«Այսօր երկրում ծայրահեղ ծանր իրավիճակ է, չկա նորմալ ձեւավորված ընդդիմադիր ուժ, որը կկարողանա դիմակայել տարբեր հարցերի շուրջ»,- հունիսի 4-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունները շոու է համարում. «Ինչպես 2003 թվականին նույն շոուն եղավ, չանցավ, 2005 թվականին անցկացրին: Հիմա կարող են սահմանադրական փոփոխություններ դնեն, ինչ-որ բան շեղեն, շոու սարքեն ու չանցնի: Այդ պատճառով էլ մենք նման բաներից ցանկանում ենք զերծ մնալ, մենք մեր գործն ենք անում, մեր կառույցն ենք ուզում ամրացնել»:
Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվո՞ւմ է միանալ ՀԱԿ-ի նախաձեռնությանը՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն վերածել անվստահության, նա պատասխանեց՝ «Կարո՞ղ ա գիժ եմ ես: Ես միացել եմ ոչ թե ՀԱԿ-ին, այլ համաժողովրդական շարժմանը»:
Մյուս հարցին, թե կուսակցությունը հնարավո՞ր է այլ ուժերի հետ համագործակցի, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Դա ժամանակը ցույց կտա: Մենք դեռ չկայացած ինչպե՞ս այս կամ այն կուսակցությանը հայտ ներկայացնենք, թողե՛ք ձեւավորվենք: Եթե իմ կարծիքն եք հարցնում, ես ընդհանրապես դեմ եմ այսօր որեւէ կուսակցության միանալուն: Հետագայում ժամանակը ցույց կտա, թե ինչ ուժեր կձեւավորվեն, չեմ ասում, որ ժամանակի ընթացքում մենք չենք միանա, բայց ներկայումս իմաստ չունի: Ես ուզում եմ, որ առանց որեւէ մեկին միանալու գնանք ընտրության, որովհետեւ ժամանակը ցույց է տվել, որ թե՛ դաշինք ենք կազմել, թե՛ կուսակցություններ են միացել, շատ կարճ ժամանակում փլուզվել է: Որովհետեւ քաղաքական դաշտում չես հասկանում, թե ով ում բարեկամն է, ի՞նչ է կատարվում, ով ում մարդն է: Այդ պատճառով մենք ուզում ենք ձեւավորվել, ընթացքում կերեւա»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ