Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շատ սրտնեղված է, որ իր հայտնի կոչը սփյուռքահայերին, որ բերեք ամեն մեկդ 1000 դոլար դրեք մեր բանկերում, այդպես սվիններով է ընդունվել:
Aravot.am-ի հետ զրույցում նա իր վրդովմունքը հայտնեց, թե այդ ի՞նչ մի սխալ բան է ասել, որ լրագրողները դարձրել են Հայոց հարցը. «Ասում եմ՝ բերեք գումարներ դրեք բանկերը, տոկոս ստացեք, մենք էլ հարստանանք, դա դառնում է լրագրողների կողմից անհասկանալի աղմուկի առարկա: Ինչի՞ են աղմկում, ի՞նչ մի անտրամաբանական, ի՞նչ մի անճիշտ բան է ասված: Շա՛տ ճիշտ բան է ասված: Բոլոր մտածող մարդիկ ասում են՝ շատ ճիշտ բան է ասում, բերեք դնենք, տոկոս կունենանք: Կանադայում «Հորիզոն» թերթի խմբագիրն ասաց՝ տիկի՛ն Հակոբյան, ինձ դա ասել եք դեկտեմբերի ամսին, արդեն հաշիվ եմ բացել, տոկոսներ եմ ստանում, ասել եք՝ տուն առեք, գնացել եմ՝ տուն եմ առել ու ձեզանից շատ շնորհակալ եմ:
Երբ դու առաջարկներ ես անում, այդ մարդիկ մտածում են: Կարող է 100 առաջարկ անես, թեկուզ 10-ն էլ ընդունվի՝ շատ լավ է: Կարող է 5 առաջարկ անես, բայց 1000 հոգի ընդունի, 10 հազարը չընդունի՝ էլի շատ լավ է: Ինչպես ասում են՝ բա ինչ-որ տեղից պետք է սկսել, ինչ-որ մի բան պետք է անել: Հիմա եթե այսօր իմ ձեռքերը ծալեմ ասեմ՝ հա դե գնում են, դա իմ գործը չի, չի՛ կարելի ախր: Ամեն մարդ պետք է մի քիչ քաղաքացիական խիզախություն ունենա, մի քիչ հայրենասիրություն պիտի ունենա, որ ինչ-որ ձեւով օգտակար լինի: Մեր նախարարությունն առավոտից իրիկուն դռները բաց բոլորին լսում է, բոլորին ընդունում է, բոլորին ուզում է ոգեւորել»:
Հետո տիկին Հակոբյանն անդրադարձավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դիտարկմանը, որ շատ սիրուն խոսում եք, բայց կարծես ուրիշ աշխարհից լինեք. «Արամ Մանուկյանն ասում է՝ վատ ես խոսում: Բա ի՞նչ անեմ, ասեմ հայրենիքից գնացե՞ք: Իմ գործը հայրենիք կանչելն է, ոչ թե հակառակը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հավատի խնդիր է: ՀՀ իշխանությունները հավատ չեն ընծայում: Այդ նույն բանկերը, որ սնանկացնում եմ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, հանկարծ կարող են լավը դառնալ արտերկրի հայությա՞ն հանդեպ: