Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ռոք երաժշտության սիրահարներն այսօր հնարավորություն կունենան լսելու ոչ միայն «Anathema», այլև «The beautified project» ռոք խմբին:
Համերգը կբացի հայկական ռոք խումբը, որից հետո մոտ երկու ժամ բեմում կլինի բրիտանական «Anathema»-ն:
«Մենք փորձում ենք այնպես անել, որ մեր հայտնի երաժիշտները կարողանան նույն բեմում ելույթ ունենալ նաև համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համերգի կազմակերպիչ «One Production» ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանը:
«The beautified project» խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանն ասաց, որ «Anathema»-ի գործունեությանն սկսել է հետևել 15 տարեկանից. «Ես գնում էի նրանց համերգներին, երբ նրանք դեռ ակումբներում էին նվագում՝ 200-300 հոգու առջև: Տեսել եմ՝ ինչպես է այդ խումբը զրոյից սկսել և հասել համաշխարհային ճանաչման»,- ասաց Ա. Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Խմբի ներկայությունը Հայաստանում ռոք երաժիշտը մշակութային մեծ իրադարձություն է համարում, իսկ նրանց հրավիրելը՝ ռիսկային քայլ. «Շատ ավելի հեշտ է բերել հին, ծեծված անուններ և տոմսերի վաճառքով ապահովել մեծ շահույթներ,- ասում է նա,- իսկ «One Production»-ի արածը մշակութային ներդրման է նման, որը շատ ավելի կարևոր է Հայաստանի համար: Ոչ թե բերենք այն մարդկանց, որոնց հայերը 80-ականներին սիրել են կամ նոստալգիա են ապրում այդ երգերը լսելիս, այլ բերենք այն երաժշտությունը, որն այսօր լսում է աշխարհը»:
Ա. Սիմոնյանն ասում է, որ «Anathema»-ի հետ նույն բեմում ելույթ ունենալն իր համար երազի նման մի բան է, և այդպես էլ կմնա, քանի դեռ չի եղել այսօրվա ելույթը. «Երազային բան կա այս ամենի մեջ, որովհետև ես մեծացել եմ «Anathema» լսելով և այսօր նրանց հետ եմ ելույթ ունենալու, բացի այդ, երբեք չէի պատկերացնի, որ կվերադառնամ հայրենիք, կապրեմ այստեղ և հայրենիքում բեմ կկիսեմ «Anathema»-ի հետ»,- ասաց ռոք երաժիշտը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ