Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկները չեն սիրում խոսել սելեկտիվ աբորտների մասին

Հունիս 04,2015 13:19

«Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ն Լոռու մարզի երեք համայնքներում՝ Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր, իրականացնում է «Նա նեի փոխարեն» ծրագիրը։ Այն ուղղված է պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ։ ՀԿ ներկայացուցիչները կարծում են, որ քննարկումների միջոցով երիտասարդները կկարողանան ճիշտ պատկերացումներ կազմել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով առաջացող բացասական հետևանքների վերաբերյալ։ Ընդ որում, լոռեցի երիտասարդները խնդիրը բարձրացնելու և քննարկելու համար ընտրել են հետաքրքիր ինտերակտիվ մեթոդ՝ ֆորում թատրոնի ձևաչափը, և կարծում են, որ այն ավելի արդյունավետ կլինի։

2014թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վանաձոր, Ստեփանավան քաղաքների մոտ 200 երիտասարդների շրջանում «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտությունների ընթացքում պարզ է դարձել, որ հարցման մասնակիցների 68%-ը գաղափար չունի անգամ, թե ինչ է նշանակում վերարտադրողական առողջություն, և իրազեկված չէ դրան չհետևելու բացասական հետևանքների մասին։ Հարցումները ցույց են տվել նաև, որ շատ են դեպքերը, երբ ընտանիքի անդամների, հատկապես սկեսուրի, ամուսնու կողմից հղի կինը ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների միայն այն բանի համար, որ լույս աշխարհ է բերելու իգական սեռի երեխա։

«Նա նեի փոխարեն» ծրագրի ղեկավար Լիլիթ Սինդոյանը նկատում է, որ ֆորում թատրոնների ընթացքում իր համար հետաքրքիր բացահայտում է արել. աղջիկները հիմնականում պասիվ են և չեն սիրում արտահայտվել սելեկտիվ աբորտների մասին, շատերը նույնիսկ նորմալ են ընդունում, որ ընտանիքը ցանկանում է անպայման տղա երեխա ունենալ։ Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լոռու երիտասարդ զույգերը, որպես կանոն, ցանկանում են, որպեսզի իրենց առաջնեկը տղա լինի։

Լիլիթ Սինդոյանը նշում է, որ երիտասարդներն ունեն որոշակի կարծրատիպեր։ Պատճառաբանում են, թե ընտանիքի ծուխը շարունակող, իրենց հոգսը թեթևացնող է պետք, և այդ դերում տեսնում են տղա ժառանգորդի։ Կրթության ապահովման թեմային անդրադառնալիս նախապատվությունը տղային է տրվում, քանի որ աղջկան ամուսնացնելու են, ուղարկեն այլ ընտանիք, իսկ տղաները մնալու և իրենց բարեկեցիկ կյանքն են ապահովելու։ ՀԿ անդամները քննարկումների, ներկայացումների միջոցով փորձում են կոտրել այդ կարծրատիպերը։

Ծրագրի շրջանակներում տպագրվել են 250 իրազեկման պաստառներ և 300 տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով հանրայնացվել են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով առաջացող բացասական հետևանքները:

Նշենք, որ «Նա նեի փոխարեն» ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930