Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայում Հովիկ Աբրահամյանին հարցրել են Գոհար Ենոքյանի մասին. «168 ժամ»

Հունիս 04,2015 11:39

Հարցազրույց «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ, որը օրերս մասնակցել է Պրահայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և հայ գործարարների հանդիպմանը:

– Ինչպիսի՞ հարցեր են հիմնականում անհանգստացնում ազգությամբ հայ գործարարներին, և ի՞նչ հարցեր նրանք բարձրացրին վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

– Հանդիպումն անցել է ակտիվ աշխատանքային ռեժիմի պայմաններում։ Դրան նախորդել էր հայ-չեխական բիզնես ֆորումը։

Հովիկ Աբրահամյանը, որպես ԱԺ նախագահ, Չեխիա էր եկել 2012թ., այն ժամանակ հանդիպեց հայ համայնքի հետ, դրան հաջորդեց ՀՀ նախագահի այցը, նա ևս հանդիպեց հայ համայնքին, այս անգամ որոշվեց հանդիպում կազմակերպել գործարարների հետ։ Հարցերը հիմնականում տնտեսական բնույթի էին։ Եղան մի շարք սուր հարցեր։ Դրանցից մեկն այն մասին էր, թե որքանով են Հայաստանում գործարարներն անվտանգ ու պաշտպանված, որպես օրինակ՝ մատնանշվեց Գոհար Ենոքյանի ձերբակալությունը։

Ես հարց ուղղեցի Իրան-Հայաստան գազամուղի վերաբերյալ և տեղեկությունների, թե գազամուղի վերջին 40 կմ հատվածը ևս փոխանցվելու է «Գազպրոմին», այսինքն` գազամուղի թողունակության հարցը լուծվելու է «Գազպրոմի» կողմից։ Հ.Աբրահամյանը պատասխանեց, թե կապ չունի ումն է գազամուղը, քանի որ գազն Իրանինն է, գնողը՝ Հայաստանը, և որքան ցանկանան՝ այնքան էլ կգնեն, ինչպես գնում են Ռուսաստանից։

Միևնույն ժամանակ վարչապետը տեղեկացրեց, որ սկսել են աշխատանքները գազամուղի երրորդ գծի կառուցման շուրջ, որն իրականացվում է 107 միլիոն դոլար իրանական կողմի ֆինանսավորմամբ, և այդ գազամուղի կառուցումից հետո այն տնօրինվելու է միայն Իրանի ու ՀՀ-ի կողմից։ Ըստ Հ. Աբրահամյանի՝ ՀՀ-ն դրանով հնարավորություն կստանա այնքան գազ գնել, որը թույլ կտա նաև գազ արտահանել։ Դա նորություն էր ինձ համար։

Հարց եղավ նաև այն մասին, որ վերջին երեք ամսվա ընթացքում, երբ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, ՀՀ տնտեսությունն անկում է ապրել, և նույնիսկ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը նվազել է 40%-ից ավելի, որի պատասխանը հետևյալն էր, որ դա կապված է պատժամիջոցների հետ, ռուբլու և դրամի արժեզրկման, և միգուցե մոտ ժամանակներս, լուրջ հիմքեր ունեն ասելու համար, որ անկումից դուրս կգան և, ընդհակառակը, գործնական և տնտեսական աճ կարձանագրեն։

Հարց եղավ նաև այն մասին, որ ռուսական ճգնաժամը երկար ժամանակ է պահանջելու, տարբերակ կա՞ ԵՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ի հետ ասոցիացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, ինչին պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ չեն կարող իրենց ընկերոջը վատ դրության մեջ լքել։ Դրանից բացի մատնանշվեց ԼՂ խնդիրը, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները ոչ միայն տնտեսական են, այլև քաղաքական։

Էկոնոմիկայի նախարարն իր հերթին՝ հավաստիացրեց, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ նույնիսկ ավելի շատ պայմանագրեր ու համաձայնագրեր է ստորագրել, քան նույնիսկ ասոցիացված երկրները:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930