Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողության բանաձեւը. «Ես փորձում եմ իմ գործը անել բարեխղճորեն»

Հունիս 04,2015 13:30

Հրուշակեղենի արտադրամասի ղեկավարը՝
իր բիզնես հաջողության գաղտնիքի մասին

Սահակ Սաֆարյանն արդեն 17 տարի է՝ «ԱՆԱՐԵ» հրուշակեղենի արտադրամասն է հիմնել եւ ղեկավարում, վերջին վեց տարիներին էլ ընկերներով հիմնադրած «Տրիպտիխ» շինարարական ընկերության ղեկավարմամբ է զբաղվում: «Առավոտի» խմբագրականներից մեկին է արձագանքել՝ նշելով, որ չնայած ինքը իր ճանապարհին բազում դժվարությունների է հանդիպել, եւ միանշանակ չի կարող ասել, որ հաջողել է, սակայն երբեք չի դժգոհում, այլ շարունակում է աշխատել եւ հաղթահարել իրեն հանդիպող խոչընդոտները: «Առավոտը» պարոն Սաֆարյանի արտադրամասում էր՝ բացահայտելու նրա բիզնես հաջողության գաղտնիքները:

«Գոհ լինել եւ չլինելը գալիս է մարդուց՝ ինչպիսի՞ն ես դու, ինչքանո՞վ ես բավարարված քո ունեցածով եւ քո հասած աստիճանը որքանո՞վ է քեզ գոհացնում: Ես եթե ինչ-որ մի աստիճան կարողանում եմ բարձրանալ, արդեն գիտակցված է. իմ ուժերը, իմ կարողությունները գնահատելով եմ բարձրանում: Ես միշտ ինձ համար մի մակարդակ եմ դնում եւ փորձում եմ դրան հասնել: Դա երեւակայական չէ, իրական է, հույսս ուրիշների վրա չեմ դնում»,- մեր զրույցի սկզբում ասում է պարոն Սաֆարյանը:

Պատմում է՝ մասնագիտությամբ ճարտարապետ է, սակայն իր մասնագիտությամբ սկսել է զբաղվել ավելի ուշ՝ վերջին վեց տարիներին: Իսկ մինչ այդ՝ 1998 թվականին, ընտանիքով՝ կնոջ, հետո նաեւ կնոջ քրոջ հետ սկսել են աշխատեցնել հրուշակեղենի արտադրամաս: Ասում է, որ աշխատել սկսել են իր քեռուն պատկանող ավտոտնակում. տարածքը մեծ էր, ներկել, տեսքի են բերել այն, հետո անցել են գործի: «Սեփական տարածքը մեծ դժվարությամբ եմ գնել՝ 2000 թվականն էր, իսկ մինչ այդ չէի կարողանում գնել»: Հիշելով այն ժամանակները՝ պարոն Սաֆարյանն ասում է, որ մեծ հույսով ու ակնկալիքով են հիմնել իրենց բիզնեսը. «Այն թվականներին, այսօրվա հետ համեմատած, մարդիկ ավելի հույսով էին, ավելի պայծառ ապագայի ակնկալիքներ ունեին: Դժվարություններն ավելի շատ էին, քան հիմա, ավելի քիչ բանի կարելի էր հասնել, քան հիմա, այժմ ավելի մատչելի է ամեն ինչը, բայց մարդկանց մեջ կոտրվել է հույսն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ»:
Հրուշակեղեն արտադրելու որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ հենց ինքը՝ Սահակ Սաֆարյանն է սիրել խմորեղեն, բացի այդ՝ ժամանակին նման արտադրամասերը քիչ էին եւ պահանջարկ կար: «Այդ ժամանակվա պահանջարկներից մեկն էր: Ես ինքս էլ շատ եմ սիրում խմորեղեն եւ կարծում եմ, որ եթե ինչ-որ բանով զբաղվում ես, պետք է անպայման դրանից հասկանաս ու սիրես այն: Ես գիտեմ մարդկանց, որ պարզապես իներցիայով մի ոլորտ են մտնում. տեսնում են հարեւանի, ընկերոջ, բարեկամի մոտ ինչ-որ բան լավ է ստացվում, փորձում են իրենք էլ նույնը անել: Դա ես համարում եմ իներցիոն պահ, եւ այդ մարդկանց մոտ, եթե «վերեւից ընկած մարդիկ» չեն, ոչինչ չի ստացվում»,- ասում է պարոն Սահակյանը եւ նշում, որ բիզնեսում հենց խանգարում են այդ՝ «վերեւից ընկած մարդիկ», որոնք ունեն հսկայական գումար, եւ չգիտեն ինչի վրա ծախսել, ընտրում են ոլորտ, որտեղ ուրիշն է հաջողել, մեծ ներդրումներ են անում եւ խանգարում ազնիվներին. «Եթե ես այդքան գումար ունենամ, ավելի լուրջ ծրագրերի համար կօգտագործեմ, բայց իրենք, չէ՛, ուզում են արտադրել այն, ինչը որ ուզում է անել քիչ գումար ունեցող մեկը»:

Պարոն Սաֆարյանն ասում է, որ իսկապես մեծ դժվարությունների գնով է ամեն ինչի հասել: «Ես հիմա շատ հարուստ չեմ, որ ինձ թույլ չտամ դա ասել. Հայաստանում ընդունված է, չէ՞, բոլոր հարուստները, միլիարդատերերը, միլիոնատերերը ունեն մի հետաքրքիր պատմություն իրենց ակունքներում, ասում են՝ սովածությունից կարտոֆիլի կճեպներն էինք հավաքում, ուտում, հետո դարձանք միլիարդատեր: Ես դեռ այդ մակարդակին չեմ, կարող եմ ասել»,- ժպտում է նա:

Իրեն, որպես գործարար, Սահակ Սաֆարյանը նախաձեռնող է համարում. «Մարդիկ իսկապես գլոբալ առումով երկու տեսակ են լինում՝ կատարողներ, ենթարկվողներ եւ նախաձեռնողներ: Կարծում եմ՝ իմ մոտ կա նախաձեռնողականություն: Երբ ուսանող էի, իմ շրջապատից մարդիկ կային, որ ասում էին, օրինակ՝ ես կուզեմ լինել շինարարության նախարար: Ես այդ ժամանակ նախարար լինելու մասին չէի մտածում, բայց ուզում էի լինել, օրինակ, ճարտարապետների խմբի ղեկավար, եւ դա իմ «պլանկան» էր, որ ինձ բավարարում էր»:

Պարոն Սաֆարյանը բիզնեսում հաջողության հասնելու լավագույն ճանապարհներից է համարում սեփական ընկերությունում առողջ աշխատանքային մթնոլորտ ստեղծելը. «Իմ աշխատանքային կոլեկտիվը շատ լավն է. բոլորին ես անունով գիտեմ, բոլորն ինձ գիտեն, բոլորի դարդն ու ցավը գիտեմ, ով ի՞նչ կոշիկ առավ, ո՞վ է սանրվածքը փոխել եւ այլն. սիրում եմ մտնել ներս եւ ամեն ինչ նկատել: Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է, որովհետեւ մտածում եմ, եթե ես ինքս աշխատեմ մի հիմնարկությունում, որի ղեկավարը նկատի ամեն մի մանրուքը, ինձ հաճելի կլինի: Ես միշտ աշխատում եմ, որ այդ առողջ մթնոլորտը լինի, կազմակերպում եմ արշավներ, մենք բյուջե ունենք, երբ արդեն գումարը հավաքվում է, որոշում ենք՝ որտեղ գնալ, օրինակ՝ Արցա՞խ, թե՞ Լոռի: Միշտ այնպես եմ արել, որ իրենք բոլորը միասին նստեն հաց ուտելու»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ մեր հայաստանյան իրականությունը դժվարությունների շարան է: «Երեւի դրանում է մեր երջանկությունը, որ կարողանում ենք դրանք հաղթահարել»,- ասում է նա՝ համեմատություն անցկացնելով այլ երկրների հետ, որտեղ ապրող մարդիկ ավելի դեպրեսիվ են, որովհետեւ դժվարությունների չեն դիմանում, բոլորը հոգեբան ու հոգեբույժ ունեն:

«Մեր իրականությունում կարող է կողքից գալ մի հզոր ուժ՝ զգալով, որ դու խանգարում ես իրեն, եւ փորձի ազդել քո վրա: Օրինակ՝ ինչ-որ մեկը մի օր եկավ ու ասաց ինձ՝ այս ցեխդ պիտի փակես, դու չես տեսնո՞ւմ՝ խանգարում ես: Իր ոճով ես սկսում հետը խոսել, հետո բացատրում ես, որ ամեն մի հարվածի համար կա հակահարված: Ես այդ մարդուն ասացի՝ բոլորիս մեջ էլ գոնե մի հինգ լիտր արյուն կա, ինչքան ես ունեմ կորցնելու բան, այդքան էլ դուք ունեք»,- ասում է պարոն Սաֆարյանը:

Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանում բիզնեսի զարգացման համար շատ ավելի լավ կլիներ, որ պետությունը գոնե չխանգարեր, սակայն նկատում է, որ համակարգն այնպիսին է, որ միշտ խոչընդոտներ են առաջանում բիզնեսով զբաղվողների համար: Այդքանով հանդերձ՝ պարոն Սաֆարյանը գիտի՝ երբեք չի լքի երկիրը, անկախ եղած դժվարություններից:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930