջորդեն, Ալեքսանդր Արզումանյանը ծիծաղեց. «Ի՞նչ տարբերություն, 97-ամյակի ապրիլի 24-ից հետո ինչի՞ քայլեր չեն արվել, ինչո՞ւ պետք է 100-ամյակի ապրիլի 24-ից հետո արվի»:

Իսկ Էդմոն Մարուքյանը հիշեց հայտնի անեկդոտը. «Նո՞ր ենք իմացել, թե ինչ են արել թուրքերը, էն որ տաքսիստին ասում են՝ մի հատ քշի Թուրքիա, լրիվ այդ անեկդոտն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930