Լրահոս
Օրվա լրահոսը

Հրահանգով չեն հավանում

Հունիս 04,2015 10:05

Ֆեյսբուքում հաճախ կարելի է հանդիպել նյութեր տարածողների «հրահանգների»՝ «շտապ տարածել», «կարդալ անպայման» եւ այլն: Հենց որ ես նման «հրահանգ» եմ տեսնում, ինչ-որ բան մեջս արգելափակվում է, եւ ես հրաժարվում եմ կարդալ նույնիսկ այն նյութը, որն ուրիշ դեպքում կկարդայի: Դա ինձ հիշեցնում է ժամանակակից հեռուստատեսային «սիթքոմները» (իրավիճակների կատակերգությունները), որոնց ընթացքում, հեղինակների կարծիքով, դիպուկ հումորների ժամանակ կադրից դուրս հնչում է ձայնագրված ծիծաղը: Այսինքն՝ ենթադրվում է, որ ես այնքան բութ եմ եւ հումորից զուրկ, որ ինձ պետք է «ուղղորդել»՝ որտեղ ծիծաղել, որտեղ՝ ոչ:

Ճիշտ նույն զգացմունքը ես ունեմ, երբ ինձ նամակ են ուղարկում, որպեսզի ես ինչ-որ մի բանի միանամ կամ ինչ-որ բան «հավանեմ»: Կամ՝ ավելի վատ, երբ ինձ, չհարցնելով իմ կարծիքը, զոռով «խցկում են» այս կամ այն խումբը: Դա նշանակում է, որ ինչ-որ մեկն ինձնից ավելի լավ գիտի, թե որ խմբում ես պետք է լինեմ: Իսկ եթե ես չեմ համապատասխանում այդ «ինչ-որ մեկի» սպասելիքներին, դա կարող է նրան խիստ վրդովեցնել եւ հիասթափեցնել:

«Խելացի մարդը ոչ այնքան միայնություն է փնտրում, որքան փորձում է խուսափել հիմարների սարքած ունայնությունից»,- գրում էր գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը: Ունայնությունը գալիս է, մասնավորապես, խմբակային մտածելակերպից, երբ փորձ է արվում անհատի մոտեցումները համապատասխանեցնել քեզ հարմար չափանիշներին: Դա նույնն է, որ մեկը գա մոտս եւ բողոքի, որ լավ չի տեսնում, իսկ ես հանեմ ակնոցս եւ ասեմ՝ «ա՛ռ, դի՛ր, դա ինձ օգնում է»: Այսինքն՝ այս դեպքում ես վստահ եմ, որ այն, ինչ օգնում է ինձ, օգնում է ողջ մարդկությանը:

Միասին մարդիկ ավելի ուժեղ են, քան անհատապես, տարբեր ուժերի միասնությունն ավելի շատ է, քան դրանց պարզ գումարելին: Միայն թե այդ միասնությունը պետք է լինի՝ ա/ օրգանական, բ/ կամավոր: Այդպես է նաեւ քաղաքականության մեջ: Հիշո՞ւմ եք, կար «Միասնություն» դաշինք, որը 1999 թվականի խորհրդարանական ընտրություններին քիչ թե շատ ազնիվ ճանապարհով մեծամասնություն ստացավ ԱԺ-ում: Ինչո՞ւ այդ դաշինքը փլուզվեց, երբ դրա հարգարժան լիդերները հոկտեմբերի 27-ին գնդակահարվեցին: Որովհետեւ մի կողմից՝ կոմունիստական նախկին նոմենկլատուրայի եւ «Սովետի» կարոտախտի եւ մյուս կողմից՝ «երկրապահական» բիրտ ուժի միասնությունը օրգանական եւ կամավոր չէր: Նույնը կարելի է ասել բոլոր մնացած «ազգային համաձայնությունների», «միաբանությունների», «միասնությունների», «կոնսոլիդացիաների», «համաժողովրդական շարժումների», «քառյակների» եւ «եռյակների» մասին: Համախմբումը չի կարող լինել շանտաժով կամ փողով, այն տեղի է ունենում միայն բազային արժեքների հիման վրա: Իսկ դրանք ոչ միայն չկան, այլեւ ծաղրի են ենթարկվում գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից:

…Ի հեճուկս ֆեյսբուքյան հրահանգների՝ անում եմ հակառակ կոչը՝ ոչ մի դեպքում մի կարդացեք եւ մի տարածեք այս հոդվածը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Միայն այս բաժինը մի քիչ…ըսենք… տարօրինակ է, Յարգելի Արամ՝
    « Ինչո՞ւ այդ դաշինքը փլուզվեց, երբ դրա հարգարժան լիդերները հոկտեմբերի 27-ին գնդակահարվեցին: Որովհետեւ մի կողմից՝ կոմունիստական նախկին նոմենկլատուրայի եւ «Սովետի» կարոտախտի եւ մյուս կողմից՝ «երկրապահական» բիրտ ուժի միասնությունը օրգանական եւ կամավոր չէր: »

    Ինձ թվում է թէ այդ դաշինքի անէացման հիմնական պատճառը՝ այդ գնդակահարումն էր…

    Նոյն կէտի վերաբերեալ մնացեալ արժեւորումների մասին, բան չունեմ ասելիք, ոչ մի ուղղութեամբ, քանզի այդ նիւթով լաւատեղեակ չեմ, եւ ըսի-ըսաւների հիման վրայ կարծիք չեմ կազմեր:

    Մ. Հայդուկ Շամլեան

    https://www.shoushisummercamp.org/

    ..

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հայդուկ ջան, եթե կուռ գաղափարարական միասնություն լիներ ՀԺԿ-ի եւ ՀՀԿ-ի մեջ, ապա այն գնդակահարությունից հետո էլ կշարունակվեր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930