Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Ես պակաս, նվազ հայրենասեր եմ, որովհետեւ չեմ պահանջում Թուրքիայի կեսը»

Հունիս 04,2015 14:45

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Նախագծով պահանջվում է Թուրքիայից վերադարձնել մեր պատմական հայրենիքի տարածքները:

Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Ֆարմանյանն առաջարկել էր նախագիծը քննարկել հանձնաժողովում փակ ռեժիմով, ինչին ընդդիմացել էր նախագծի հեղինակը:

Ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի, սա լավագույն նվերը կլինի Էրդողանին, եթե բաց քննարկում անցկացվի. «Դուք նվեր եք ուզում մատուցած լինեք պարոն Էրդողանին: Դրա համար միակ ճիշտ փաստարկն այն է, որ մենք այդ նվերը չտանք: Տեղավորվում ենք իրենց սցենարում»:

Իսկ Սամվել Ֆարմանյանը բացատրեց, որ փակ քննարկումը պայմանավորված չէ նրանով, որ այդ հարցը հանրայնացված չէ. «Տղաս սովորում է 6-րդ դասարանում, բոլոր երեխաներն էլ համարյա այդ նյութին տիրապետում են, հայ հանրությանը ծանոթացնելու խնդիր չկա: Այստեղ կան մասնագիտորեն սխալ տվյալներ, վտանգավոր, որոնց հրապարակայնացումը կարող է շատ մեծ հաղթաթուղթ դառնալ»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, որը դեմ էր արտահայտվել իր խմբակցության անդամի հեղինակած նախագծին եւ կողմ էր արտահայտվել քննարկումը փակ անցկացնելուն՝ ասաց. «Ես սաղ կյանքս պայքարել եմ ազատ խոսքի համար ու մարդու արտահայտվելու իրավունքի համար: Քննարկում է եղել, նորից կլոր սեղաններ կարող ես անել, պատրաստ եմ ձեր հետ մասնակցել: Հիմա գեղեցիկ է հնչում, որ չի կարելի թույլ տալ փակ քննարկում: Եթե պատգամավորի մտքով անցնի օրենք ներկայացնի, Հայաստանը օրենք է ընդունում, որ դուրս են գալիս փողոց, որտեղ թուրք երեխա տեսնի՝ մորթի, եւ ես առաջարկում եմ, որ նման բանը չի կարելի բաց քննարկել, պետք է նստել եւ ասել՝ գիտես ինչ, քո ասածը աբսուրդ ա, ես չեմ ուզում, որ բաց լինի: Հիմա այստեղ իրոք ձեւակերպումներ, բաներ կան, որ խնդիր կա: Եթե շոու ենք ուզում անենք, որ հայրենասեր ենք կամ հայրենասեր չենք, ընդունում եմ բոլոր ժուռնալիստների մոտ՝ ես պակաս, նվազ հայրենասեր եմ, որովհետեւ չեմ պահանջում Թուրքիայի կեսը: Ողջունենք Զարուհու մեծ հայրենասիրությունը եւ փակ նիստով շարունակենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930