Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթը օբյեկտիվության գրավականներ ունի

Հունիս 04,2015 13:00

Ըստ Արմեն Սմբատյանի, խաչատրյանական մրցույթի կազմկոմիտեի
եւ հոգաբարձուների խորհրդի ներկայացուցչական կազմը դա է փաստում

«Հայաստանն ունի զգալի ներդրում համաշխարհային մշակութային ժառանգության ոսկե ֆոնդում: Նրա նյութական եւ ոչ նյութական արժեքներից Հաղպատի ու Սանահինի վանքերը, Էջմիածնի տաճարը, Սուրբ Հռիփսիմե եւ Գայանե եկեղեցիները, Զվարթնոցի հնագիտական հուշարձանը, Գեղարդի վանքը, Վերին Ազատ գետը, հայկական դուդուկն ու խաչքարերն արդեն ընդգրկված են համաշխարհային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում: Այս ողջ գեղեցկության մասին խոսելիս արդյո՞ք ճիշտ կլինի չհիշատակել Կոմիտասի, Սայաթ-Նովայի եւ Խաչատրյանի երաժշտությունը կամ Սարյանի ու Մինասի կտավները, Փարաջանովի արվեստը, Չարենցի ու Սարոյանի ստեղծագործությունները»,- «Առավոտի» հետ զրույցում «մենախոսեց» կոմպոզիտոր, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը (լուսանկարում), ում հետ հանդիպել ենք Ազգային օպերային թատրոնում՝ հունիսի 6-ին մեկնարկող Արամ Խաչատրյանի անվան միջազգային 11-րդ մրցույթի առիթով:

Հիշեցնենք, որ Արմեն Սմբատյանը խաչատրյանական մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Մեր զրուցակիցը նշեց, որ Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին մասնակից երաժիշտների համար նման լայնածավալ միջոցառումը դարձել է նոր քայլ երաժշտական Օլիմպոսի նվաճման ճանապարհին եւ կատարողական արվեստի բարելավման հարթակ, որն ապահովում է մասնակիցների բազմազգ միջավայրում շփման այնքան անհրաժեշտ կենսափորձը: Պարոն Սմբատյանը հատկապես ոգեւորված է, որ տարեցտարի մրցույթին մասնակցելու հայտերը ավելանում են: «Այս տարի մրցելույթներով հանդես կգա 17 երկրից (Ռուսաստան, Չինաստան, Ղազախստան, Էստոնիա, Կորեա, Բելառուս, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Վենեսուելա, Իտալիա եւ այլն) 28 ջութակահար: Վերջիններս ընտրվել են 60 դիմորդից՝ նախնական ունկնդրումների արդյունքում: Ժյուրին կգլխավորի ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը, իսկ աշխատանքներին կմասնակցեն վեց ճանաչված անուններ՝ Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Վլադիմիր Լանցմանը (Կանադա), Ինո Միրկովիչը (Խորվաթիա), Պաոլո Պետրոչելին (Իտալիա), Իգոր Պետրուշեւսկին (Մեծ Բրիտանիա) եւ Թոնգ Վեիդոնգը (Չինաստան)»,- հայտնեց Արմեն Սմբատյանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահը կանխելով հարցը, թե ցանկացած, նույնիսկ հեղինակավոր մրցույթների արդյունքներից մշտապես լինում են դժգոհություններ, ասաց, թե ժյուրիի համար շատ դժվար է լինելու, քանի որ մրցույթին մասնակից արվեստագետներից շատերն արդեն հասցրել են ճանաչվել հենց տարբեր նման միջոցառումների շնորհիվ: Նա առանձնացրեց Սերբիայից Իվա Միլետնիկին, որը 12 միջազգային մրցույթների դափնեկիր է: Իսկ խաչատրյանական մրցույթի կազմկոմիտեի եւ հոգաբարձուների խորհուրդը, որում ընդգրկված են ճանաչված անուններ, այդ թվում՝ Վալերի Գերգիեւը, Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ մշակույթի նախարարը, Երեւանի եւ Թբիլիսիի կոնսերվատորիաների, Լոնդոնի երաժշտական ակադեմիայի ռեկտորները եւ այլն, ի վերջո մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է ՀՀ նախագահի տիկինը, մեր զրուցակցի հավաստիացմամբ, մրցույթի օբյեկտիվության երաշխավոր են: Հավելեց նաեւ, թե Խաչատրյանի մրցույթը միջազգային երաժշտական մրցույթների ֆեդերացիայի անդամ է (WFMC), որի ընտանիքում այնպիսի մրցույթներ են, ինչպիսին Չայկովսկու, Եղիսաբեթ թագուհու, Մոնրեալի եւ մյուս ճանաչված մրցույթները:

Արմեն Սմբատյանը հաստատեց մեզ հասած լուրը, թե այս տարի երրորդ փուլում Խաչատրյանի կոնցերտից բացի, ընդգրկված է նաեւ Մոցարտի որեւէ կոնցերտ: «Այդ կարգը սահմանված է WFMC-ի կողմից եւ պարտադիր պայման է բոլոր մրցույթներում: Իսկ ինչու հատկապեմ Մոցարտի կոնցերտներից, քանի որ ավստրիացի կոմպոզիտորի ստեղծագործությունները միայն առաջին հայացքից կարող են թվալ դյուրամարս»,- մանրամասնեց պարոն Սմբատյանը: Հայտնեց նաեւ, թե մրցույթին այս տարի կմասնակցի երկու նվագախումբ՝ Հայաստանի պետական երիտասարդական եւ Ազգային օպերային թատրոնի, դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Ռուբեն Ասատրյանի եւ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930