Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ ու երրորդ հայտերով բուհ կընդունվեն բոլոր դիմորդները. «168 ժամ»

Հունիս 04,2015 11:56
qnnutyun

Վերջին հինգ տարում Հայաստանում գործում է մոտ 1435 դպրոց։ Իսկ նույն հինգ տարում աշակերտների քանակը տարեկան կրճատվում է նույն կայունությամբ։ Ամեն տարի աշակերտների քանակը պակասել է 8-20 հազարով։ 2009-ին հանրակրթական դպրոցում սովորում էր 392 հազար աշակերտ։ Պաշտոնապես հրապարակված վերջին տվյալներով՝ նրանց քանակը 2013-ին արդեն 360 հազար է։

Հասկանալի է, որ նույն վիճակագրական տրամաբանությամբ պակասում է նաև հանրակրթական դպրոցի շրջանավարտների թիվը։ 2009/10 ուստարում դպրոցն ավարտել է 40 հազար 800 շրջանավարտ։ 2010/11-ին՝ 35 հազար 500: 2011/12-ին՝ բարեփոխումների հետևանքով (կամ՝ արդյունքում) շրջանավարտներ չունեցանք։ Տասներկուամյա հանրակրթական համակարգ էր ներդրվում։ 2012/13 ուստարում դպրոցն ավարտեց 34 հազար 900 շրջանավարտ։

Կտրուկ անկում արձանագրվեց պաշտոնապես հրապարակված վերջին՝ 2013/14 ուստարում։ Դպրոցն ավարտեց ընդամենը 27 հազար 400 աշակերտ։ Զուգահեռաբար պակասում է նաև ուսանողների թիվը։ Բնականաբար։ Հինգ տարի առաջ ՀՀ բուհերում մասնագիտանում էր մոտ 115 հազար ուսանող, իսկ անցած տարի՝ ընդամենը 86 հազար։ Հետևաբար՝ կրճատվում է նաև դիմորդների քանակը։

Այս տարի Կրթության նախարարի հրամանով մեր պետական բուհերին հատկացված է 15 հազար 332 տեղ։ Ենթադրվում է, որ այդ թվին մոտ է լինելու դիմորդների քանակը։ Համեմատության համար կարելի է նշել, որ 2009/10 ուստարում հատկացված էր մոտ 26,5 հազար, իսկ 2012/13 ուստարում՝ 19 հազար տեղ։ Փաստորեն, Կրթության նախարարի հրամանով հաստատված ուսանողական տեղերի քանակի նվազումը բխում է «դաժան իրականությունից»։

Պետական բուհական համակարգում կրթություն ստանալ ձգտողների թիվն անշեղորեն նվազում է։ Հայաստանի առաջատար պետական բուհին՝ Երևանի պետական համալսարանին բաժին է ընկնում պետական բուհերի առաջին կուրսեցիների մոտ 20 տոկոսը՝ 3 հազարից մի փոքր ավելի տեղ։ Պաշտոնապես նշվում է, որ ԵՊՀ դիմել է 3 հազար 448 դիմորդ։ Այս թիվը մոտ 150-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Փաստորեն, դատելով նախորդ տարիների փորձից, կարելի է ենթադրել, որ երկրորդ ու երրորդ հայտերով բուհ կընդունվեն բոլոր դիմորդները։ Բոլոր նրանք, ովքեր կհաղթահարեն ընդունելության քննությունների նվազագույն շեմը:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930