ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Ջեք Ուորները սպառնացել է հրապարակել փաստաթղթեր, որոնք, իբր, պարունակում են կազմակերպության եւ նախագահ Զեպ Բլատերի (որը պատրաստվում է հրաժարական տալ) ֆինանսական գործարքների ժամանակագրությունը:
«NBC News»-ի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները պնդում է, որ այդ փաստաթղթերը, որոնք ինքն անվանել է «ձյունակույտ», կապված են նաեւ կազմակերպության կառավարող մարմնի եւ 2010 թվականի ընտրությունների հետ:
Ուորները ասել է, որ «համապարփակ եւ մանրամասն գրված մի շարք փաստաթղթերը, այդ թվում՝ ստուգումները եւ հիմնավորված հայտարարությունները փոխանցել եմ երրորդ կողմին: Ես ողջամտորեն վախենում եմ իմ կյանքի համար: Այդ փաստաթղթերը հերքելը անհնար է, հետդարձի ճանապարհ չկա»:
Խոսելով 8 րոպեանոց «Ձեռնոցները հանվել են» անվանմամբ վճարովի քաղաքական գովազդում, Ուորները ինքն իրեն անվանել է «միայնակ զինվոր» եւ մեջբերել Մահաթմա Գանդիի խոսքերը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրել ռեկետի, խաբեբայության եւ փողերի լվացման հատկանիշներով: Նախարարությունը նաեւ պարզել է, որ Ուորների որդիները 2013 թվականին մեղավոր են ճանաչել խաբեբայության եւ փողերի լվացման համար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ