Այսօրվա մամուլի ասուլիսում հնչած արտահայտությանը, թե ազատ ոճայինները Բաքու մեկնում են ոչ ուժեղագույն կազմով, գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հակադարձեց. «Ո՞վ է ձեզ նման բան ասել: Կազմը քիչ առաջ հրապարակեցի: Բաքու մեկնում են մեր այսօրվա ուժեղագույն ըմբիշները՝ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի հաղթող ու մրցանակակիրներ: Գիտե՞ք, թե Հայաստանը աշխարհի քանի չեմպիոն է ունեցել. Արայիկ Գեւորգյան, Արամ Մարգարյան եւ Դավիթ Սաֆարյան: Սա է ընդամենը, դրանից ավելին, պարզապես, չունենք: Այսօրվա դրությամբ այս տղաները մեր ուժեղագույններն են»:
Օրակարգում համառորեն շրջանառվող այս հարցին վերջնական պատասխան տալու նպատակով Aravot.am-ը հետաքրքրվեց՝ եթե հունիսին լիներ ոչ թե Եվրոպական խաղերը, այլ աշխարհի առաջնությունը, նույն կա՞զմն էր մասնակցելու: «99 տոկոսով այս տղաներն են սեպտեմբերին մասնակցելու աշխարհի առաջնությանը, եթե Աստված չանի, վնասվածքներ կամ չնախատեսված այլ հանգամանքներ չլինեն: Թող ներեն ավելի քիչ ինֆորմացված լրագրողները, բայց եթե մտածում եք, թե ուժեղագույն կազմ համարվելու համար պիտի թիմում լինեն միայն աշխարհի չեմպիոններ, նման բան չկա, որովհետեւ, ինչպես ասացի, գործող կամ մարզվող այդքան չեմպիոն չունենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ