«Արտ ֆեստն» արդեն 3 տարեկան է: Երիտասարդական հանրապետական փառատոնն այս տարի մեկնարկել է մայիսի 11-ին և կշարունակվի մինչև հունիսի 11-ը:
Ավելի քան 300 երիտասարդ ստեղծագործողներ այս օրերին ներկայացնում են արվեստի տարբեր ուղղություններ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ:
Երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի կինոարվեստի ցուցադրությունները սկսվեցին այսօր և կշարունակվեն մինչև վաղը՝ հունիսի 4-ը: Ֆիլմերը ցուցադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում՝ ժամը 14:30-ից մինչև 18:30-ը: Մուտքն ազատ է:
Կինոարվեստի մասնագիտական հանձնախմբի կազմում են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, կինոօպերատոր Արթուր Ուստյանը և կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:
Կարդացեք նաև
Երկօրյա կինոդիտումների արդյունքում ժյուրին կառանձնացնի լավագույն ֆիլմերը, և հունիսի 11-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա մրցանակաբաշխությունը:
«Ես ընդհանրապես խուսափում եմ ժյուրի կազմում լինելուց, որպեսզի չդատեմ մարդկանց, բայց քանի որ փառատոներն անխուսափելի են, կփորձեմ հավատարիմ մնալ «Ինչ դատով դատես, նույն դատով կդատվես» ավետարանական ճշմարտությանը»,- ֆիլմերի ցուցադրությունից առաջ ասաց Վ. Չալդրանյանը:
Կինոռեժիսորը լիահույս է, որ իրենց՝ ժյուրիի անդամների համար հեշտ կլինի միասին «դատելը», որովհետև կարծում է՝ նույն ճաշակն ունեն:
Դիմելով փառատոնին մասնակցող երիտասարդներին՝ Վ. Չալդրանյանը հավատացրեց նրանց, որ արվեստագետի համար ամենամեծ, ամենաարժեքավոր մրցանակը ժամանակի մրցանակն է. «Իսկ փառատոներն արվում են որպես տոն, մենք էլ փորձում ենք մասնակցել այդ տոներին»,- ասաց կինոռեժիսորը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ