Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում սոճիներ հատողը եւ նրան հրացանով վիրավորողը ազատազրկվել են

Հունիս 04,2015 14:42

Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Սոս Բաղդասարյանը 2014թ. մայիսի 29-ին բենզասղոցով հատել է 645 հազար դրամ սակագնային արժեքով անտառային ֆոնդի եւ բնության հատուկ պահպանվող տարածքներ համարվող, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող, ընդհանուր 8 հատ թաց կանգուն սոճի տեսակի ծառ: Այս կերպ նա պետությանը պատճառել է 3 միլիոն 225 հազար դրամի նյութական վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում, խոշոր վնաս պատճառելով»): Սույն քրեական գործով դատավարությունը կայացել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Մինչ դատաքննությունը սկսվելը Ս. Բաղդասարյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Նա հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրա հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը:

2015թ. մայիսի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ս. Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել ազատազրկման ութ ամիս ժամկետով: Դատարանը վճռել է նշանակված պատժին մասնակիորեն գումարել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. սեպտեմբերի 28-ի դատավճռով չկրած 1 տարի 7 ամիս 27 օր ազատազրկումից 1 տարի ժամկետով ազատազրկումը եւ նրան վերջնականապես ազատազրկել 1 տարի ութ ամիս ժամկետով:

Դատարանը վճռել է Ս. Բաղդասարյանից հօգուտ պետության բռնագանձել 2 միլիոն 865 հազար 400 դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում:

Ս. Բաղդասարյանը Դիլիջանում սոճիներ հատելու համար նաեւ այլ կերպ է պատժվել: Դիլիջան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Արամ Խաչատրյանը տեղեկանալով, որ Ս. Բաղդասարյանը Դիլիջանում անօրինական կերպով ծառեր է հատում, զայրանալով, իր հետ վերցնելով 12 մմ տրամաչափի « ՏՕԶ-34» որսորդական հրացանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով մեկնել է Դիլիջանի Խորհուրդների փողոցի 40 տան մոտ: Ա. Խաչատրյանը տեսնելով կտրված ծառերը, թափված գերանները, հայհոյանքներ է տվել Ս. Բաղդասարյանի հասցեին եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ կրակել Ս. Բաղդասարյանի աջ ոտքին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր վնաս:

2015թ. փետրվարի 6-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Ա. Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով(«Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») եւ նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման: Ա. Խաչատրյանի պաշտպանը դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Ներկայումս այդ բողոքը քննվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930