Մոտ մեկ ամիս առաջ ԳԱԱ նախագահությունը Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց գրականագետ Վարդան Դեւրիկյանին։
Թե որպես տնօրեն ինստիտուտի համար ինչ ծրագրեր է նախանշել առաջիկայում, Դեւրիկյանը նշեց, քանի որ 7 տարի եղել է ինստիտուտի փոխտնօրենը, ապա նպատակներից մեկը բոլոր ընթացիկ աշխատանքներն ավարտին հասցնելն է։ Դրանցից մեկը հայ գրականության պատմության ակադեմիական 6-հատորյակի լույսընծայումն է, որի առաջին հատորը տասն օրից լույս կտեսնի։ Նաեւ հայ դասականների՝ Թումանյանի, Շանթի, Աղբալյանի երկերի ընթացքի մեջ գտնվող հրատարակություններն ավարտին հասցնելն է, որոնց մի մասն արդեն լույս է տեսել։ Բացի այդ, պլաններ կան ձեռնամուխ լինել Չարենցի եւ Տերյանի երկերի ակադեմիական հրատարակությանը։ Դեւրիկյանի համար ինստիտուտի հաջորդ կարեւոր ուղղությունը հայ դասական գրողների կյանքի եւ ժամանակագրության տարեգրությունն է։ Նորանշանակ տնօրենն ինտենսիվ աշխատում է նաեւ այդ գրքերի տպագրության համար ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ։
Դեւրիկյանն անկեղծորեն նշեց, որ այն, ինչ մտադիր է անել, ըստ էության, ոչ թե իր նոր գաղափարներն են, այլ ինստիտուտի տնօրինության կողմից
քննարկված ծրագրերը, որոնք փորձելու են իրականացնել։ Նա առանձնացրեց «Գրական կապեր» հանրագիտարանի ստեղծումը, որտեղ կներկայացվի, թե հայ գրականությունը եւ Հայաստանի կերպարը տարբեր երկրների գրականության մեջ ինչպես է ներկայացված։ Գրականագետը նկատեց, որ Խորհրդային Միության ժամանակ նմանօրինակ ժողովածուներ, ասենք՝ հայ-ռուսական, հայ-անգլիական գրական կապեր եղել են, հիմա պետք է գրական կապերը որոշակի սկզբունքով ամբողջացնել մի հանրագիտարանի մեջ։ Հաջորդ կարեւոր գործը, որ ընթացքի մեջ է, «Գրական սփյուռք» հանրագիտարանն է, որը լույս կտեսնի 2 մեծ հատորով, եւ որտեղ ներկայացված կլինեն սփյուռքահայ գրողներն ու գրական կազմակերպությունները, մամուլի օրգանները։
Կարդացեք նաև
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում