Լրահոս
Օրվա լրահոսը

Արզումանյան. «Նախկին իմ կոլեգաների կողմից զավեշտ կընկալվի, կասեն՝ լրիվ խելքը թռցրել է, տեսեք ինչեր է ասում» (Տեսանյութ)

Հունիս 04,2015 14:38

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը՝  «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Նախագծով պահանջվում է Թուրքիայից վերադարձնել մեր պատմական հայրենիքի տարածքները:

Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Ֆարմանյանն առաջարկել էր նախագիծը քննարկել հանձնաժողովում փակ ռեժիմով, ինչին ընդդիմացել էր նախագծի հեղինակը:

Հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով՝ Զարուհի Փոստանջյանն ինչպես հարկն է արդեն հրապարակայնացրել է նախագիծը, ֆորում են կազմակերպել, բրոշյուր է տպել, այսինքն, այն այսպես թե այնպես քննարկման առարկա է դարձել. «Սա քաղաքական մարմին է, որում մենք որոշակի առումով կարող ենք կաշկանդված լինել՝ գնահատականներ տալու առումով: Այստեղ կային ձեւակերպումներ՝ կապված Սեւրի դաշնագրի եւ այլնի հետ, որ մենք, որպես այս կամ այն քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորներ, կնախընտրեինք ավելի աշխատանքային ռեժիմով քննարկել: Չենք ասում, որ սա գաղտնի փաստաթուղթ է: Մենք ուզում ենք փակ լինի այն մասը, որով  մենք մեր մոտեցումներն ենք ներկայացնելու ձեզ եւ հորդորենք ձեզ, որ հետ վերցնեք, որ մենք իրոք մեզ կրակն ընկած վիճակում մեզ չզգանք»:

Ալեքսանդր Արզումանյանը հորդորեց, որ նիստից հետո ինչ հայտարարություն ուզում է, Զարուհի Փոստանջյանն անի. «Բայց սահմաններ կան, որոնց շրջանակից չէինք ուզենա դուրս գալ: Ես, որպես նախկին արտգործնախարար, չէի ուզենա, որ իմ անունը շոշափվեր մի քննարկման մեջ, որը նախկին իմ կոլեգաների կողմից զավեշտ կընկալվի, որ ասեն՝ լրիվ խելքը թռցրել է, տեսեք ինչեր է ասում: Պրոֆեսիոնալ պահեր կան: Այդ առումով ես էլ եմ ուզում, որ քննարկումն անցկացվի առանց մամուլի»:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նույնպես կոչ արեց քննարկումը փակ անցկացնել. «Ցանկալի չի, որ այս փուլում մամուլում դառնանք քննարկման առարկա»:

Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, ինչու են ուզում հանրությունից փակ քննարկում անցկացնել, նիստը նրա համար է, որ երեւա, թե ով է կողմ, ինչու է կողմ կամ դեմ. «Դռնփակ նիստեր անցկացնելու պրակտիկան շատ վատ պրակտիկա է եւ վտանգավոր է: Մի անգամ էլ ԼՂՀ-ում եք փակ նիստ արել: Ի՞նչ խնդիր կա, այստեղ հնչելու են քաղաքական փաստարկներ: Որեւէ խնդիր չկա, եթե մենք դռնբաց անցկացնենք, սա այդ դեպքը չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930