Լրահոս
Օրվա լրահոսը

«ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության դիրքորոշումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին

Հունիս 03,2015 20:43

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` վարչախմբի հերթական տհաճ անակնկալն էր հասարակության համար: Հասարակություն, որի մոտ կեսը, ըստ պաշտոնական տվյալների, աղքատության եզրին է, էլեկտրոէներգիայի առանց այն էլ բարձր սակագնի 40 % բարձրացումը, միայն տնտեսական ու սոցիալական խնդիրներ չի առաջացնելու:

Վարչախմբի նման գործելաոճը հասարակության համար նորություն չէ, մասնավորապես` 1998թ Ռ. Քոչարյանի նախաձեռնությամբ առանց տնտեսական հիմքերի 1 կ/վտ էլեկտրոէներգիայի սակագինը 15 դրամից բարձրացվեց 25 դրամի, իսկ մեկ տարի անց էներգետիկ համակարգը վաճառվեց օֆշորային գոտում գրանցված կազմակերպությանը, այնուհետև այն վերավաճառվեց և արդյունքում յուրացվեց մի քանի տասնյակ միլիոն դոլար: Այն ժամանակ ԱԺ-ում «Հայրենիք» պատգամավորական խումբը ներկայացրեց հաշվարկներ, որով հիմնավորվում էր, որ էներգետիկ համակարգը միջինից բարձր շահույթով կաշխատի 1 կվտ էներգիայի սակագինը 16 դրամի դեպքում և մյուս առաջարկը, որ ներկայացվեց` էներգահամակարգի սեփականաշնորհման դեպքում բարձրավոլտ ու բաշխիչ ցանցերը պետք է առանձին սեփականաշնորհվեն: Փաստ է, որ եթե այն ժամանակ ականջալուր լինեին, ապա այսօրվա վիճակը չէր լինի:

Հիմա կրկնվում է նույնը, ըստ տարածված լուրերի հայտնի է էլեկտրական ցանցերի նոր սեփականատերը, որը Հայաստանի վերջին ընտրությունների ժամանակ մեծ ֆինանսական ներդրում է կատարել և ահա եկել է ժամանակը փոխհատուցելու ի հաշիվ ժողովրդի:

Ավանդույթ է դարձել, որ վարչախումբը հակաժողովրդական գործարքները իրականացնում է այն ժամանակ, երբ հասարակությանը նախապես ծրագրավորված հասցնում են անտարբերության և հուսալքության, այդպես կատարվեց 1998թ կեղծված նախագահական ընտրություններից հետո, 2012 թ` երբ կազմաքանդվեց ՀԱԿ-ը, բացահայտվեց այսպես կոչված գազի գործարքը, հիմա էլ վարչախումբը շուրջ երկու տարի ուռճացրեց ոչ իշխանական քառյակ-եռյակ փուչիկը, ու մեկ օրվա ընթացքում ոչնչացնելով, շրջանառության մեջ դրեցին էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացումը:

Ուսումնասիրելով էլեկտրոէներգիայի սակագնի բաղադրիչները և տնտեսական հիմնավորումները նաև հաշվի առնելով, որ Հայաստանում արտադրվող էլեկտրոէներգիայի մոտ 1/3 արտադրում է ատոմակայանը, իսկ 1/3` հիդրոէլեկտրակայանները, որոնց արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը չի կարող գերազանցել 8-12 դրամ, հիմնավորված է, որ էներգետիկ համակարգը բարձր շահույթով կարող է աշխատել 1 կվտ էներգիայի սակագինը 32 դրամով:

Աշխարհում ամենաբարձր էլեկտրաէներգիայի սակագնի հիմքում, իհարկե, դասական առումով կոռուպցիոն գործոնն է, ինչու ոչ նաև հայկական տարբերակով թալանը բառի ուղղակի իմաստով` հատկապես էլեկտրոէներգիայի կորուստների, համակարգված կազմակերպված իդեալական գործող մեխանիզմն է, և հաջորդը` ներդրումների զգալի մասը իրականացվում է թղթի վրա: Ասվածի հիմնավորումն է էներգահամակարգի միջինից բարձր չինովնիկների մինի օլիգարխներ հանդիսանալը:

Իրավապահ համակարգը, հատկապես դատախազությունը, պարբերաբար նախաձեռնում և քրեական գործեր է հարուցում էներգահամակարգի ապօրինությունների մասով, որի նախադեպը 1993-95 թթ հայտնի մազութի գործն էր և այդ գործով զբաղվող քննչական խմբի ղեկավարը դարձավ այն ժամանակվա մեծահարուստը և նույն գործելաոճով նա իշխող կլանի իրավապահ համակարգի թիվ մեկ օլիգարխն է:

Հաշվի առնելով Հայաստանում գործող ավանդույթը, որ առանց Բաղրամյան 26-ի գիտության, որևէ հարց չի նախաձեռնվում, առավել ևս էլեկտրաէներգիայի սակագնի հերթական ռեկորդային բարձրացման հայտը, այնուամենայնիվ այս վիճակի պատասխանատուն նաև այսպես կոչված այն քաղաքական ուժերն են, որոնք բացահայտ կամ ստվերային համագործակցել, աջակցել ու շարունակում են աջակցել ռեժիմին, պատասխանատու են բոլոր նրանք, որոնք իրենց մտավորական հորջորջելով, պետականամետության կարգախոսի քողի տակ, լուծելով անձնական խնդիրները, շղարշ են ձևավորել վարչախմբի համար, պատասխանատու են նաև այն քաղաքացիները, որոնք համապետական ընտրություններին, վերցնելով 5-10 հազար դրամ, գնում են ընտրատեղամաս, որով հնարավորություն ընձեռում վարչախմբին ցինիկ ձևով ընտրությունները թվանկարչությամբ կեղծելու և շարունակել հոշոտել երկիրն ու կազմաքանդել պետությունը:

«ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության

քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930