Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրապետյանի կազմակերպության դեմ քրեական գործ է հարուցվել

Հունիս 04,2015 15:00

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել շինարարական բիզնեսում հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» եւ Մայրապետյանի հետ համագործակցող՝ անշարժ գույքը գնահատող «Անիկոմ» ընկերությունների դեմ: Ըստ քննչական կոմիտեի հարուցած գործի՝ այս ընկերություններն առանձնապես խոշոր չափերի վնաս են պատճառել Երեւանի բնակիչ Ալֆրեդ Կզարթմյանին:

Մայրապետյանը, Ալֆրեդ Կզարթմյանի պատմելով, փորձում է իրեն այսպես ասած՝ «քցել», այն էլ մոտ 100 միլիոն դրամի չափով:

Երբ Պուշիկինի 4 հասցեն բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվեց, այստեղ կառուցապատող հայտնվեց Մայրապետյանի «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, ապա նրա հետ երկար տարիներ համագործակցող «Անիկոմ» գնահատող կազմակերպությունն էլ սկսեց այս հասցեի անշարժ գույքը գնահատել՝ բնակիչներին փոխհատուցելու համար:
«Առավոտի» հետ զրույցում Ալֆրեդ Կզարթմյանը պատմեց, որ «Անիկոմ» ընկերությունն իր ամբողջ անշարժ գույքը 2011 թվականին գնահատել է մոտ 200 հազար դոլար: Մինչդեռ փորձաքննությունների ազգային բյուրոն Կզարթմյանի միայն 207.2 քմ եռահարկ տունը գնահատել է 300 հազար դոլար, իսկ այդ հասցեի հողատարածքի 1 քմ-ը՝ 1500 դոլար:
«Բավական չէ՝ իմ տան արժեքից մոտ 60 հազար դոլար պակաս են գնահատել, դեռ մի բան էլ «Անիկոմի» գնահատման հաշվետվությունում մի տող չկա իմ 180 քմ հողատարածքի մասին: Սա բացահայտ թալան է»,- ասաց Կզարթմյանը, որը հիմա պայքարում է իր անշարժ գույքին համարժեք փոխհատուցում ստանալու համար:

Այս առնչությամբ պարոն Կզարթմյանը դիմել էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որն էլ գործն ուսումնասիրելով ու գտնելով, որ առկա է հանցակազմ՝ նյութերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե:
Հիմա Քննչական կոմիտեն է զբաղվում այս գործով: Ընդ որում, ինչպես քննիչի որոշման մեջ արձանագրվել ու պարզվել է, անշարժ գույքի գնահատման գործընթացի ժամանակ «Անիկոմ» ՍՊԸ-ի տնօրեն Պյոտոր Գրիգորյանն ու գնահատման մասնագետ Գեւորգ Ստեփանյանը իրենց լիազորություններն օգտագործել են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի օգտին: Բացի այս, ըստ քննիչի՝ նույն անձինք առանց համապատասխան հետազոտություններ կատարելու՝ տարածքի սեփականատերերի քանակի վերաբերյալ կեղծ տվյալներ են մտցրել անշարժ գույքի գնահատման հաշվետվությունում: Այս հաշվետվությունում «Անիկոմի» ներկայացուցիչները արձանագրել են Կզարթմյանի սեփականության իրավունքով պատկանող միայն 207.2 քմ եռահարկ տան արժեքը ու չեն ներառել նույն իրավունքով վերջինիս պատկանող շուրջ 93.2 միլիոն դրամ արժողության 180 քմ հողատարածքի արժեքը: Այս ամենի արդյունքում, ըստ քննիչի, Կզարթմյանին պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ալֆրեդ Կզարթմյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Պուշկինի 4 հասցեում 702.6 քմ տարածքում 4 համասեփականատեր են, որոնցից մեկն ինքն է. «Իսկ «Անիկոմը» այդտեղ արձանագրել է 7 համասեփականատեր, որպեսզի չեղած ու կեղծ համասեփականատերերի հաշվին իմ փոխհատուցման արժեքը նվազեցնեն: Այսինքն՝ իրենք այդպես են անում, որ իմ 180 քմ հողատարածքից 80 քմ-ը կորի, իբր թե 100 քմ-ն էլ շինության մեջ ներառեն»:

Այս քրեական գործի շրջանակներում արդեն 2 անգամ առերեսում է եղել: Պարոն Կզարթմյանի պատմելով՝ առաջին առերեսման ժամանակ «Անիկոմի» տնօրենն իր փաստաբանի հորդորով որեւէ հարցի չի պատասխանել. օրինակ՝ քննիչը հարցեր ուղղեց, թե ինչո՞ւ է «Անիկոմը» 7 սեփականատեր ներառել հաշվետվությունում, ինչո՞ւ 180 քմ հողատարածքը չեն գնահատել. «Քննիչն ինձ էլ հարցրեց, թե ես ինչո՞ւ եմ խոչընդոտել «Անիկոմին» գնահատման ժամանակ, ինչի պատճառով նրանք տունս դրսից են գնահատել. այսպիսի տեղեկատվություն «Անիկոմն» է իր հաշվետվության մեջ գրել, իսկ ես պատասխանեցի՝ ես որեւէ մեկին չեմ խոչընդոտել»: Երկրորդ առերեսման ժամանակ էլ, ինչպես Ալֆրեդ Կզարթմյանը պատմեց՝ «Լոկալ Դիվելոփըրզի» կամ ավելի կոնկրետ՝ Մայրապետյանի տեղակալն էլ ընդունեց, որ Կզարթմյանի կողմից որեւէ խոչընդոտում չի եղել, Մայրապետյանի տեղակալը նաեւ ընդունել է, որ Պուշկինի 4 իրացման տարածքում իրականում 4 համասեփականատեր են, իսկ գրվել է 7՝ գնահատողի սխալի պատճառով, իբր շփոթմունք է տեղի ունեցել»:

Կարծես քննչական կոմիտեում գործի քննությունը օբյեկտիվ է ընթանում, սակայն Կզարթմյանը կասկածներ ունի, որ վերջում որոշում կկայացվի հօգուտ Մայրապետյանի:
«Չեմ կարծում, որ Մայրապետյանն այդքան հեշտ հանձնվի ու հրաժարվի ինձ հասանելիք մոտ 200 հազար դոլար փոխհատուցումից»,- ասաց պարոն Կզարթմյանը:
Մինչ քննչական կոմիտեում կպարզեն՝ ով է ճիշտ, ով՝ սխալ ու մեղավոր, Կզարթմյանը մտավախություն ունի, որ շաբաթն ուրբաթից շուտ կգա: Սամվել Մայրապետյանի «Լոկալ Դիվելոփըրզը» դիմել է դատարան Պուշկինի 4 հասցեի օտարման եւ բնակիչների վտարման հայցով. դատական նիստը հուլիսի 15-ին է լինելու: Կզարթմյանը հարց է բարձրացնում՝ «Եթե մինչեւ քննչականի որոշումը դատարանը վճռի մեզ վտարել տարածքից, ու գործընթացը սկսվի, ու դրանից հետո միայն քննիչը որոշի, որ «Լոկալ Դիվելոփըրզն» ու «Անիկոմը» կեղծիք են արել, նրանց պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնի, գործն էլ ուղարկի դատարան, ո՞վ է պատասխան տալու: Այդ ժամանակ ես վտարված կլինեմ, փոխհատուցման իրական արժեքի միայն կեսը ստացած կլինեմ, ու որեէ մեկը պատասխանատվություն չի կրի: Չնայած ես չեմ պատրաստվում հանձնվել. եթե նման բան լինի, ես Եվրադատարան եմ դիմելու, ու հաշվի առնելով իրացման գոտու մի քանի բնակիչների օգտին կայացրած Եվրադատարանի որոշումը՝ վստահ եմ՝ ես եւս կհաղթեմ: Իսկ այդ ժամանակ Մայրապետյանի փոխարեն ՀՀ կառավարությունը պիտի պետբյուջեից գումար տա: Գուցե Մայրապետյանը միտումնավո՞ր է այսպես անում, չգիտեմ: Քննչական կոմիտեի հետ էլ առանձնապես հույսեր չեմ կապում, քանի որ Մայրապետյանը մի շարք ազդեցիկ ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ մտերիմ է, իր կառուցած շենքերում նրանք բնակարաններ ունեն, միասին հարսանիքների են մասնակցում, սուրճ են խմում, ճաշում, այնպես որ՝ նրա ձեռքերն ամենուր հասնում են, բայց ոչ՝ Եվրադատարան: Մեր հասցեի բնակիչների փաստաբաններն էլ հենց տեսնում են Մայրապետյանի դեմ է հայցը, զգուշացնում են՝ հաղթելու հնարավորություն գրեթե չկա»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930