Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ կախված է ներքին պահանջարկից

Հունիս 04,2015 16:00

Ըստ փորձագետ Մարթա Այվազյանի՝ նաեւ սրանով է պայմանավորված
ԵՄ ջանքերի ինտենսիվությունը եւ արդյունավետությունը

– «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները «նոր ճանապարհ են բացում ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության համար»՝ օրերս Երեւանում հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Ռիգայում Հայաստանի մասով առանձին փաստաթուղթ չստորագրվեց, բայց հնչում են գնահատականներ, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել՝ ընդհուպ մինչեւ նոր համաձայնագրի ստորագրում: Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:

– Նոր համաձայնագրի հնարավորություն, իհարկե, կա: ԵՄ-ն, առաջնորդվելով իր ներգրավման քաղաքականության սկզբունքով, միշտ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Ներկայումս համագործակցությունը կարող է շարունակվել նորացված, հնարավոր է վերանվանված, բայց էությամբ նույն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում, որը գործել է 1999թ.-ից, որի հիմնական ուղղությունները կմնան ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, կառավարման եւ դատաիրավական համակարգերի բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի դեմ եւ այլն: Հնարավոր է նաեւ առանձին համաձայնագրերի կամ պայմանագրերի ստորագրում ըստ ոլորտների:

Փոքր քայլերով առաջ ընթանալու ձեւաչափը ԵՄ ներգրավման քաղաքականության հիմնական ձեւաչափն է, եւ ստեղծված իրավիճակում ԵՄ-ն Հայաստանի հետ իր հարաբերություններում շարունակելու է առաջնորդվել այդ սկզբունքով` աշխատելով հնարավորինս պահպանել իր ներկայությունն ու ազդեցությունը Հայաստանում եւ հասնել առաջընթացի այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է: Բայց այդ քաղաքականության հաջողությունը, ԵՄ ջանքերի ինտենսիվությունը եւ արդյունավետությունն այդ ուղղությամբ կախված նաեւ են մեր ներքին պահանջարկից, Հայաստանի հասարակությունում եւ քաղաքական դաշտում ԵՄ-ի համար վստահելի, իրենց խոսքի եւ գործի համար պատասխանատվություն կրող գործընկերների առկայությունից: Ամեն դեպքում նոր համաձայնագրի ստորագրումը ողջունելի քայլ կլինի եւ հնարավորություն կտա մեզ պահպանել ԵՄ-ի հետ համագործակցությունը որոշակի մակարդակում:

– Թե Հայաստանի իշխանությունների, թե արդեն եվրոպացի դիվանագետների ու պաշտոնյաների հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը խոչընդոտ չէ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրելու հարցում, նույնիսկ խոսակցություններ կան, որ տնտեսական բաղադրիչ էլ կարող է համաձայնագիրը պարունակել: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ԵՏՄ-ին անդամակցության պայմաններում ԵՄ-ի հետ Հայաստանի առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները, հնարավո՞ր է այս հարցում ընդհանուր հայտարարի գալ:

– Ցանկության դեպքում, իհարկե, կարելի է ընդհանուր հայտարարի գալ եւ գտնել բոլոր կողմերի համար ընդունելի համագործակցության ձեւակերպում՝ ներառելով դրա մեջ նաեւ սահմանափակ տնտեսական բաղադրիչ: Սակայն որոշակի հաջողության հասնելու համար անհրաժեշտություն կա համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի իրականացման եւ արդյունավետության նկատմամբ ԵՄ-ի կողմից ավելի էֆեկտիվ, համակարգված եւ խիստ վերահսկողության հաստատման:

– Սերժ Սարգսյանի եւ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հանդիպմանը վերջինս ողջունել էր Հայաստանի՝ Եվրասիական միության եւ ԵՄ միջեւ կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարեւոր հարթակ: Հայաստանը, Ձեր կարծիքով, այս դաշտում անելիք ունի՞, կարո՞ղ է տարածաշրջանային «խաղացողի» դեր ստանձնել, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքը այս փուլում բավական բացասական է:

– Ինձ համար այդ հայտարարություններն առարկայական չեն հնչում եւ կրում են ավելի շուտ հռչակագրային բնույթ: Նախ՝ միջազգային հարթակում, տարածաշրջանում իրական «խաղացողի» դեր ստանձնելու համար անհրաժեշտ է լինել հնարավորինս անկախ եւ ինքնիշխան պետություն, ինչը, ցավոք, չի վերաբերվում ներկայիս Հայաստանին, եւ Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքի բացասական վերաբերմունքը ամենեւին չի լրացնում այդ բացը: Ապա՝ պարզ չէ, թե արդի աշխարհաքաղաքական պայմաններում եւ Հայաստանի՝ ՌԴ-ից բացարձակ կախյալ վիճակում ինչպես կարող է կայանալ, ինչ բովանդակություն ունենալ, ինչ նպատակների կարող է ծառայել այդ «կամուրջը», եւ արդյոք այդ դերակատարումը, եթե այն որեւէ ձեւաչափով կայանա, կլինի՞ ի նպաստ Հայաստանի շահերի, թե՞ ոչ, արդյոք ՀՀ-ն կկարողանա՞ ճիշտ օգտագործել այն:

Դժվար է ենթադրել, որ Եվրասիական միությունը, իսկ ավելի ճիշտ՝ Ռուսաստանը եւ ԵՄ-ն իրենց հարաբերություններում Հայաստանի նման կամրջի կամ հարթակի կարիքն ունեն: Իսկ եթե խոսքը ԵՄ համագործակցության շրջանակներում ՌԴ-ի շահերը սպասարկելու մասին է՝ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ այս գագաթնաժողովի ընթացքում, երբ Հայաստանը Բելառուսի հետ միասին առարկեցին գագաթնաժողովի հռչակագրում ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցման վերաբերյալ դրույթներին, ապա հազիվ թե նման դերակատարումն ի նպաստ լինի ՀՀ շահերին եւ բարձրացնի Հայաստանի վարկանիշը միջազգային հարթակում: Մինչդեռ ակնհայտ է, որ ազգային շահերով առաջնորդվելու եւ անկախ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը եւ պատմական կապերը, կարող էր դառնալ իրական կամուրջ կամ համագործակցության կարեւոր հարթակ ԵՄ-ի եւ մեր տարածաշրջանի մի շարք պետությունների, մասնավորապես՝ Իրանի միջեւ: ՀՀ-ն մշտապես հետաքրքրություն է ներկայացրել եւ Արեւմուտքի, եւ Իրանի համար այս տեսանկյունից, եւ մեր՝ նման դերակատարումը միանշանակորեն փոխշահավետ կլիներ բոլոր երեք կողմերի համար:
– Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ Ադրբեջանը ԵՄ-ին զիջումներ է արել` ստորագրելով Ռիգայում տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագիրը: Իսկապե՞ս դա կարելի է զիջում համարել եւ հայկական կողմի համար ձեռքբերում այն, որ ԼՂ-ի վերաբերյալ կետում չնշվեց հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից Ադրբեջանի ամենանախընտրելին` «տարածքային ամբողջականությունը»:

– Նախ՝ գագաթնաժողովի հռչակագրի մասին՝ առ այսօր կայացած «Արեւելյան գործընկերության» չորս գագաթնաժողովներից եւ ոչ մեկի հռչակագրում չի եղել մասնավոր հղում հակամարտությունների կարգավորման հիմնարար սկզբունքներից որեւէ մեկի վրա: Բոլոր չորս հռչակագրերում օգտագործվել է «հակամարտությունների խաղաղ կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա» ընդհանրական ձեւակերպումը: Այնպես որ՝ այս առումով ես չեմ տեսնում ոչ զիջում եւ ոչ էլ որեւէ ձեռքբերում:

Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ ՌԴ կողմից Ղրիմի բռնակցումից հետո տարածքային ամբողջականության սկզբունքը ավելի մեծ կշիռ ու հնչեղություն ձեռք բերեց միջազգային հարթակում: Այս տեսանկյունից հնարավոր է, որ ադրբեջանական կողմը ունեցել է ավելի մեծ ակնկալիքներ իրենց համար ցանկալի ձեւակերպումներին հասնելու առումով: Որոշակի ազդեցություն է ունեցել նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված խնդիրների բարձրաձայնումը ԵՄ կողմից: Սակայն ես ավելի հակված եմ մտածել, որ Ադրբեջանի պահվածքը գագաթնաժողովի ընթացքում պետք է դիտարկել նաեւ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների խորացման ենթատեքստում:

– Այս օրերին քննարկվում է Ադրբեջան-Արեւմուտք լարվածության հարցը, եւ կարծիքներ են հնչում այն մասին, որ պետք չէ ուրախանալ անկանխատեսելի Ադրբեջանով: Ադրբեջանի իշխանությունների կողմից «անկանխատեսելիությո՞ւն» է, թե՞ պարզապես բոլոր երկրներին ու կառույցներին ԼՂ հարցում որոշակի «շանտաժի» ենթարկելու ավանդական դարձած քաղաքականություն է սա:

– Ցանկացած անկանխատեսելի պետություն վտանգ է ներկայացնում ոչ միայն իր հարեւանների համար, այլեւ կարող է վտանգել միջազգային անվտանգությունը եւ կայունությունը: Միջազգային համագործակցության շրջանակները եւ ինստիտուտները կոչված են նաեւ համակարգելու միջազգային հարաբերությունները կառավարելով եւ հնարավորինս կանխատեսելի դարձնելով պետությունների վարքագիծը: ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակից, Արեւմուտքի ազդեցության լծակներից ու վերահսկողությունից դուրս գտնվող Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար: Նույնը հավասարապես վերաբերում է նաեւ Թուրքիային, որի չկայացած անդամակցությունը ԵՄ-ին նպաստավոր կլիներ Հայաստանի համար: Սա նաեւ առանձնահատուկ կարեւորություն է ստանում Հարավային Կովկասում իսլամական ծայրահեղականության հնարավոր տարածման վտանգի նվազեցման տեսանկյունից:

Այնպես որ՝ Ադրբեջան-Արեւմուտք լարվածությունը, որն, իմ կարծիքով, ոչ թե անկանխատեսելիության, այլ Ադրբեջանի հաշվարկված քաղաքականության դրսեւորումն է, ներկայիս իրավիճակում ուրախանալու որեւէ առիթ չի տալիս: Ավելին՝ այս իրավիճակը Հայաստանի համար շատ մտահոգիչ եւ վտանգավոր պետք է գնահատվի, մասնավորապես՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակի համագործակցության ինտենսիվության եւ խորացման պայմաններում, նրանց ստվերային, Հայաստանի կենսական շահերը եւ ԼՂ-ի անվտանգությունը վտանգող հնարավոր պայմանավորվածությունների տեսանկյունից:
Պետք է նաեւ նշեմ, որ այս վտանգներին դիմակայելու գործում Հայաստանի հնարավորինս վստահելի եւ պատմական դաշնակիցը մեր տարածաշրջանում Իրանն է, միակ պետությունը, որի շահերը այս հարթությունում համընկնում են ՀՀ շահի հետ, եւ որն ունակ է ոչ միայն հավասարակշռել, զսպել երկու թուրքական պետություններին եւ խոչընդոտել մեր տարածաշրջանում նրանց ագրեսիվ քաղաքականությանը, այլ նաեւ որոշ չափով չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930