Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) այսօր մեկնարկեց «Ջահուկյանական ընթերցումներ» խորագրով ամենամյա գիտաժողովը, որը կազմակերպվում է 2006 թվականից ի վեր:
Գիտաժողովը, որը նախորդ տարվանից արդեն միջազգային բնույթ ունի, այս տարի նվիրվում է բանասեր, լեզվաբան, հայագետ, ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի 95-ամյա հոբելյանին:
«Յուրաքանչյուր տարի գիտաժողովի ընթացքում 30-40 գիտական զեկուցումներ են հնչում, որոնցում արծարծվում են արդի հայ լեզվաբանությանը հուզող հարցեր, գտնվում կամ առաջարկվում են լուծումներ, կատարվում են քննարկումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:
Հարցին՝ տարիների ընթացքում լեզվի վերաբերյալ քննարկումներն ինչ արդյունք են տվել, որն է եղել գլխավոր ձեռքբերումը, Լեզվի ինստիտուտի տնօրենը պատասխանեց. «Մենք պետք է առաջին հերթին կարողանանք տարբերակել «հայերեն» և «գրական հայերեն» հասկացությունները: Երբ խոսում ենք լեզվի անաղարտության մասին, անշուշտ, պետք է նկատի ունենանք գրական հայերենը, որը կանոնարկված է: Իսկ խոսակցական հայերենում կամ բարբառների նկատմամբ պետք չէ այդքան խիստ լինել, որովհետև դա բնական, կենդանի հաղորդակցություն է: Իհարկե, շատ լավ կլինի, որ ժարգոններից ազատ լինեն լեզվի բոլոր դրսևորումները, բայց երբ գրական լեզու են ներթափանցում անհարկի բարբառայնություններ, ժարգոնային բառեր և այլն, դա արդեն աղավաղում է»:
Կարդացեք նաև
Վերադառնալով «Ջահուկյանական ընթերցումներին»՝ նշենք, որ գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև հունիսի 4-ին և 5-ին Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Զեկուցումներով հանդես կգան շուրջ չորս տասնյակ գիտնականներ:
«Ջահուկյանը միշտ մեզ հետ է ու իր հոգևոր ներկայությամբ ղեկավարում է մեզ,- ողջույնի խոսքում ասաց Վ. Կատվալյանը.- ամեն անգամ, երբ առիթ է լինում խոսել Ջահուկյանի մասին, լեզվաբան Լավրենտի Միրզոյանն ասում է. «Ինձ համար Լեզվի ինստիտուտի տնօրենը միշտ Գևորգ Ջահուկյանն է»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ