Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասով աշխատող բանկերի թիվն ավելացել է. «Հայոց աշխարհ»

Հունիս 04,2015 11:09

Հայաստանի բանկային համակարգում վնասով աշխատող ֆինանսական հաստատությունների քանակն այս տարի ավելացել է։ Դա նշանակում է, որ բանկերի համար այնքան էլ լավ ժամանակներ չեն։

Պատահական չէ, որ բանկային համակարգն այս տարի ոչ միայն շահույթ չի ապահովել, այլեւ մի քանի միլիարդ դրամի վնաս է հայտարարագրել։ Ընդ որում՝ վնասը նույնիսկ շատ ավելին է, քան 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին փուլում էր։
Ֆինանսական վերջին անկայունությունը, ինչպեսեւ սպասվում էր, հարված հասցրեց բանկային համակարգին։ Այստեղ գործող հաստատություններն արդեն իսկ իրենց վրա զգում են դրա ազդեցությունը։ Վարկավորման սառեցումը կամ սահմանափակումը բնականաբար չէր կարող չազդել բանկերի եկամուտների վրա։

Պատահական չէ, որ եթե անցած տարին վնասով էր փակել 6 առեւտրային բանկ, ապա այս տարեսկզբին դրանց թիվը համալրվել է եւս 2-ով։ Այլ կերպ ասած, 22 բանկերից 8-ը առաջին եռամսյակում վնասով է աշխատել։ Այդպիսին է եղել այս համակարգում ընդգրկված ֆինանսական հաստատությունների ավելի քան 36 տոկոսը։
Երբեմնի բարձր շահութաբերությամբ առանձնացող Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վնասը գերազանցել է 4 մլրդ դրամը։ 8 առեւտրային բանկեր տարեսկզբին ամրագրել են ավելի քան 12 մլրդ դրամի կորուստ։

Այնպես չէ, որ նախկինում վնասով աշխատող բանկեր Հայաստանում չկային։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդպիսին էր 7 բանկային հաստատության գործունեությունը։ Սակայն նրանց հայտարարագրած վնասները շատ ավելի քիչ էին։ Դրանք կազմել էին 2,9 մլրդ դրամ։

Նվազել է ոչ միայն շահութաբեր բանկերի քանակը, այլեւ կրճատվել են շահույթները։ Համակարգում քիչ թե շատ արդյունավետ գործունեություն ծավալած ֆինանսական 13 հաստատությունների շահույթները եղել են 8 մլրդ դրամ։ Առաջին հայացքից գուցե թե վատ ցուցանիշ չէ։ Բայց այն զգալիորեն զիջում է նախորդ տարվա մակարդակը։ 2014թ. առաջին եռամսյակում եկամտային դրական հաշվեկշիռ ունեցող առեւտրային բանկերը վաստակել էին ավելի քան 10,6 մլրդ դրամ, ինչի շնորհիվ համակարգի զուտ շահույթը հասնում էր գրեթե 7,7 միլիարդի։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930