Այսօր ևս խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սեւազգեստ մայրերի ակցիան ՀՀ նախագահի նստավայրի դիմաց առանց միջադեպի չանցավ: Կրկին ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների և որդեկորույս մայրերի միջև: Մասնավորապես ոստիկանները թույլ չէին տալիս, որպեսզի սևազգեստ կանայք նախագահականի մայթով Բաղրամյան փողոցով վերևից իջնեին դեպի նախագահական նստավայրի դիմաց: Պնդում էին, թե անցեք դիմացի մայթով իջեք:
Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, վրդովվեց, թե իրենք ազատ քաղաքացի են և ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք, ինչին խոչընդոտում են ոստիկանները: Նա մանրամասնեց. «Ոստիկանները երկու-երկու կանգնած՝ մեզ թույլ չէին տալիս մայթով ներքև իջնել: Նույնիսկ միջամտեց Վարդգես Գասպարին և մի քաղաքացի, որը ևս նախագահականի դիմաց էր` հարց բարձրացնելով, թե ինչու թույլ չեն տալիս սևազգեստ մայրերն իջնեն ներքև: Երբ այդ քաղաքացին ոստիկանների առաջ նման հարց էր բարձրացնում, հետո ուզեց ուժով անցնի ներքև, բայց ոստիկանները պնդում էին, թե դիմացի մայթ անցեք: Միջամտեց Գասպարին, սակայն վերևից զանգ եկավ ու հրաման, ու Վարդգես Գասպարիի ոտքերից ու ձեռքերից բռնելով և այդ քաղաքացուն նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան»:
Տիկին Ղազարյանը նշեց, թե հետո ոստիկաններն առաջարկել են, որ իրենցից մեկին թողնեն իջնի նախագահական, սակայն իրենք չեն համաձայնել` պնդելով, թե ընդամենը հինգ մայրերով են և հինգն էլ պիտի գնան:
Կարդացեք նաև
Մայրերը ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից կես ժամ անց երեք ներկայացուցիչ է եկել նախագահական նստավայրի մոտ:Իրինա Ղազարյանը վրդովված է, թե ոստիկանները ՄԻՊ ներկայացուցիչներին ստել են, թե մայրերին թույլ տվել են մայթով իջնել: Ըստ տիկին Ղազարյանի` նման կերպ են վարվում, քանի որ «իրենց «կռիշը» լավն է, իրենց սուտն էլ, կեղծիքն էլ, ծեծն էլ պահում են»:
Տիկին Ղազարյանը նաև շեշտեց, թե քանի ինքը ողջ է, իրենց որդիների սպանությունները կատարողները չեն մարսելու, և ամեն հինգշաբթի իրենք հավաքվելու են նախագահականի առաջ:
Նշենք, որ սևազգեստ մայրերի պահանջն է անձամբ հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բացահայտել իրենց որդիների գործերը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ