Անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի այսօր տեղի ունեցած հանդիպմանը՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի համայնքի նախագահ Բայրամ Սաֆարովը մեղադրել է միջազգային կազմակերպություններին հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կիրառած երկակի չափանիշների եւ ոչ հստակ դիրքորոշման համար:
«Հակամարտությունը պետք է կարգավորվի հինվելով միջազգային իրավունքի նորմերի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքներով: Մենք ակնկալում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ամուր դիրքորոշումը»,- «Azernews»-ի փոխանցմամբ` ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Սաֆարովն ասել է, որ Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ Հայաստանին մեղադրել է «ոչ կառուցողական դիրքորոշման, միջազգային իրավունքը ու համանախագահ երկրների ղեկավարությունների հայտարարություններն անտեսելու համար»:
Նա ընդգծել է, որ եթե հակամարտությունը չկարգավորվի միջազգային իրավունքի շրջանակներում, այս տարածաշրջանի իրավիճակն ավելի կբարդանա. «Ադրբեջանը կողմ է խաղաղությանը եւ մենք խաղաղություն ենք ուզում մեր երկրում, Հարավային Կովկասում եւ աշխարհում»:
Կարդացեք նաև
Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ ավելացրել է, թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ այնտեղ ապրող հայերի բարձր կարգավիճակը Ադրբեջանի կազմում. «Մենք պատրաստ ենք այդ հայերի հետ որպես Ադրբեջանի քաղաքացիներ միասին ապրել»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ