Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյանին թույլ չեն տվել մասնակցելու համաժողովին

Հունիս 04,2015 10:31

Ռեժիմը, հերթական անգամ բացահայտելով իր բանտապետական էությունը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին թույլ չի տվել Ինտերնետի կառավարման ամենամյա «Եվրոդիգ 2015» համաեվրոպական հեղինակավոր համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել Բուլղարիա և ներկայացնելու Հայաստանը:

Գ. Չուգասզյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգվածային անկարգությունների նախապատրաստման վերաբերյալ շինծու քրեական գործով իր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չբացակայելու մասին ստորագրությունը, պատշաճ կերպով պահպանել է երևույթի ձևական-իրական առումը և հրավերն ստանալուն պես դիմել է այսպես կոչված իրավապահպան մարմիններին՝ հանրապետությունից բացակայելու թույլտվություն ստանալու համար:

Տասն օրվա ընթացքում «իրավապահ մարմիններից» հարցի լուծման վերաբերյալ պատասխան չի ստացվել, մինչդեռ նրանք պարտավոր են նման դեպքերում կամ բավարարել դիմումը կամ մերժել այն պատճառաբանված որոշմամբ: Բազմաթիվ նախադեպեր կան, երբ նշված խափանման միջոցի պայմաններում քաղաքացուն թույլատրվել է բացակայել հանրապետությունից:

Գ.Չուգասզյանին ելքի, իսկ դրանից առաջ՝ «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանին մուտքի, թույլտվություն չտալու դեպքերը ապացուցում են, որ Հայաստանում վերականգնվել և տխրահռչակ ստալինյան մեթոդներով, այն է՝  օրենքը արհամարհելով ու ոտնահարելով, կիրառվում են այսպես կոչված «սև ցուցակները»:

Միևնույն ժամանակ՝ հանցավոր ռեժիմը իրեն հայտնի հնամաշ մեթոդներով ներկայիս աշխարհում չի կարող արդյունքի հասնել: Գ.Չուգասզյանը համաժողովին կմասնակցի և Հայաստանը կներկայացնի ու զեկուցումով հանդես կգա հեռավար կապի միջոցով:

Գ.Չուգասզյանի նկատմամբ արգելքը և նման եղանակով նրա մասնակցությունը ևս մեկ անգամ ցույց կտան, որ հատկապես բարձր տեխնոլոգիաների դարում գաղափարական, տնտեսական և սոցիալական առումներով հետամնաց ու սնանկ բանտապետությունը ոչ միայն չի կարողանում արգելել կյանքի ընթացքը, այլև յուրաքանչյուր այսպիսի ջղաձգմամբ իր գոյության ռեսուրսը զրոյացնում է նաև արտաքին աշխարհում:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930