Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը՝ իր աներոջը, քենուն ու ողջ բարեկամական կազմին գործի տեղավորելու մասին

Հունիս 04,2015 15:30

Նախարարը վստահեցնում է, որ եթե մարդը աշխատում է,
կապ չունի, թե ինքը ում բարեկամն է

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է չափազանց համեստ հայտարարագիր իր ունեցվածքի մասին: Ըստ հայտարարագրի՝ նա ունի մոտ 6 մլն դրամ աշխատավարձից ստացած եկամուտ եւ 30 մլն դրամ, չունի ավտոմեքենա, բնակարան կամ որեւէ անշարժ գույք:

«Առավոտը» նախարարից հետաքրքրվեց՝ Դուք իսկապե՞ս տուն չունեք, որեւէ գույք չունեք, թե՞ չեք հայտարարագրել, որ չասեն՝ այս աղքատ երկրում սոցիալական խնդիրների համար պատասխանատու նախարարն այսքան գույք ունի: Նախարարը պատասխանեց. «Ունեմ այն, ինչ ունեմ: Մեր բնակարանը, որտեղ բնակվում ենք ընտանիքով, կնոջս անունով է»: Նա վստահեցրեց, որ մեքենա չունեն: Մեր դիտարկմանը՝ ինչ համեստ եք ապրում, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Սովորական ՀՀ քաղաքացու նման ապրում եմ»:
Մեր հարցին՝ եթե մեքենա չունեք, ծառայողական մեքենանե՞րն եք օգտագործում ընտանեկան կարիքների համար, նախարարը պատասխանեց. «Ես շաբաթվա 6 օրը աշխատանքի մեջ եմ, կարելի է ասել՝ առավոտից մինչեւ այն ժամանակ, երբ օրը վերջանում է, եւ արդեն դուք քնում եք»:

Նախարարը պատմեց, թե ինչքան շատ է ինքն աշխատում մեր երկրի համար. «Ձեզ թվում է՝ ես 6-ի՞ն եմ ավարտում աշխատանքս: Քաղաքական հայեցողական պաշտոնների համար գործում է չնորմավորված աշխատաժամանակ: Այնպես որ՝ դա «Աշխատանքային օրենսգրքի» խախտում չի»:

Նախարարին նաեւ հարցրինք՝ Ձեզ քննադատում են, որ ինչ նախարար եք նշանակվել, Ձեր ողջ բարեկամական կազմին բերել եք նախարարություն՝ աներոջը, Ձեր քենուն, կա՞ նման բան, թե՞ չէ: Օրինակ՝ Ձեր աները զբաղվածության բաժնում է, քենին՝ կենսաթոշակային համակարգում: Նախարարը հաստատեց, որ իր աներն իսկապես համակարգում է աշխատում: Նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետի պաշտոնն է զբաղեցնում: Նախարարի խոսքերով՝ «Ես կարծում եմ, որ եթե մարդը աշխատում է, կապ չունի, թե ինքը ում բարեկամն է: Եթե հայտարարագրվում է դրա մասին, կարծում եմ՝ այդ տեղեկատվությունը բաց է: Կարող եք հետաքրքրվել՝ իսկ ինքը աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում, լա՞վ է աշխատում, անհրաժե՞շտ է իր աշխատանքը: Երեւի այդ կողմից որ նայեք, ավելի ճիշտ կլինի»:

Ինչ վերաբերում է քենուն՝ Պերճուհի Պետրոսյանին, նախարարը դա էլ հաստատեց. «Նա աշխատում է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամում»:
Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ իր աներն ու քենին աշխատել են մինչեւ իր նախարար նշանակվելն էլ: Իսկ թե ինչպես են աշխատել՝ ասաց. «Հարցրեք իրենց ղեկավարներից: Ես չեմ կարող մասնագետների աշխատանքների վերաբերյալ եւս գնահատականներ տալ, դուք պիտի իրենց անմիջական ղեկավարներից հարցնեք»:
Մեր հարցին՝ երբ Ձեր բարեկամներն աշխատում են Ձեր ենթակայության տակ, շահերի բախում չկա՞, նախարարը պատասխանեց. «Ոչ, չկա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930